Ադրբեջանը պատրաստ է շարունակել հիմնարար բանակցություններ, որոնք նպատակ կունենան ընթացք տալ հակամարտության փուլային լուծմանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Ընդ որում, նախարարը նշել է, որ վերջին շրջանում հենց Բաքուն է բազմիցս դիրքորոշում հայտնել առ այն, որ անհրաժեշտ է առաջ քաշել «արդյունքի վրա հիմնված պատասխանատու երկխոսություն»:
«Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցն ակնառու օրինակ է, որ Ադրբեջանը պատրաստ է բովանդակային երկխոսության: Իշխանափոխությունը և մինչ այսօր Երևանում նկատվող քաղաքական վայրիվերումները որոշակիորեն արգելակել է գործընթացը: Հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը առաջիկայում կկարողանա քաղաքական կամք ցուցաբերել՝ շարունակելու բանակցային գործընթացն առկա ձևաչափով և հայտնի օրակարգի հիման վրա»,- ասել է Մամեդյարովը:
Անդրադառնալով Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը ՀԱՊԿ-ին՝ Մամեդյարովը նշել է, որ իրենք վարում են հավասարակշռված քաղաքականությունը՝ ակտիվ երկկողմ երկխոսություն ծավալելով և փոխշահավետ իրավահավասար համագործակցություն զարգացնելով ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունների հետ՝ «բացառությամբ, բնականաբար Հայաստանի»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ