Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան այցելած տուրիստի տպավորությունները՝ գյուղացիներից մեկի տան դուռը պատահաբար թակելիս

Հոկտեմբեր 23,2018 22:45

Aravot.am-ը «Տուրիզմ Արմենիա» hայաստանյան զբոսաշրջային ուղղությունը կառավարող ընկերությունների և ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանից հետաքրքրվեց, թե կգա՞ ժամանակ, երբ Հայաստանը տուրիստների թվաքանակով առաջ կանցնի հարևան Վրաստանից։

«Ես չեմ սիրում համեմատել և չեմ կարծում, որ մենք Վրաստանից շատ հետ ենք․ Վրաստանում կա զբոսաշրջային արդյունք՝ ծովը։ Ցավոք, Հայաստանը ծով չունի։ Ովքե՞ր են այսօր Վրաստանի զբոսաշրջիկները, հարևան երկրների բնակիչներն են, որոնք ամռանը գնում են Վրաստան՝ ծովից օգտվելու։ Եթե մենք ուսումնասիրենք վիճակագրությունը և հանենք այն մարդկանց, որոնք գնում են զուտ ծովի համար, կտեսնենք, որ իրականում շատ չի տարբերվում զբոսաշրջիկների թիվը։ Եթե խոսում ենք պատմամշակութային զբոսաշրջության, արկածային զբոսաշրջության մասին, գերմանացիները, ճապոնացիները, իտալացիները, ֆրանսիացները նույն քանակությամբ են այցելում երկու երկրներ։

Այո, կա ենթակառուցվածք, որն ավելի զարգացած է Վրաստանում, բայց մենք էլ ունենք ենթակառուցվածք, որն ընդհանրապես զարգացած չէ Վրաստանում։ Այսօր ուղղաթիռը նկարահանող խմբի բերեց, հասցրեց Գյումրի, և իրենք կես ժամվա ընթացքում տեսան ևս մեկ քաղաք։ Զբոսաշրջության այդ տեսակը Վրաստանում դեռևս զարգացած չէ», -ասաց Սյուզաննա Ազոյանը։

Ըստ մեր զրուցակցի, Հայաստանում շատ արագ զարգանում է բիզնես զբոսաշրջության տեսակը, օրինակ՝ Ռուսաստանից գալիս են մի քանի օրով, Հայաստանում անցկացնում են իրենց գագաթաժողովները և վերադառնում են։ Կազմակերպված զբոսաշրջության դեպքում դեպքում զբոսաշրջիկները նաև պատմամշակութային ու արկածային տեսակն են գերադասում։

«Եվրոպական երկրներից մեծ մասամբ գերմանացիներն են խմբով ճանապարհորդում, ֆրանսիացիները, իտալացիները։

Եվրոպացիները գնահատում են մեր պատմամշակութային հարստությունը, արկածային զբոսաշրջության հնարավորությունները, մարդկային գործոնը։ Յուրաքանչյուր արտասահմանցի տուրօպերատոր, որը գալիս է Հայաստան՝ երկիրը ճանաչելու և հետագայում զբոսաշրջիկին երկիրն առաջարկելու համար, սովորաբար, երբ հարցնում ենք՝ ինչի՞ համար էիք եկել և ի՞նչ տպավորություններ ստացաք, ասում են՝ ուշադիր եղեք ձեր ժողովրդին, ժողովուրդը ձեր ամենամեծ հարստությունն է։ Բացի այն մեծ առավելություններից, որ ունի Հայաստանը՝ առաջին քրիստոնյա երկիրն է, այսօր վիզային ռեժիմն է հեշտացել, մարդիկ 45-ից ավելի երկրներից կարող են գալ առանց վիզաների կամ տեղում են ստանում վիզա, մեծ նշանակություն ունի մարդկային գործոնը։ Սովորաբար նույնիսկ, եթե մարդիկ լեզուն չգիտեն, ասենք, չեն խոսում չինարեն, ռուսերենով են փորձում բացատրել՝ ուր գնան, ոնց անեն և ոնց իրենց ժամանցն անցկացնեն։

Մի պատմություն պատմեմ․ մի տուրօպերատոր ունենք, մի անգամ ասաց՝ հիմա ես գյուղում ում դուռը թակեմ, կբացի՞ և կհյուրասիրի՞, ասացի՝ միանշանակ։ Որոշեց փորձել, և մենք թակեցինք նրա ընտրած դուռը։ Մտանք այդ տուն, թույլ չտվեց, որ ասեի՝ մենք ովքեր ենք, ուղղակի ասաց՝ ուզում եմ սուրճ խմել, մարդիկ մեզ հետ նստեցին սեղանի շուրջ և սկսեցին պատմել՝ ոնց են ապրում, ասացին, որ պանիր են արտադրում, հետո ասացին, որ ձու ունեն, կարագ ունեն և ինչի մասին խոսում էին, երկու վայրկյան հետո հայտնվում էր սեղանին։ Զբոսաշրջային գործակալն ասաց՝ վախենում եմ հարցնել՝ կով ունե՞ն, թե՞ չունեն, որովհետև կարծում եմ, որ հինգ րոպե հետո կհայտնվի սեղանին։ Այդքան հյուրընկալ էին։

Երբ մենք դուրս եկանք, ասաց՝ սա հյուրընկալություն չէ, սա մի ուրիշ բան է, որ բնորոշ է մարդասիրությանը, դուք շատ հարուստ եք, որ ձեզ՝ հայերիդ մոտ այդ ամենը կա։ Իրոք, մեր ամենամեծ հարստությունը մարդկային գործոնն է, դա մենք պիտի պահենք, պահպանենք և կիսվենք զբոսաշրջիկների հետ»,-պատմեց Սյուզաննա Ազոյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Սյուզաննա Ազոյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այո, ըսելիք չկայ, դրսեցիների նկատմամբ ձեր ջերմութիւնը, հոգածութիւնը, փափկանկատութիւնը անվիճելի են, անմրցելի

    միայն թէ, եթէ կարողանայիք այդ մօտեցման մի փոքր տոկոսը գոնէ իսկապէս – հարազատօրէն եւ ըստ խորքի – զգալ եւ ցուցաբերել նաեւ դուք ձեզ, իրարու միջեւ, բնիկների միջեւ, այն ատեն իսկապէս իւրայատուկ երկիր կը դառնար Հայաստանն ու Արցախը

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031