ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ բացահայտելու խանութ-սրահից գողություն կատարած անձանց ինքնությունը:
ՍՊԸ ընկերությունից սեպտեմբերի 5-ին ահազանգ է ստացվել առ այն, որ 2018թ օգոստոսի 19-ին երկու երիտասարդ գնումներ կատարելու պատրվակով մտել են շինանյութի խանութ- սրահ և, օգտվելով աշխատակիցների անուշադրությունից, գաղտնի հափշտակել են ալմաստե սկավառակներ՝ ընկերությանը պատճառելով զգալի չափի՝ 240.000 դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունը իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են խանութում գործող անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած, գողությանը հնարավոր ականատես անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, հանձնարարություններ տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ վերջիններիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Իրականացվող միջոցառումների շրջանակներում հրապարակում ենք խանութից առգրավված տեսանյութը։
Խնդրում ենք տեսապատկերված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին , հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե