Մինչ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի եւ «Վալլեքս» խմբի ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանի միջեւ բանակցություններ են տեղի ունենում, Վալլեքս» խմբի «Էյ-սի-փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանի հրամանով բոլոր աշխատակիցներին աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին ծանուցագիր է ուղարկվում:
Անցած շաբաթվանից Ալավերդու պղնձաձուլարանը չի աշխատում. Այն գրավադրված է բանկերից մեկում, եւ, ըստ ընկերության, հնարավոր է՝ գործարանն անցնի այդ բանկին:
Aravot.am-ի հետ զրույցում ընկերության աշխատակից Արմեն Կիրակոսյանը,որը 13 տարի այս ընկերությունում աշխատել է որպես ամբարձիչ մեքենավար-կռունկավար, ասաց, որ այսօր առավոտյան աշխատանքից ազատման ծանուցում է ստացել: Կիրակոսյանը վստահեցրեց՝ բոլոր՝ 600-ից ավելի աշխատակիցներին են ծանուցումներ ուղարկել:
Ալավերդի քաղաքի բնակիչների մոտ 90%-ը, ինչպես Արմեն Կիրակոսյանն ասաց, աշխատում էր պղնձաձուլարանում, գործարանը նրա եկամտի միակ աղբյուրն էր:
«Գործարանում աշխատող գրեթե բոլորը խանութներից «նիսյայով», կամ ապառիկով առեւտուր էին անում: Ամեն ամսի 13-ից սկսած աշխատավարձ էին ստանում ու վճարումներն անում՝ խանութներն էլ եկամուտ էր մտնում: Մարդիկ այս ամիս աշխատավարձը ստացել են, պարտքերն ու տոկոսները վճարել: Բայց հիմա խանութները գիտեն, որ խնդիր կա, «նիսյայով» հաց էլ չեն տալիս»,-պատմեց Արմեն Կիրակոսյանը:
Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյան Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ բանակցությունները շարունակվում են, իսկ աշխատակիցների հետ պայմանագրի լուծման մասին ծանուցումների մասին մամուլից են տեղեկացել:
Անդրադառնալով բանակցությունների ընթացքին, Հունանյանը հիշեցրեց՝ ընկերությունը կառավարությանը առաջարկություններ է ներկայացրել, առաջարկները քննարկվել են.«Հիմա աշխատանքներ ենք տանում, որպեսզի համապարփակ լուծում գտնվի: Մի քանի կոմպոնենտներ կան, մեկը՝ նոր պղնձաձուլարանի վերաբերյալ բանակցություններ են ընթանում: Միտք կա չինական կողմի ներգրավմամբ նոր գործարան կառուցելու, որը կհամապատասխանի բնապահպանական չափորոշիչներին: Եվ սրան զուգահեռ կառավարությունը ակտիվ աշխատում է, որպեսզի նոր ներդրումներ եւ ծրագրեր տանի Ալավերդու շրջան, որովհետեւ խելամիտ չէ, կայուն զարգացման նպատակին դեմ է, երբ նրանք ամբողջովին կախված են մի աշխատատեղից: Նպատակ ունենք այդտեղ նոր հնարավորություններ ստեղծենք: Հիմա փորձում ենք միջանկյալ լուծումներ գտնել, որպեսզի այդ ընթացքում չտուժեն ե՛ւ աշխատողները, ե՛ւ բնապահպանական խնդիրներ չլինեն»:
Հունանյանի խոսքերով՝ կառավարությունը միջնորդ է «Վալլեքսի» եւ բանկի միջեւ, որոնք 2 առանձին սուբյեկտներ են. «Մենք փորձում ենք միջնորդել, որպեսզի նրանց տեսակետներն ավելի մոտենան եւ գան ինչ-որ լուծման»:
Արդյոք փորձո՞ւմ եք լուծում գտնել, որպեսզի գործարանն աշխատի, մեր այս հարցին ի պատասխան Հունանյանն ասաց.«Լուծումներ ենք փնտրում, որպեսզի սոցիալական խնդիր չառաջանա այնտեղ: Մենք դրանով մտահոգված ենք»:
Մինչեւ նշված երկարաժամկետ ծրագրերի համար ներդրումներ գտնվեն, ի՞նչ է մտադիր անել կառավարությունն այս ընթացքում, որպեսզի 600-ից ավելի աշխատակիցներ եւ ընտանիքիներ չզրկվեն եկամտի աղբյուրից, մեր այս հարցին ի պատասխան Հունանյանը կրկին նշեց՝ բանկի եւ ընկերության միջեւ տեղի ունեցող բանակցությունները, որի համար միջնորդ է կառավարությունը.«Բանակցությունը գործընթաց է, մինչեւ որեւէ արդյունք չլինի, ամեն ինչ չհամաձայնեցնենք, սխալ կլինի որեւէ բան ասել: Մեր աշխատանքն է՝ կողմերին նստեցնել սեղանի շուրջ, տեսնենք ինչ խնդիրներ կան, որ լուծենք, որպեսզի մարդիկ իրենց աշխատանքը չկորցնեն»:
Իսկ աշխատակիցներին պայմանագրի լուծման ծանուցումների մասին էլ Հունանյանն ասաց. «Երբ լուծում գտնվի, այդ գործընթացն է՛լ չի լինի»:
Բնապահպանական տեսչական մարմինը մեկուկես ամիս առաջ 380 միլիոն դրամով տուգանեց ընկերությանը, եւ ժամանակ տվել՝ մինչեւ դեկտեմբեր՝ նվազեցնել արտանետումները։ Պղնձաձուլարանը շահագործեց ընկերությունը, սակայն, վստահեցնում է, որ տեխնիկապես հնարավորություն չունեն արտանետումները նվազեցնելու:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ