Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երիտասարդ ընտանիքների ծրագրերը Կենտրոնական բանկը խափանեց

Հոկտեմբեր 24,2018 14:45

Մեկ տարուց ավելի է՝ հազարավոր երիտասարդ ընտանիքներ համբերատար սպասում են իրենց բնակարանին: Այն պետք է պատրաստ լիներ 2020 թվականի վերջին, այսինքն` երկու-երկուսուկես տարուց: Ընտանիքները փաստաթղթեր են հավաքել, ցուցակագրվել են, հոգեբանորեն ու նյութապես պատրաստվել, վարկեր վերցրել, հարազատների հետ բնակվող ընտանիքներն էլ անգամ բնակարանն են վաճառել, որպեսզի նոր բնակարանի կանխավճարը կարողանան պատրաստել: Այս մեկ տարվա ընթացքում ծրագրի շահառուներից շատերը գումար հավաքելու, տնտեսելու համար զրկանքներ են կրել: Այսինքն` մարդիկ ջանք են թափել` հույս ունենալով տան տեր դառնալ: Նախքան երկրում տեղի ունեցած փոփոխությունները, մոտավոր ժամկետներ էին սահմանված կանխավճարի, շինարարության մեկնարկի եւ այլ գործընթացների համար, ուստի երիտասարդ ընտանիքները դժվարությունների գնով պատրաստվել էին` ակնկալելով մոտ ապագայում սեփական բնակարանն ունենալ:

Նախորդ իշխանությունների օրոք «Մատչելի բնակարաններ երիտասարդ մասնագետներին» ծրագիրն իրականացնում էր պետությունը, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից նախատեսված է եղել վերաֆինանսավորման առանձին վարկային պորտֆել, որի միջոցով իրականացվել է ծրագրերի շահառուների վարկավորումը: Այսինքն` երկրում տեղի ունեցած հեղափոխությունը պետք է որ ապահովեր ծրագրի անխափան շարունակականությունը՝ հատկապես, որ այդքան մեծ թվով շահառու երիտասարդ ընտանիքներ էին ընդգրկված, որոնցից ոմանք բնակարան ունենալու մտքից ոգեւորված՝ նույնիսկ Հայաստանը լքելու մտքից են հետ կանգնել: Սակայն օրերս Կենտրոնական բանկն իր որոշմամբ երիտասարդ ընտանիքների հույսերը պարզապես խափանեց: ԿԲ-ն, կարելի է ասել, նոր կառավարության` «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը, որը վերջերս էր հաստատվել, ուղղակի փաթաթեց արդեն եղած ծրագրի վզին:

Այսինքն` ԿԲ-ն որոշել է, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում։ Երկու ծրագրերն էլ առաջին հայացքից սոցիալական են եւ բնակարանի տեր են դարձնում երիտասարդ ընտանիքներին, սակայն նոր կառավարության ծրագրով սահմանված են այնպիսի չափորոշիչներ, որոնք չեն համապատասխանում նախորդ իշխանությունների օրոք հաստատված ծրագրին: Նախորդն ավելի լավ ու լայն հնարավորություններ է ընձեռում երիտասարդ ընտանիքներին եւ տան տեր է դարձնում նաեւ երիտասարդ մասնագետին, որը, հնարավոր է, ընտանիք չի կարողանում կազմել հենց բնակարանի բացակայության պատճառով: Եթե կյանքի կոչվի նոր ծրագիրը, ապա շահառուների ցանկից ուղղակի դուրս կմնան 300-400 երիտասարդ ընտանիքներ ու ընտանիք կազմելու մտադրություն ունեցող երիտասարդներ:

Նախորդ ծրագիրը, կարելի է ասել, մեր երկրում իրականացված ամենահաջող սոցիալական ծրագիրն է, ինչի արդյունքում մինչ օրս բնակարանի տեր են դարձել ոչ բարձր եկամուտներ ունեցող շուրջ 2300 ընտանիքներ: Այսինքն` այդքան թվով ընտանիքներ իրենց ապագան այլեւս այս երկրի հետ են կապել, եւ նրանցից շատերը չեն փորձել տուն ունենալու համար «խոպաններում» աշխատանք գտնել:
«Վերածնունդ»-ը այս ծրագրի հերթականն էր. այն կառուցվելու է Համալիրի հարեւանությամբ` Մոնթե Մելքոնյան 44 հասցեում: Երկրում տեղի ունեցած փոփոխությունների հետեւանքով ծրագիրն առանց այդ էլ հետ ընկավ իր ժամանակացույցից` սթրեսներ պատճառելով բնակարանի սպասող երիտասարդ ընտանիքներին: Այդուհանդերձ, շահառուները գրեթե կասկածներ չունեին, որ այն հաջողությամբ կիրագործվի` հաշվի առնելով իշխանության անցնցում փոխանցումը եւ ծրագրի սոցիալական լինելը:

Կենտրոնական բանկի որոշումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել շահառուների շրջանում: Նրանք նամակ են պատրաստել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին` հույս ունենալով, որ երիտասարդների խնդիրները առաջնահերթության շարքում դասող Փաշինյանը կմիջամտի, որպեսզի ծրագրի պայմանները վերանայվեն: Հարցն այն է, որ ծրագիրն արդեն կար, եւ մարդիկ անհամբեր սպասում էին շինարարության մեկնարկին, եւ մի հարվածով չեղյալ հայտարարել ու խափանել հարյուրավոր ընտանիքների ծրագրերը պարզապես արդար չէ, էլ չենք ասում` անհարգալից վերաբերմունք «հպարտ» քաղաքացու նկատմամբ:

Ի դեպ, Կենտրոնական բանկը որեւէ կերպ չի մեկնաբանել իր այդ որոշումը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ.Գ. «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի ժամանակ լրագրողները, Նիկոլ Փաշինյանին ներկայացնելով երիտասարդ ընտանիքների դժգոհությունը, հետաքրքրվել էին՝ ինչո՞ւ են փոխվել ծրագրի պայմանները:
«Վրդովվելու անհրաժեշտություն չկա, եթե անարդար է, կնայենք, կշտկենք, կուղղենք»,- ասել էր Փաշինյանը։

«Առավոտ»

24.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Իրոք «Մատչելի բնակարաններ երիտասարդ մասնագետներին» ծրագիրը, որը իրականացվում է ,,ԵՊՀ շրջանավարտների միավորում,, ՀԿ կողմից նախօրդ իշխանության ժամանակ իրականացված հնարավոր է միակ հաջողված խոշոր սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագիրն է, այն էլ երևի ՀԿ-ի ազնիվ և բարեխիղճ ղեկավարի շնորհիվ:
    Բայց այստեղ էլ մուտք գործեցին վերավաճառողներ ,,երիտասարդ մասնագետ,, անվան տակ: Հնարավոր է ԿԲ-ն դրանց դեմն է փորձում փակել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031