Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ էր, որ դա ավելի խորը մտածված ծրագրի մի բաղկացուցիչ մաս էր. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 24,2018 11:14

Երեկ լրացավ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի ՀՀԿ, ԲՀԿ եւ Դաշնակցություն խմբակցությունների կողմից գաղտնի պայմաններում մշակված, նույնքան գաղտնի քննարկված եւ ապա կայծակնային արագությամբ քվեարկված հայտնի նախագծի 21-րդ օրը։ Խոսքը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքին է վերաբերվում, որով վերը նշված երեք խմբակցությունները փորձեցին ապահովագրել Ազգային ժողովը շուտափույթ արձակումից։ Այդ փոփոխությունով սահմանվում էր, որ եթե, օրինակ, ժողովուրդը շրջափակի ԱԺ-ն եւ թույլ չտա վերը նշված խմբակցությունների անդամներին մուտք գործել ԱԺ, ապա խորհրդարանում քննարկվող հարցի ընդունումը երկարաձգվում է անորոշ ժամկետներով։

Ակնհայտ էր, որ դա ավելի խորը մտածված ծրագրի մի բաղկացուցիչ մաս էր, որով փորձ էր արվելու նախ կանխել ԱԺ-ի արձակումը, ապա, եթե գործընթացը ստանար իրենց ուզած ուղղությունը՝ ընտրել իրենց վարչապետին եւ, պարզ ասած, հեղաշրջում իրականացնել ու ուժային մեթոդներով ճնշել համազգային ընդվզումը։ Իսկ եթե դա չհաջողվեր, ապա առնվազն իրավիճակը առկախված կմնար, ԱԺ-ն փաստացի կդադարեր գործելուց, եւ կառավարությունը կդառնար այդ ծրագիրը իրականացնողների գերին ու ստիպված կլիներ համաձայնել որոշակի պայմանների, մի խոսքով՝ կնահանջեր։

Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, չէր կարող ընդունել այդ իրավիճակը եւ ԱԺ-ի մոտ հավաքվելու կոչ արեց իր կողմնակիցներին։ Շատ կարճ ժամանակում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքվեցին ԱԺ-ի շենքի մոտ, եւ պարզ դարձավ, որ վերը նշված օրենքի փոփոխությունը ուժի մեջ մտնելու պարագայում Հայաստանում կստեղծվի վտանգավոր իրավիճակ։

Որպեսզի օրենքը մտնի ուժի մեջ, ԱԺ-ում այն ընդունվելուց հետո առավելագույնը 21 օրվա ընթացքում պետք է ստորագրվի ՀՀ նախագահի կողմից։ Եթե այդ ընթացքում այն չստորագրվի, ապա դրա ստորագրման իրավունքը վերապահվելու էր ԱԺ նախագահին։ Մյուս տարբերակն այն է, որ օրենքը պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար։

Որեւէ այլ տարբերակ՝ ակնհայտ հեղաշրջման փորձ պարունակող այդ օրենքի գործողությունը թեկուզ ժամանակավորապես կասեցնելու համար, չկա։ Եվ այստեղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշումը դառնում է չափազանց կարեւոր։ Եթե վերջինս ստորագրեր օրենքը կամ հրաժարվեր ստորագրելուց, եւ այն ետ գար ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մոտ, ապա կստացվեր, որ հոկտեմբերի 2-ին ընթացք ստացած այդ «ծրագիրը», որը արժանացել էր ժողովրդի ցասմանը, դեյուրե կարող էր շարունակվել եւ նորանոր խնդիրներ հարուցել։ Եվ ահա 21-րդ օրը լրանալուն պես ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այն ուղարկեց Սահմանադրական դատարան, որտեղ դրա սահմանադրականությունը ստուգելու համար կպահանջվի շաբաթներ, գուցե նաեւ ամիսներ։

Այսպիսով, մեղմ ասած, խնդրահարույց այդ օրենքի գործողությունը փաստացի կասեցվել է։ Գործնականում այն ուժի մեջ կմտնի արդեն գործող ԱԺ-ի արձակումից հետո, ինչի գործընթացը մեկնարկեց օրերս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031