Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի պաշտոնական կայքից վերջերս տեղեկացանք Մոսկվայում կայացած «Օբրազցովֆեստում» թատրոնի ներկայացրած ռեժիսոր Զառա Անտոնյանի երկու բեմադրությունների՝ Մարկեսի «Թեւավորը» եւ սեփական սցենարով «Ամպից պոկված հեքիաթը» հաջողության մասին: Կայքում հատվածաբար տեղադրված տեսանյութերում նաեւ հանդիսատեսի օվացիաներն էին «արձանագրված»:
Զառա Անտոնյան տաղանդավոր արվեստագետի անունը նորություն չէ մեր իրականությունում. թատերասեր հասարակայնությունը նրան կմտաբերի նաեւ որպես դերասանուհի՝ Ռուբեն Բաբայանի եւ Նարինե Գրիգորյանի բեմադրություններում. Անյա՝ Չեխովի «Բալենու այգին», Սոնեչկա՝ Մարիա Ցվետաեւայի «Վեպ Սոնեչկայի մասին», Մագդա՝ Գոգոլի «Շինել» եւ այլն: Ի դեպ, դերասանուհուն հանդիպել ենք Մնջախաղի թատրոնում եւս՝ Ժիրայր Դադասյանի եւ Յուրի Կոնստանյանի «Շերանիկ», «Դեւը», «Արդաղյոն» ներկայացումներում: Նշենք, որ արվեստագետը ուսանել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում, Ռուբեն Բաբայանի արվեստանոցում: Միառժամանակ հետո Զառա Անտոնյան անվանը հանդիպեցինք նաեւ արտասահմանյան ԶԼՄ-ներում, այդ թվում՝ ռուսական, ֆրանսիական, գերմանական եւ այլն: Նա նկարահանվել է նաեւ կինոռեժիսոր Արտ Սեւադայի «Իբրեւ սկիզբ» ֆիլմում:
«Առավոտի» հետ զրույցում Զառա Անտոնյանը հայտնեց, որ ուսանել է նաեւ Մոսկվայի Մեյերհոլդի թատերական կենտրոնի ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիայում, անվանի ռեժիսորներ Վալերի Ֆոկինի եւ Վիկտոր Ռիժակովի ղեկավարությամբ: Նշեց, որ պատճառը մեկն էր՝ եկել էր մի պահ, որ միայն դերասանական արվեստը բավարար չէր իրեն լիովին բացահայտելու համար: Դեռեւս սովորելու տարիներին հայ արվեստագետին մեծ հնարավորություններ են ընձեռվել. Ֆրանսիայի հեղինակավոր Le Monge թատերական ակադեմիայում իրականացրել է Լերմոնտովի «Մցիրի» պոեմի բեմադրությունը, ժամանակակից ռուս ճանաչված դրամատուրգներից մեկի՝ Իվան Վիրիպաեւի «Պոնտելեյ Կարմանովի սենտեցիաները» գործը, որպես ռեժիսոր հանդես է եկել Վիլնյուսում, Մադրիդում եւ այլն: Հետաքրքրությանը՝ ինչո՞վ բացատրել, որ «Պոնտելեյ Կարմանովի սենտեցիաները» շրջել են աշխարհով մեկ, խաղացվել ԱՄՆ-ում, Լեհաստանում, Գերմանիայում եւ այլուր, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սա մոնոներկայացում է, որտեղ հանդես է գալիս ամուսինս՝ ամերիկացի Ստեֆան Օքսլերը: Այս աշխատանքը մասնակցել է նաեւ տարբեր միջազգային փառատոների»: Հետո էլ մանրամասնեց, որ ամուսնու հետ ծանոթացել են Մոսկվայում ուսանելիս, նա նաեւ երաժիշտ է եւ պահանջված արտիստ, այս պահին էլ Մոսկվայում ընդգրկված է մի քանի նախագծերում:
Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ ամերիկացի ամուսնու շնորհիվ են դեռեւս ուսանողական տարիներից իր առջեւ բացվել եվրոպական մի քանի թատրոնների դռները, Զառա Անտոնյանը նախ կտրականապես ասաց՝ ոչ, հետո էլ մանրամասնեց. «Իրականությունը հետեւյալն է. ամուսինս է ընդգրկված իմ նախագծերում, օրինակ՝ եղեռնի 100-րդ տարելիցի առիթով գերմանական Monchengladbach թատրոնում հրավիրված էի իրականացնելու Աննա Դավթյանի՝ Հրանտ Դինքին նվիրված ներկայացումը, որը նախատեսված էր 2015-ին, բայց դստերս՝ Աննա-Մարիայի լույս աշխարհ գալը այն տեղափոխեց 2016թ.: Հետաքրքիր է, որ հենց այդ տարի Գերմանիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Ի դեպ, այստեղ ամուսինս ներգրավված էր իբրեւ երաժշտական եւ վիդեո ձեւավորող: Նա հիանալի է կատարում այդ աշխատանքները եւ դա է պատճառը, որ վերջերս նրան հրավիրեցի նույն աշխատանքը կատարել Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» բեմադրության մեջ»: Ուրեմն ինչո՞վ բացատրել ձեր՝ չասենք մշտական, բայց արտերկրից հաճախակի հրավերները, այն դեպքում, երբ գիտենք, որ դուք չեք համագործակցում որեւէ մենեջերական կազմակերպության հետ: Այս առիթով ստացանք հետեւյալ պատասխանը. «Երբ մի աշխատանք ես կատարում, աշխատանքդ է խոսում քո մասին, ինչին եւ հետեւում են հրավերները»: Դիտարկմանը՝ փաստորեն ճիշտ են այն խոսակցությունները, որ Զառան բնակվում է ոչ միայն Երեւանում, այլեւ ԱՄՆ-ում, Եվրոպայում… Մեր զրուցակիցը ընդմիջելով՝ ժպիտով պատասխանեց. «Մոսկվայում էլ եմ ապրում»: Հետաքրքրվեցինք նաեւ՝ ինչո՞ւ այլեւս չի նկարահանվում ֆիլմերում, գուցե հրավերներ չկան: Արվեստագետը ժպտաց. «Փոխարենը վերջին շրջանում ամուսինս է լայն թափ հավաքել. նա նկարահանվում է հիմնականում ռուսաստանյան ֆիլմերում»:
Դատելով ամուսինների գերծանրաբեռնված աշխատանքից՝ կեսկատակ-կեսլուրջ հարց ուղղեցինք՝ իսկ հասցնո՞ւմ եք հանդիպել, երեխային խնամել, Զառա Անտոնյանն ասաց. «Դուստրս 2-3 ամսականից ինքնաթիռներում է, ես առանց նրա մեկ րոպե անգամ չեմ կարող: Ստեֆանը հրաշալի հայր է, հոգատար ամուսին, նրա համար ընտանիքը ամենակարեւորն է… Իհարկե միշտ չէ, որ երեքով ենք լինում»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Զառա Անտոնյան- Ստեֆան Օքսլեր ամուսինները:
«Առավոտ»
23.10.2018