Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամասնության տեսակետը հստակ է

Հոկտեմբեր 24,2018 10:00

Կրկին պետք է արձանագրեմ, որ իմ եւ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության տեսակետները մեր իրականության հրատապ խնդիրների վերաբերյալ տրամագծորեն տարբեր են: Ես կողմ եմ օրենքի չոր, միանշանակ, անշեղ կիրառմանը կյանքի բոլոր ոլորտներում եւ անսահման ազատականությանն ու հանդուրժողականությանը՝ համոզմունքներ, կողմնորոշումներ եւ կարծիքներ ունենալու հարցում: Քաղաքացիները՝ հակառակը, կողմ են «արեւելյան բազարին»՝ օրենքի կիրառման մեջ ու պայմանագրային հարաբերություններում եւ, մյուս կողմից, ստալինյան կարգապահությանը՝ տեսակետներ արտահայտելու հարցում:

Այդ մեծամասնությունը, օրինակ, կարծում է, որ ոստիկանական խմբի վրա զինված հարձակում գործելը եւ մարդ սպանելը մի հրաշալի սխրագործություն էր եւ հերոսություն, իսկ ինձ դա այնքան էլ չքնաղ արարք չի թվում:

Մեծամասնությունը կարծում էր, որ կարելի է քաղաքում 100-ի վրա քշել, որովհետեւ «էս արագաչափերի փողը սաղ Սաշիկի գրպանն ա էթըմ» (պնդում, որը այժմ էլ՝ հեղափոխությունից հետո, որեւէ փաստացի հիմնավորում չի ստացել), իսկ ես համոզված եմ, որ ճանապարհային երթեւեկության կանոնները պետք է հարգել բոլոր պարագաներում:

Հիմա էլ ես կարծում եմ, որ եթե աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումն արգելված է օրենքով, ուրեմն՝ վերջ, քննարկումներն այլեւս անիմաստ են, եւ այդ առումով տրանսպորտի նախարարի դիրքորոշումն ինձ միանգամայն տրամաբանական է թվում: Եթե օրենքը վատն է, ուրեմն պետք է պայքարել, որ նոր Ազգային ժողովն ընդունի նոր օրենք: Բայց ոչ միայն աջ ղեկով մեքենաներ ներկրող գործարարները (որոնք, բնական է, իրենց բիզնեսի շահերից ելնելով ուզում են խախտել օրենքը), այլեւ քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ այդ հարցում պետք է «բազար անել», քանի որ ամեն ինչ «խոսելու վրա է»:

Բայց այդ «բազար անողներից» շատերին եթե հարցնեք՝ արդյոք, օրինակ, Հրանտ Բագրատյանն իրավունք ունի՞ քննադատելու ներկայիս կառավարության տնտեսական քաղաքականությունը, նրանք ամենայն անկեղծությամբ կպատասխանեն, որ դրա իրավունքը ոչ ոք չունի:

Կամ՝ եթե հարցնեք՝ պե՞տք է արդյոք կուսակցությունների միջեւ լինի բանավեճ եւ մրցակցություն, նրանք կասեն՝ «էս սաղ կուսակցությունները սուտ են, կա ժողովուրդ, կա իշխանությունը, որը հիմա ժողովրդի կողքին է, եւ կան թալանչիներ, որոնց պետք է գնդակահարել»:

Այդպիսին է մեր հասարակությունը, եւ այստեղ որեւէ մեկի մեղքը չկա, նման հոգեբանությունը ձեւավորվել է ոչ թե տասնամյակների, այլ դարերի ընթացքում:

…Հիմա առաջարկվում է աջ ղեկով մեքենաների ներկրումը շարունակել մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը: Եթե նման որոշում ընդունվի, ապա, վստահ եղեք, 2020 թվականի հունվարի 10-15-ին մաքսակետում կկուտակվեն մի քանի տասնյակ աջ ղեկով մեքենաներ, որոնց տերերը պահանջելու են Հայաստան թողնել իրենց ներկրվող տրանսպորտային միջոցները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ծաղրանկարը՝ Սուքիաս ԹՈՐՈՍՅԱՆԻ/«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031