Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ զրույցը սկսեցինք Արցախի խնդրին վերաբերող հարցերից:
-Պարոն Քոչարյան, նախ, ինչպե՞ս եք գնահատում Արցախի հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակը: Մի կողմից կարծես բանակցային գործընթացի տեւական տեղապտույտի հերթական փուլի մեջ ենք ընկղմվում, մյուս կողմից՝ պարզ է, որ նման վիճակը չի կարող անվերջ շարունակվել: Ի լրումն՝ պահպանվում է հակառակորդի կողմից ագրեսիայի փորձը կրկնելու վտանգը: Չենք խոսում արդեն ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի՝ տարածքների վերաբերյալ հայտարարության մասին:
-Մինչեւ չլուծվի ԼՂՀ կարգավիճակի հարցը, խաղաղություն չի լինելու: Անհրաժեշտ է խաղաղ կարգավորման վերաբերյալ փաթեթային համընդգրկուն համաձայնություն, դրա հետ մեկտեղ փաթեթի տարբեր էլեմենտներ կարող են լուծում ստանալ փուլերով:
Կարծում եմ՝ դեսպանը խաղաղություն բառի տակ այնուամենայնիվ նկատի ունի կարգավորման ավելի լայն կոնտեքստ: Գնացող ԱՄՆ դեսպանի հայտարարությունն իր անձնական կարծիքը չէ: Դա լինելու է նաեւ նրան հաջորդող դեսպանի կարծիքը, եւ դա ԱՄՆ պետքարտուղարության կարծիքն է:
Ավելին ասեմ՝ դա բոլոր համանախագահողների կարծիքն է, որ որոշ տարածքներ բանակցությունների առարկա են: Սա է իրականությունը: Համենայն դեպս Մինսկի խմբի համանախագահների կարծիքը տարածքների վերաբերյալ միշտ եղել է այս կոնտեքստի մեջ:
Ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանությունը դրա մեջ է, եւ կարծում եմ, որ դա իշխանությունների համար այն մարտահրավերն է լինելու, որի նկատմամբ իրենց դիրքորոշումը պետք է հստակեցնեն:
Պատերազմի վերսկսման վտանգը միշտ եղել է, կա եւ լինելու է: Եվ ամենից մեծ խնդիրը մենք ունենալու ենք այն ժամանակ, երբ սկսենք մտածել, թե այդ վտանգը գոյություն չունի կամ նվազել է: Նման մոտեցումն անպայման կբերի ավելի թույլ ջանքերի՝ առաջին գիծն ամուր պահելու, բանակի մարտունակությունն ապահովելու ուղղությամբ:
Այսօր, երբ զինադադարն ամրապնդված չէ որեւէ լուրջ վերահսկման մեխանիզմով, զինադադարի պահպանման ամենից մեծ երաշխիքը ուժերի բալանսն է: Որեւէ բաղադրիչի թուլացումը կարող է լուրջ վտանգ դառնալ՝ մարտական գործողությունների վերսկսման տեսանկյունից: Սա եւս ակներեւ է:
-Սակայն մեր հանրության տիրապետող դիրքորոշումն այն է, որ մենք զիջելու տարածք չունենք:
-Հանրային ընկալումն իրոք այնպիսին է, որ որեւէ տարածք պետք չէ զիջել:
Նշանակում է իշխանությունները պետք է կա՛մ ամբողջությամբ վերանայեն բանակցային գործընթացը, կա՛մ բանաձեւ գտնեն, որը նաեւ ընկալելի կլինի մեր հանրության համար: Սրա հետ մեկտեղ անշուշտ կրեն պատասխանատվություն հետեւանքների համար:
-Փաշինյանը կարծեք հենց վերանայման փորձից էլ սկսեց, բայց հետո, այսպես ասեմ՝ փոքրիկ ալիքներով սկսեցին նահանջել այդ դիրքորոշումից:
-Իմ կարծիքով, ամենից մեծ վտանգը կլինի այն, եթե իշխանությունները վերադառնան այն թեզին, որը ժամանակին կիրառել է Տեր-Պետրոսյանը: Թեզը հետեւյալն էր՝ պատրաստ ենք լուծման յուրաքանչյուր տարբերակի, որին համաձայն է Արցախի ղեկավարությունը: Այդ մոտեցումը, հիշեցնեմ, ավարտվեց ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովի՝ Հայաստանի համար չափազանց անբարենպաստ բանաձեւով:
Այդ թեզը արտաքուստ հեշտ տարբերակ է՝ պատասխանատվությունից խուսափելու համար, բայց այդ մոտեցումն Արցախին մեն-մենակ է թողնում բանակցային գործընթացում: Եվ բանակցություններում Արցախի առանձնացված ռեսուրսը բնականաբար շատ ավելի նվազ է, քան հայկական կողմի միասնական ռեսուրսը:
Միեւնույն է, Հայաստանը չի կարող խուսափել Արցախի համար պատասխանատվությունից, հատկապես անվտանգության ոլորտում: Բոլորը գիտեն Հայաստանի ներգրավվածության աստիճանը:
Բայց երբ որ դու բանակցային գործընթացի կարեւորագույն հարցի՝ կարգավիճակի, խնդրի կարգավորման բանաձեւի վերաբերյալ ասում ես՝ մենք համաձայն ենք ամեն ինչին, ինչին համաձայն կլինի Ղարաբաղը, դու այդ բանաձեւը կարգավորելու քո ռեսուրսը հենց ինքդ ես չեզոքացնում: Եվ ի վերջո անպայման ստանալու ես մի բանաձեւ, որին չի կարողանալու համաձայնել Արցախը եւ ստիպված մերժելու ես նաեւ դու, եւ ավելի մեծ խնդիր ես ստանալու:
Իհարկե, պետք է ձգտել Արցախը վերադարձնել բանակցային գործընթաց: Եվ, նկատեմ. վերջին անգամ Արցախը բանակցային սեղանի շուրջ եղել է 1996 թվականի նոյեմբերին, Մինսկի խմբի շրջանակներում Հելսինկիում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ: Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահ ես դարձել եմ 1998 թվականին:
Վերադառնալով առկա իրողություններին, կարծում եմ, նոր իշխանությունները, նախ, պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը Արցախի հարցում:
-Այսինքն, ձեր տպավորությամբ օրվա իշխանությունն Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում չունի՞ հստակ դիրքորոշում:
-Միգուցե ինչ-որ բան բաց եմ թողել, բայց համենայն դեպս չեմ տեսել հստակ դիրքորոշում հարցի վերաբերյալ:
Ավելի շատ խոսվում է զինադադարի ամրապնդման մասին, ինչը շատ լավ է, եթե հաջողվի հասնել: Զինադադարի ամրապնդման մասով խոսքը միշտ պետք է լինի այն մեխանիզմների մասին, որոնք հնարավորություն կտան անկախ դիտորդների կողմից գնահատել խախտման դեպքերը: Դա լուրջ զսպող հանգամանք կլինի: Եվ հայկական կողմը միշտ ձգտել է դրան, ադրբեջանական կողմը միշտ մերժել է այդ հնարավորությունը:
-Փաշինյանը հայտարարեց, որ Դուշանբեում զինադադարի պահպանման մասով Ալիեւի հետ պայմանավորվածություն է եղել, օրերս էլ նշեց, որ նաեւ օպերատիվ կապ է ապահովված ադրբեջանական կողմի հետ:
-Եթե հիմա ադրբեջանական կողմը համաձայնել է պահպանել հրադադարը, շատ լավ է: Բայց կասկածներ ունեմ, որ եթե նրանք համաձայնել են, ապա ինչի՞ դիմաց, ի՞նչ ակնկալիքով: Ու այս հարցերը, կարծում եմ, առաջիկայում դեռ կծագեն: Քանի դեռ շփման գծում կրակում են նույն ինտենսիվությամբ:
Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում