«Ռուսաստանի հայերի միության» նախագահ, գործարար Արա Աբրահամյանը, որը 2016թ. հայտարարել էր, որ մասնակցելու է 2017թ. ՀՀ ԱԺ ընտրություններին, այսօր չի հստակեցնում՝ մասնակցելո՞ւ է առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Նովոստի-Արմենիա» գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա տեղեկացրեց, որ երկու տարի առաջ ընտրություններին չմասնակցեց ինչ-ինչ պատճառներով, թեեւ լավ պատրաստվել էր:
Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություններ կային, որ նա առողջական խնդիրների պատճառով չի մասնակցել նախորդ ԱԺ ընտրություններին:
«Հիմա կենտրոնացած եմ առկա խնդիրների վրա: Անձամբ չեմ պատրաստվում մասնակցել, բայց բոլոր ժամանակներում մասնակցել եմ երկրի կյանքին՝ որպես հասարակական գործիչ»,-հայտարարեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե գործարարն, այնուամենայնիվ, որոշի չմասնակցել ընտրություններին, ո՞ր քաղաքական ուժին կսատարի: «Լավ հիշեցրիք՝ պետք է մտածեմ՝ ո՞ւմ կսատարեմ, եթե անձամբ չմասնակցեմ»,-պատասխանեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ