Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատված դասախոսը՝ «լիսկայական» ռեկտորի մասին. «Ղուկասյանին հայրենասիրությունը չի բերել Գորիս»

Հոկտեմբեր 24,2018 10:23

Գորիսի պետական համալսարանում (ԳՊՀ) կրքերը չեն հանդարտվում, և վեճերն ու բողոքները անցել են դատական փուլ:

Հիշեցնենք, որ համալսարանի դեկան Մhեր Քումունցը դեռևս հունիս ամսին հանդես էր եկել ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հրաժարականի պահանջով, որին միացել էին համալսարանի բոլոր երեք դեկանները, ամբիոնի վարիչներ, դասախոսներ և արհմիության նախագահը:

Այս պահի դրությամբ համալսարանից ազատված են վեց դասախոսներ, որոնք ունեն գիտական աստիճան և զբաղեցրել են վարչական պաշտոններ համալսարանում: Նրանցից տեղեկացանք, որ մեծ մասը դիմել է դատարան, իսկ մյուսները պատրաստում են այդ քայլին դիմել: Մոտ 7 ամիս է, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր Մ. Հովակիմյան) քննում էր Գորիսի պետական համալսարանի դասախոս, համալսարանի արհմիության նախագահ Համլետ Հովսեփյանի հայցն ընդդեմ «Գորիսի պետական համալսարան ՊՈԱԿ»-ի (ներկայացուցիչ՝ Ա. Ղուկասյան):

Հոկտեմբերի 22-ին, կայացվել է վճիռ, և հայցը մասնակի է բավարարվել: Հենց այդ առիթով զրուցեցինք ԳՊՀ նախկին դասախոս, արհմիության նախագահ, տ.գ.թ., դոցենտ Համլետ Հովսեփյանի հետ: Հարցրինք՝ արդյոք գո՞հ է վճռից:

«Մասամբ: Կարևորն այն է, որ դատարանը ինձ հետ աշխատանքային պայմանագիրը՝ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով հրամանը, ճանաչեց անվավեր: Սրանով ապացուցվեց, որ ռեկտորը անօրինականություններ է գործում մեր համալսարանում: Ի դեպ, այս կարգի հրամանները մեր համալսարանում սովորական են դարձել: Ըստ էության հայցով նախատեսված մյուս բոլոր պահանջները բավարարվել են, բացառությամբ նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասով:

Դատարանը հաշվի է առել, որ 2018 թ. օգոստոսի 31-ին լրացել էր կողմերի՝ իմ և գործատուի միջև կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը: Եթե դատական նիստը տեղի ունենար մինչև օգոստոսի 31-ը (7 ամիս ձգձգվել է), ապա այդ դեպքում, կարծում եմ, դատարանը այս մասով էլ կընդառաջեր իմ արդարացի պահանջին»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Նրա ձեւակերպմամբ, «Ռեկտոր Ղուկասյանի ոչ իրավաչափ հրամանները շատ են՝ սկսած 2016 թվականից: Կարծում եմ՝ Գորիս նրան հայրենասիրությունը չի բերել, ոչ էլ աշխատանքում ունեցած փորձը, որովհետև մամուլից ծանոթանում ենք, թե ինչպես է աշխատել մանկավարժականում և ԲՈՀ-ում: Նրան Գորիս բերել է նախկին ռեժիմը՝ ի դեմս Սուրիկ Խաչատրյանի: Ասեմ, որ այսօր էլ ռեկտորը շարժվում է իներցիայով: Ռեկտորին ազատելու հիմքեր շատ կան, և այդ մասին տեղյակ են նաև Կրթության և գիտության նախարարությունում, Սյունիքի մարզպետարանում: Ճիշտ կլինի, որ ինքնակամ հեռանա»:

Ինչ վերաբերվում է համալսարանում՝ կրքերը արտաքուստ հանդարտված լինելուն, այս մասին էլ Համլետ Հովսեփյանը նշեց. «Դա միայն արտաքուստ: Համալսարանում տիրող անառողջ, ոչ աշխատանքային մթնոլորտը, ռեկտորի կողմից կատարվող անօրինականություններն ու կամայականությունները համալսարանը հասցրել են կաթվածահար վիճակի, որը չի կարող չազդել ուսումնադաստիարակչական ողջ գործընթացի վրա: Այս պահին էլ նա անօրինական կերպով խորհուրդներ է ձևավորում՝ անձամբ միջամտելով այդ խորհրդի անդամների առաջադրվելուն»:

Նրա ձեւակերպմամբ, սակայն, ամեն ինչում մեղադրել միայն ռեկտորին ճիշտ չէ, քանի որ ռեկտորը կրում է պատասխանատվություն համալսարանի արդյունքների համար: «Կոլեկտիվն էլ ունի մեղք, որ հանդուրժում է ռեկտորի ոչ իրավաչափ գործողությունները: Ղեկավարը պետք է համախմբի կոլեկտիվը, ոչ թե պառակտի, խմբերի բաժանի՝ ստեղծելով անհամերաշխության և անվստահության մթնոլորտ: Ես՝ որպես արհկոմի նախագահ, արհկոմի անդամների հետ ցանկացել ենք համատեղ ջանքերով ստեղծել համերաշխ, աշխատանքային, գործընկերային հարաբերություններ, բայց ապարդյուն: Արհկոմի դերը աշխատողների շահերի պաշտպանությունն է, բայց արի ու տես, որ արհկոմի անդամները նման գործատուի հետ հարաբերություններում իրենց շահը չեն կարող պաշտպանել: Մենք այս մասով նույնիսկ դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանին, բայց դեռ իրատեսական գործողություններ չկան»,- նշեց նա:

Համլետ Հովսեփյանն անդրադարձավ նաեւ հետագա անելիքներին եւ նոր իշխանությունից ակնկալիքներին. «Մեր բուհը 50-ամյա պատմություն ունի, ավանդույթներ, որոնք պետք է պահպանել: Նոր իշխանություններից ակնկալիքներ ոչ միայն մենք, այլ յուրաքանչյուր հայ ունի: Հաշվի առնելով, որ երիտասարդությունը հեղափոխության ամենաշարժուն տարրն է, արագ պետք է արձագանքի անօրինականություններին և կամայականություններին: Այսօրվա ռեկտորները չունեն «սանձման» մեխանիզմ: Աշխատանքային գործունեությունս սկսել եմ համալսարանից, բայց երբեք այսպիսի բան չեմ տեսել»:

Հավելենք, որ հոկտեմբերի 30-ին տեղի կունենա ևս երկու դատական նիստ: Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ազատված դեկան Մ. Քումունցը և իրավագիտության ամբիոնի վարիչ Մ. Թելունցը նույնպես բողոքարկել են աշխատանքից իրենց ազատման հարցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ռեկտորի մեկնաբանությունն՝ ավելի ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վլադ says:

    Հովսեփյան Համլետ, աշխատանքային գործունեության առաջին օրից դուրս ես եկել բոլոր ռեկտորների դեմ, հերթով, նույն ձեռագրով, ու հիմնականաում շանtաժներով, տարբեր խմբերով ու մաֆյաներով: Ինչ էլ գլուխ ես գովում, զարմանալի ա, Գորիսում դեռ կա՞ն քեզ լուրջ ընդունող մարդիկ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031