Այսօր ԱԺ նիստում քննարկվում է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին «չընտրելու» հարցը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց. «Այսօրվա իմ առաջադրումը՝ որպես ՀՀ վարչապետի թեկնածու, կրում է ֆորմալ բնույթ: Ես վարչապետի թեկնածու առաջադրվել եմ՝ ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ՝ չընտրվելու համար»:
Նա ասաց, որ իր առաջադրման իմաստն այն է, որ ԱԺ լեգիտիմության շուրջ որեւէ շահարկումների հնարավորություն չլինի:
Օգտվելով ԱԺ ամբիոնի մոտ գտնվելու առիթից՝ Փաշինյանը վերլուծեց վերջին 5 ամիսներին երկրում կատարված իրադարձությունները եւ գնահատականներ տվեց: Նա նախ անդրադարձավ նրան, թե ՀՀ-ում տեղի ունեցածը ի՞նչ էր՝ հեղափոխություն, իշխանափոխություն: Ըստ նրա, դա հեղափոխություն էր, որից հետո ՀՀ դոմինանտ ուժը դարձավ ժողովուրդը, որը պարտադրեց իր ընտրած վարչապետի թեկնածուին ընտրել. «ՀՀ-ում հեղափոխություն տեղի է ունեցել, սակայն իշխանափոխություն դեռեւս տեղի չի ունեցել, համենայնդեպս, ամբողջական իշխանափոխություն»:
Փաշինյանն ասաց, որ մայիսի 8-ից հետո՝ իր վարչապետ ընտրվելուց հետո, ՀՀ-ում տասնյակ պաշտոնյաներ քրեական հետապնդումների են ենթարկվել՝ չարաշահումների, կաշառքների, յուրացումների մեղադրանքով. «Նկատի չունեմ այն գործերը, որոնք հարուցվել են մայիսի 8-ից առաջ տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, ես խոսում եմ այն արարքների մասին, որոնք տեղի են ունեցել իմ՝ վարչապետ ընտրվելուց, հեղափոխությունից հետո: Ինձ համար երկար ժամանակ հասկանալի չէր, թե ինչպե՞ս կարող է 2018-ի ապրիլ-մայիսից հետո ՀՀ-ում որեւէ պաշտոնյայի մտքով կանցնի կաշառք վերցնել, յուրացումներ անել ու այդպես շարունակ: Ընդ որում, հեղափոխությունից ամիսներ, շաբաթներ, նույնիսկ օրեր անց: Պատկերացնո՞ւմ եք, ՀՀ-ում այդպիսի իրադարձություններ են տեղի ունեցել ու ՀՀ-ում կա պաշտոնյա,որը կաշառք է պահանջում եւ վերցնում, կա պաշտոնյա, որը յուրացում է թույլ տալիս: Սա անտրամաբանական է, պատկերացնո՞ւմ եք, հեղափոխությունից մի շաբաթ անց կա պաշտոնյա, որը կաշառք է վերցնում, որ բռնվում է, ապացուցվում է դա: Պատասխանը մեկն է, որեւէ այլ տրամաբանություն չի կարող լինել. կոնկրետ այս դահլիճից եւ նախկին ԱԺ մեծամասնություն հանդիսացող քաղաքական ուժից հին համակարգին ազդակներ են փոխանցվում, թե այս ամենը մի քանի ամսվա հեռանկար ունի, թե այս ամենը շուտով հետ է պտտվելու եւ հին համակարգը վերադառնալու է: Այդ մարդիկ, որոնք գործում են հին տրամաբանությամբ, նրանք գերմարդիկ չեն, չէ՞, պիտի ներշնչանքի աղբյուր ունենան»:
Փաշինյանն ասաց, որ ներշնչանքի աղբյուրը հենց խորհրդարանական նախկին մեծամասնությունն է, որը ներշնչել է ոչ միայն ներքին խողովակներով, այլեւ՝ հրապարակային. «Հնարավորինս ուզում են կոնսոլիդացված պահել երկար տարիներ ՀՀ-ում գործած կոռումպացված մթնոլորտը, ՀՀ-ում հաստատված մթնոլորտը նպատակ ունեն պահել հնարավորինս նյարդային, մարդկանց տոկի տալ, որ մարդիկ հանդարտ իրենց կյանքով ապրելու հնարավորություն չունենան, հնարավորինս խաթարել ՀՀ տնտեսական ու ներդրումային միջավայրը, մեծ խոչընդոտներ ստեղծել գործող կառավարության համար ու սպասել հարմար պահի՝ ռեւանշի հասնելու համար: Մինչ օրս 3 փորձ է եղել՝ ռեւանշի հասնելու: Առաջինը Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացվելու փորձն էր, որը ձախողվեց ժողովրդի միանշանակ ու հուժկու մերժման պատճառով, երկրորդ փորձը հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում տեղի ունեցածն էր, երբ ԱԺ մեծամասնության ձեռամբ այնպիսի փոփոխություններ էին իրականացվում ԱԺ կանոնակարգ օրենքում, որ ժողովրդի գործոնը զրոյացվի ընդհանուր քաղաքական կոնտեքստում, բայց ընդամենը 2 ժամում շուրջ 80 հազար ՀՀ քաղաքացիներ շրջափակեցին ԱԺ շենքը: Ռեւանշի հասնելու երրորդ քայլը այս երկուշաբթի օրը ԱԺ-ում տեղի ունեցածն էր, երբ ՀՀԿ-ն, ըստ էության, բոյկոտեց եւ տապալեց ԸՕ-ում առաջադրվող փոփոխությունները: Սա արվում էր նրա համար, որ առաջիկա ԱԺ ընտրությունները լինեն գործող ընտրական օրենսգրքով, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով, որովհետեւ ՀՀԿ ներկայացուցիչների եւ նրանց հետ ասոցացվող ուժերի շրջանում հանկարծակի հույս ծագեց, թե ռեյտինգային ընտրակարգը նրանց կարող էր շանս տալ հասնել ռեւանշի»:
Ըստ Փաշինյանի, այդ հույսը նրանց տվել է Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքները: Իսկ թե ինչ էր տեղի ունեցել Կապանում, Փաշինյանն ասաց. «Պարզվել է, որ հին ընտրական համակարգը Սյունիքի մարզում դեռեւս կենսունակության ինչ-որ նշաններ է ցույց տալիս: Սյունիքի գործող քրեական, քաղաքական եւ տնտեսական էլիտան դեռեւս շարունակում է իր ձեռքում պահել բավականին շոշափելի լծակներ, կարողացել է կոնսոլիդացիա ապահովել ու մարդկանց որոշակի հատվածի հին մշակույթի եւ արժեքների տրամաբանությամբ, հին մոդելների մոդիֆիկացված ձեւերով նրանց ուղղորդելով որոշակի քվեարկության՝ ի վերջո հասնելով ցանկալի արդյունքի: ՀՀԿ-ականները հույս ունեն, որ առաջիկա ԱԺ ընտրություններում նրանց կհաջողվի գործարկել կապանյան մոդելը»:
Փաշինյանն ասաց, որ մամուլը, վերլուծաբանները շատ ճիշտ են, որ այդքան մեծ ուշադրություն են դարձնում Կապանի ընտրություններին, բայց նրանք սխալվում են, որ դա կապում են Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հետ. «Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական եւ քրեական ուժեր, ովքեր տածում են, թե իրենք ավելի հզոր են եւ կարող, քան պետական ժողովրդական իշխանությունը»: Նա ասաց, որ Սյունիքում պետք է հաստատվի աներկբա ժողովրդական իշխանություն ու սա ոչ թե քաղաքական խնդիր է, այլ ազգային անվտանգության կարեւորագույն հիմնահարց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Неправильные пчёлы в Сюнике