Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե արդուկենք այս սարերը, Ֆրանսիայից էլ մեծ երկիր կունենաք»

Հոկտեմբեր 24,2018 12:30

Հայաստանը` համագործակցության եւ բարեկամության ներկապնակում

Այս տարվա հոկտեմբերի 3-ից Լոռին, արդեն աշնանային գույներ հագած, սպասում էր արվեստագետներին: Առիթը «Համագործակցության եւ բարեկամության ներկապնակ» փառատոնն էր, որն այս տարի Լոռի էր բերել շուրջ 20 նկարիչների` տարբեր`5 երկրներից, ովքեր հայ նկարիչների հետ եկել էին բացահայտելու ու եւս մեկ անգամ ներկայացնելու Հովհաննես Թումանյանին, նրա ծննդավայրն ու Լոռվա ոգեշնչող բնությունը:

Փառատոնի կազմակերպիչ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, նկարիչներ Վահագն Գասպարյանը եւ Սուրեն Ամիրյանը փոքրիկ ասուլիսով ամփոփեցին ավարտված փառատոնը, պատմեցին օտարերկրացի նկարիչների տպավորությունների ու հույզերի մասին, գրանցված արդյունքների ու սպասվող փառատոների մասին:
«Փառատոնն արդեն 9-րդ տարին է, ինչ անցկացվում է: Անգամ եղել է տարի, երբ երկու նկարչական փառատոն ենք ունեցել: Վերջին փառատոնին մասնակցում էին թվով 20 նկարիչներ: Նրանք եկել էին Լոռվա մարզ, որովհետեւ այս տարվա փառատոնը նվիրված էր Թումանյանին` նրա ծննդյան 150-ամյակին ընդառաջ: Նկարիչները նկարում էին այն վայրերում, որոնք կապ ունեին Թումանյանի հետ: Նրանք ամբողջ երկու օր անցկացրին Դսեղում, որ կարողանան ամբողջությամբ զգալ եւ նկարել թումանյանական միջավայրը: Լոռվա բնությունը շատ հարուստ է. ամեն նկարիչ իր անկյունն ու գույնն էր գտնում», – իր խոսքում նշեց Սերգո Երիցյանը:

Գեղանկարիչ Սուրեն Ամիրյանը նախորդ փառատոնից փոքրիկ զվարճալի մի պատմություն հիշեց.
«Նախորդ փառատոնի ժամանակ Բելառուսի ներկայացուցիչն ասաց, որ մեր սարերն ու բնությունը շատ գեղեցիկ են, իրենց երկրում էլ սարեր կան, բայց շատ ցածր են, ես պատասխանեցի` ափսոս, որ մեր երկիրը փոքր է, նա ասաց՝ ինչո՞ւ ես այդպես ասում, եթե արդուկենք այս սարերը, Ֆրանսիայից էլ մեծ երկիր կունենաք»:

Մասնակիցների ընտրության գործը, իհարկե, ամենապատասխանատուներից է. պետք է հրավիրել մարդկանց, ովքեր ճիշտ կներկայացնեն Հայաստանը.
«Ինչպես ամեն տարի` այս տարի եւս կային տարբեր երկրներից մասնակիցներ, որոնցից մի մասը անցյալ տարիներին եղել էին Հայաստանում, մի մասն էլ նորեկներ էին, բայց նրանք կարողացան դառնալ մի ստեղծագործական թիմ, որը ձգտեց ճանաչել, հասկանալ ու բացահայտել Հայաստանը», – մասնակիցների ընտրության մասին պատմեց Սերգո Երիցյանը:

Բոլոր մասնակիցները ընդգծեցին, որ նման ամենամյա փառատոները Հայաստանը տարբեր երկրներում ներկայացնելու եւս մեկ հնարավորություն են տալիս:

Փառատոնի կազմակերպիչը «Լոռվա ձոր» հայրենակցական միությունն էր, աջակիցներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը եւ ԱՊՀ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամը, որի ներկայացուցիչը` Քամոլ Ռահիմովը, ներկա էր փառատոնի փակմանը Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում եւ իր ելույթում ընդգծեց, որ փառատոնը անց է կացվում բարձր մակարդակով, մեծ արդյունավետությամբ եւ ստեղծագործական ամենաակտիվ որոնումներով: «Մենք ողջունում ենք կազմակերպիչների մտադրությունը` «Թումանյանական աշխարհ» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը Երեւան քաղաքում` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին»:

ԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

23.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031