Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տաղանդավոր խելառների» թատերաբեմից մինչեւ կինո

Հոկտեմբեր 24,2018 13:00

Հարցազրույց Կամերային թատրոնի դերասան, ռեժիսոր Արշալույս Հարությունյանի հետ

-Ինչպե՞ս հայտնվեցիք հենց Կամերային թատրոնում:

– Դեռ 1996 թվականին, երբ սովորում էի թատերական ինստիտուտում, աշխատում էի Պատանի հանդիսատեսի թատրոնում. այդ ժամանակ մի ներկայացում կար՝ «Չորս նմանակ եղբայրներ», որտեղ ես խաղում էի, իսկ ռեժիսորը Գոհար Տրդատյանն էր. նա ասաց, որ ինձ ուզում է տանել Արա Երնջակյանի մոտ՝ Կամերային թատրոն, որովհետեւ, իր կարծիքով, դա իսկական իմ տեղն է: Եթե անկեղծ լինեմ, մինչ այդ երբեւէ չէի եղել Կամերայինում, մի անգամ միջոցառման ժամանակ էի տեսել. գեղեցիկ, հետաքրքիր բեմ, դերասաններ:Գոհարը, այնուամենայնիվ, ինձ տարավ, սկզբից դժվար էր այս թատրոնի ձեւաչափն ու բովանդակությունը ճիշտ ընկալելը, որովհետեւ ամեն ինչ այստեղ ավելի ուրիշ էր, քան մնացած թատրոններում:Բայց որպես մասնագետ, հենց այս թատրոնում եմ ձեւավորվել, այստեղ ձեռք եմ բերել ճաշակ, մտածելակերպ: Առհասարակ, Երնջակյանի դերն է մեծ իմ ձեւավորվելու առումով: Կամերային թատրոնն այն օվկիանոսն է, որտեղ ես իմ խարիսխը երկարաժամկետ նետեցի, եւ եթե նորից ծնվեի, ամեն ինչ կանեի, որ գայի Կամերային թատրոն: Կամերային թատրոնում թատերական մեր ուղղվածությունն ու ոճը թույլ է տալիս ավանդական դրամատուրգիան վերաիմաստավորել «մեր խաղի կանոններով»:Այստեղ հանդիսատեսի հետ խոսում են, սակայն չեմ ուզում, որ շփոթեք ինտերակտիվ թատրոնի հետ. սա շատ լուրջ աշխատանք է, որի հիմքը դրամատուրգիան է:

-Որեւէ ներկայացման համար ընտրված դերասանական ավանդական կազմի փոփոխությունը ինչպե՞ս է ընդունվում հանդիսատեսի կողմից:

-Յուրաքանչյուր ժամանակահատվածում ձեւավորվում է տվյալ ժամանակին համահունչ դերասանական կազմ, որը քիմիայի մեջ է մտնում իր հանդիսատեսի հետ: Այսինքն՝ դերասանական կազմը այս թատրոնում փոփոխվում է, ինչը նորմալ է. Կամերային թատրոնի դռները բաց են «տաղանդավոր խելառների համար»: Այնուամենայնիվ, ուշադրությունը միշտ էլ սեւեռվում է հանդիսատեսի հարմարավետության վրա, իսկ հանդիսատեսի կողմից դժգոհություն չենք ստացել՝ կապված դերասանական նոր կազմերի հետ: Իհարկե, կան դերասաններ, որոնց արդեն սովորել է հանդիսատեսը, բայց նորերին նույնպես ընդունում են:

-Դուք միաժամանակ կապված եք եւ թատրոնի, եւ կինոյի հետ, ըստ Ձեզ՝ հայ հասարակությունը ավելի շատ ո՞րն է նախընտրում՝ կինոթատրո՞ն, թե՞ թատրոն:

– Հստակ ցուցանիշ չեմ կարող նշել, պարզապես կան մարդիկ, որոնք տեսակով թատրոն գնացող են: Ըստ իս՝ մարդիկ ավելի շատ թատրոն են գնում Հայաստանում, բայց մի հետաքրքիր ու աբսուրդային երեւույթ կա, որի մասին կուզեի խոսել. վստահաբար կարող եմ ասել, որ մարդիկ, որոնք կինոթատրոն են գնում՝ պարզապես հայկական որեւէ կոմեդիա դիտելու, չեն գնա թատրոն «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացմանը:

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում հայկական կինոյում:

-Նշեմ ամենակարեւորներից մեկը՝ չունենք կինոդպրոցներ, չկա մի հարթակ, որտեղ մարդիկ կկարողանան սովորել, օրինակ, ֆիլմի լուսավորող լինելու կանոնները: Մեծ խնդիր է նաեւ այն, որ Հայաստանում ֆիլմարտադրությունը, որպես արտադրություն չի բավարարում ֆիլմարտադրողի շահերը:

-Աշխատել եք նաեւ ռուսական կինոընկերությունների հետ, ի՞նչ առավելություններ կամ թերություններ կան այնտեղ՝ հայկականի համեմատ:

-Ամեն ինչ շատ տարբեր է: Ռուսական կինոընկերությունների հետ աշխատելիս նկատել եմ, որ թիմում շատ են քննադատողները, ուշադրություն են դարձնում ամեն մանրուքի:Ինչ-որ ամբիցիաներ կան իրենց մեջ, բայց դա ինչ-որ տեղ ստիպում է ավելի պատասխանատու աշխատել:Հայկականն այդ առումով ավելի թեթեւ է նայում կարեւորության արժանի հարցերին:

-Ձեր ֆիլմերի կամ ներկայացումների համար դերասաններ ընտրելիս հաշվի առնու՞մ եք նրանց դերասանական կրթություն ունենալը:

-Կինոյի համար դերասան ընտրելիս դա այդքան էլ պարտադիր չէ: Մարդը կարող է չունենալ դերասանական կրթություն, բայց լինի այն, ինչը հենց պետք է մեր ֆիլմին: Նույնը չեմ կարող ասել թատրոնի մասին. այստեղ ամեն մեկը չի կարող Ռոմեո լինել:

-Դուք նաեւ դասախոսում եք Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում, ի՞նչ խորհուրդներ եք տալիս Ձեր ուսանողներին:

-Ես փորձում եմ խուսափել որեւէ կերպ ուսանողներին ուղղորդելուց: Ավելի շատ իրենց բացատրում եմ, թե որտեղ են եկել, ինչեր են իրենց սպասվում: Երիտասարդին կարող ես օգնել ոչ թե ուղղորդելով ու ասելով՝ գնա աջ կամ ձախ, այլ չպարտավորեցնելով ու ճիշտը բացատրելով:

-Փորձ ունեք նաեւ սերիալային ոլորտում գործունեություն ծավալելու, ինչպիսի՞ն է հայկական սերիալարտադրությունը:

-Որակապես դեռեւես չի արդարացնում իրեն այդ ոլորտը: Հեռուստատեսությունը կարծես թե գնում է էժան ու անորակի հետեւից:Հայկական սերիալարտադրությունը մեր հասարակության մտածելակերպի մեջ մտցրեց քյարթու լինելու գաղափարը, մի շարք երեւույթների նկատմամբ մեր հասարակության ընկալումները փոխվեցին, ցավոք, դեպի վատը:

– Ի վերջո, չմոռանանք, որ դուք առաջին հերթին դերասան եք: Ինչպիսի՞ն պետք է լինի լավ դերասանը: Ժամանակի ընթացքում հասարակության ընկալումները՝ կապված «լավ դերասան» հասկացության հետ, փոխվու՞մ են:

– Լավ դերասանը պետք է լինի խելացի, ճաշակով, զգացմունքային, պետք է հասկանա դերասան լինելու կարեւորությունը: Լավ դերասանը, բացասական հերոսի դեր կերտելով, պետք է կարողանա հասարակությանը ցույց տալ, որ դա բացասական է, ոչ թե այնպես անի, որ հասարակությունը դա վերցնի ու ընկալի որպես դրական գիծ, ինչը մեր կինոյում շատ եմ նկատում: Ընկալման անիվը միշտ էլ պտտվում է՝ չեն կարող փոխվել արվեստը, գրականությունը, բայց թատրոնը մնա հին. թատրոնն էլ է փոխվում, նախկինի ավանգարդը այսօրվա մեր դասականն է, իսկ մենք այսօր կերտում ենք վաղվա դասականը:

ԱՐՓԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ
2-րդ կուրսի ուսանողուհի

«Առավոտ»

23.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031