Լրահոս
Օրվա լրահոսը

«Անտանելի հիասթափություն եւ սթրեսներ եմ ապրել». Փաշինյանը խոստովանում է՝ որոշ հեղափոխականներ «քանդուքարափ» են եղել

Հոկտեմբեր 24,2018 11:33

Այսօր ԱԺ նիստում քննարկվում է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին «չընտրելու» հարցը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ուշագրավ հայտարարություններ արեց:

Նա նախ ասաց, որ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակել է այն տրամաբանությամբ, որ «սեպը սեպով պիտի հանես»: Նա ասաց, որ ինքն էլ լրագրող է եղել ու գիտի, թե ինչպես էին երկար տարիներ ընտրությունների արդյունքները կեղծելը հիմնավորում բազմաթիվ պետական ու ազգային նպատակներով, պատճառներ բերում, հո չե՞ն ասում, որ ատամներով ուզում են պահել իշխանությունը. «Ընդհուպ ասում են՝ բա վա՞տ կլիներ դարասկզբին այն մեթոդներով, որով Հիտլերը ընտրվեց…այ եթե լիներ մի քաղաքական ուժ, որ այդ ընտրությունների արդյունքները մի քիչ բան աներ, բան կլիներ: Մենք չենք ուզում բան անենք, որ բան լինի, ուզում ենք անկեղծ երկխոսություն ունենալ ժողովրդի հետ»:

Նա ասաց, որ Կապանում ընտրությունների արդյունքները ընդունել են՝ ցույց տալով, որ իրենք անկեղծ են, բայց գիտեն, որ այնտեղ ընտրություններն անցկացվել են հին մոդելով ու հին տրամաբանությամբ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Կապանում տեղի ունեցած ընտրությունները եւ նրա արդյունքները օրինական են, արտահայտում են մարդկանց դիրքորոշումը, բայց իմ քաղաքական դիրքորոշումն այն է, որ քրեական եւ տնտեսական էլիտան ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա, որովհետեւ հեղափոխությունը ոչ բոլորին է հասել ու ոչ բոլորն են գնահատել իրենց ազատությունը»:

Փաշինյանն ասաց. «Երբ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող Վալերի Օսիպյանը եւ ազգային անվտանգության ծառայությունում նախկինում բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացած Արթուր Վանեցյանը նշանակվեցին ոստիկանության պետ եւ ԱԱԾ տնօրեն, շատ մեծ աղմուկ բարձրացավ, բայց մեկ-երկու քննարկումից հետո այդ թեման փակվեց: Հունան Պողոսյանի դեպքում այդ ալիքը բավականին երկար տեւեց, որովհետեւ որոշ շրջանակներ օգտագործեցին իրենց լծակները՝ Սյունիքում միահեծան եւ հակապետական իշխանություն պահպանելու համար»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, երբ ասում են, որ անգամ նախկին ՀՀԿ-ականների հետ կարող են համագործակցել, շատ լեգիտիմ հարց է առաջանում՝ ո՞րն է սահմանը: Կան կոնկրետ պահանջներ, առաջինը՝ կոռուպցիայի մեջ ներգրաված չլինելն է. «Եթե մի գործ առնչվի նույնիսկ իմ ու իմ ընտանիքի անդամին, ես իմ քաղաքական գործունեությունը անիմաստ կհամարեմ, եթե քաղաքական խոչընդոտ լինի ամբողջական բացահայտմանը այդ գործի»: Նա ասաց, որ երկրորդ պահանջը արյան հետ առնչություն չունենալն է, երրորդը՝ կառավարման անարդյունավետ օրինակ ցույց տված պաշտոնյաները:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իր խոսքը չի վերաբերում միայն հին պաշտոնյաներին. «Իսկ ո՞վ է ասում, թե նորերը հրեշտակներ են: Ես այս ընթացքում անտանելի հիասթափություն եւ սթրեսներ եմ ապրել, երբ որ եղել են մարդիկ, ովքեր հանդես գալով որպես հեղափոխության ամենաջերմեռանդ պաշտպան, ամենասկզբունքային, ամենամաքուր ու մի քանի շաբաթվա մեջ քանդուքարափ են եղել ու ես չեմ կարող այս մասին չասել, որովհետեւ սա անազնիվ կլինի մեր ժողովրդի, ինքներս մեր առաջ: Այս կտրվածքով ինձ համար բացարձակապես տարբերություն չկա նախկին, թե ներկա»:

Նա վստահեցրեց, որ որեւէ ընկերական, ազգակցական, ընտանեկան կապ չի կարող ավելի բարձր գնահատվել, քան այն արժեքները, ինչ ստեղծել են այս ընթացքում, դա կլինի ուղիղ դավաճանություն հայրենիքի, պետության նկատմամբ:

Փաշինյանն անդրադարձավ իրենց հասցեին քննադատություններին՝ ասելով, որ բոլոր քննադատությունները վերլուծում, հետեւություններ են անում. «Մեզ քննադատում են եւ անփորձների նշանակելու մեջ, ե՛ւ փորձվածների նշանակելու մեջ եւ լավ եք անում, բայց այն, ինչ մենք արել ենք, դրա փորձը ոչ ոք չունի: Այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, դրա փորձը աշխարհում գոյություն չունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031