Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն թող իրենք՝ «Ծառուկյան» դաշինքի, ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի պատգամավորները որոշեն ինչպես կքվեարկեն, իրենց գործն է, մենք մեր գործն արեցինք». Լենա Նազարյան

Հոկտեմբեր 23,2018 21:25

Այսօր Aravot.am-ը «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին հարցրեց՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հեգնեց, որ 69 պատգամավորի համաձայնություն ունեիք, որ պետք է կողմ քվեարկեին «Ընտրական օրենսգրքի» նախագծին, բայց հազիվ 57-ը եկան, վա՞տ էր կազմակերպված, թե՞ ՀՀԿ-ի հետ ներքին գործարքների արդյունքում այդ պատկերը ստացվեց ու, չեկան՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Մենք նախնական պայմանավորվածություն ունեցել ենք, բայց միեւնույն ժամանակ մենք ասել ենք, որ մեզ համար կենսական անհրաժեշտություն չի այս ԸՕ-ի բարեփոխումը, մենք կարող ենք ընտրություններին մասնակցել ե՛ւ գործող օրենսդրությամբ, ե՛ւ փոփոխված տարբերակով: Շահագրգռված պիտի լինեն այն կուսակցությունները, դաշինքները, որոնք չունեն շատ հանրային աջակցություն, թույլ են կամ նոր են ձեւավորվում: Այդ պայմանները առավել շատ նրանց համար են, մենք հեշտացնում ենք ընթացակարգերը նրանց համար՝ ընտրագրավի չափն է իջնում, անցողիկ շեմն է նվազում, 4-րդ կուսակցությունն անցնում է, եթե 2 տոկոս են ստանում, սրանք հնարավորություններ են: Մենք երկրորդ անգամ արտահերթ անելու ստորագրահավաքին միացանք ու արդեն թող իրենք՝ «Ծառուկյան» դաշինքի, ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի պատգամավորները որոշեն ինչպես կքվեարկեն, արդեն իրենց գործն է, մենք մեր գործն արեցինք այստեղ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ՀՀԿ-ն ասաց, որ իրենք քաղաքական շահ չունեն, որ, անպայման, գործող օրենսգիրքը մնա, էլ ռեյտինգայինն իրենց չի օգնում, քանի որ ռեյտինգայինով  անցած ուժերն անջատվել են ՀՀԿ-ից, ռեյտինգայինի այդ թաղային «հեղինակություններն» արդեն ՔՊ-ի՞ն են միացել ու ձե՞ր ցուցակով են մասնակցելու՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն այնքան քիչ հանրային աջակցություն ունի, որ չեմ կարծում մարզերում որեւէ թեկնածու ցանկանա համագործակցել այդ կուսակցության հետ եւ իրենց կողմից առաջադրվել թեկնածու: Ես նույնիսկ վատ եմ պատկերացնում, թե ինչ ասելիքով են իրենք հանդես գալու քարոզարշավի ընթացքում, եթե որոշեն առաջադրվել եւ ինչ տեսակ քարոզարշավ են անելու: Այսինքն` դուրս են գալու փողոց, հանդիպելու են մարդկա՞նց, ի՞նչ կարգախոսով, չեմ պատկերացնում: Համաձայն եմ, այդտեղ չի իրենց քաղաքական շահը: Իրենց քաղաքական շահն է շահարկել ու ամեն տեղ բոլորին ասել, որ այս պրոցեսն իշխանությունը վատ է կազմակերպում: ՀՀԿ-ի քաղաքական շահն այն է, որ ասեն՝ ժողովրդավար չի եղել պրոցեսը, հապճեպ է եղել, ներառական չի եղել, մինչդեռ ամառվանից խմբակցությունները մասնակցել են քննարկումներին, իրենց առաջարկներն են ներկայացրել: Ես շատ լավ հիշում եմ, որ ՀՀԿ-ն այդ քննարկումների ժամանակ ներկայացնում էր անիրատեսական առաջարկներ, ասում էր՝ ոչ միայն գրանցումը, քվեարկությունն էլ պիտի սարքով լինի, նույնականացման քարտ բոլորը ստանան՝ ի սկզբանե շատ պարզ իմանալով, որ կարճ ժամանակում հնարավոր չի, որ կառավարությունը կարողանա դա անել: Եթե իրենք կառավարություն լինեին՝ իրենք էին մերժելու»:

Մենք ճշտեցինք՝ եթե հին օրենսգրքով արտահերթ ընտրությունների գնաք, ռեյտինգայինով ՀՀԿ-ին ձայն բերած թեկնածուները հնարավո՞ր է հիմա էլ «ՔՊ»-ի վարկանիշային ցուցակով առաջադրվեն ու ձեզ ձայն բերեն՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Չէ, այդպես միանշանակ չի: Մենք կողմ ենք քաղաքական ընտրությունների: Այդ թեկնածուները, շատ հաճախ օգտագործելով իրենց ազդեցությունը տեղում, շատ հաճախ ոչ քաղաքական մեթոդներով կարողացել են ձայներ ապահովել, բայց մենք դրան դեմ ենք, ինքներս չենք ուզում, որ այդպիսի ընտրություն լինի, հետեւապես մեր ցուցակում ընդգրկված կլինեն միայն մարդիկ, ովքեր իսկապես ուզում են քաղաքականությամբ զբաղվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքականություն,որը անկախ Հայաստանում գործում է որովայնի լցումով,թալանով,խաբելով և հնչեղ ծրագրերով:
    Քաղաքականություն,որը վաճառում է ազգի շահը և ամենախայտառակ ստորագույն պայմաններով հաշտվում այն մտքի հետ,որ ազգը ստրուկի կարգավիճակում պետք է գոյատևի:
    Քաղաքականություն,որը նմանվել է Աթաբեկ Խնկոյանի Խոզն ու ագռավը առակին:
    Եթե չլիներ ընտրագրավը և տեսնելով պարապ սարապ պատգամավորների գործունեությունը,ապա կունենայինք միլիոնավոր թեկնածուներ:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/10/23/988900/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/10/23/988900/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/10/23/988900/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031