Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեր հետ ուլտիմատումներով, վախեցնելով, վերջնագրերով չի՛ ստացվելու». Ռուստամյանը՝ ՔՊ-ին

Հոկտեմբեր 23,2018 17:24

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչո՞ւ երկուշաբթի «Ընտրական օրենսգիրքը» քննարկելու համար արտահերթ հրավիրելու ստորագրահավաքին չմիացան, պատասխանեց, որ եթե միանային, կստացվեր, թե իրենք համահեղինակ են. «Մենք երեք առաջարկություն ենք արել, որոնցից ամեն մեկը մյուսից լավն է ու երեքն էլ մերժել են, ինչո՞ւ պիտի նախագծին միանանք: Մենք կողմ ենք նախագծին, բայց համահեղինակ չենք: Ինչո՞ւ պիտի ես համահեղինակ լինեմ մի բանի, որտեղ իմ ասածներից ոչ մի բան չի ընդունվում»:

Մեր զարմանքին, որ դուք դեմ չէի՞ք ռեյտինգային ընտրակարգին, նոր օրենսգրքով ռեյտինգայինը դուրս է գալիս, ինչպե՞ս է, որ ձեր առաջարկներից չի ընդունվել՝ Ռուստամյանը պատասխանեց, որ ռեյտինգայինի հետ կապված բոլորն են համաձայնել. «Բայց մեր երեք առաջարկները չընդունելու պարագայում մենք աչքներս փակ որեւէ նախաձեռնությանը չենք միանա: Եթե մեր հետ որեւէ բան չեն համաձայնեցնում, մենք չենք միանում էդ նախաձեռնություններին, սա է ՀՅԴ-ի տեսակը, պիտի հաշվի նստեն էդ տեսակի հետ: Մեր հետ ուլտիմատումներով, վախեցնելով, վերջնագրերով չի՛ ստացվելու»:

Մենք ճշտեցինք ՝մի տեսակ նեղացա՞ծ եք՝ Ռուստամյանը պատասխանեց. «Մենք նեղացած չենք, էդ ուրիշներն են որոշել, որ ՀՅԴ-ի հետ կարող են էդ լեզվով խոսել: Ում հետ կարան խոսեն, մեր հետ էլ են փորձել՝ չի ստացվել: Ներկա իշխանությունները բոլոր իշխանությունների ճակատագիրը թող չկրկնեն, բոլորին թվում էր, թե ՀՅԴ-ն բոլորի հետ, իշխանությունների հետ հենց տեղ լինի՝ մտնում է, բա խի՞ հիմա դրա մասին չեն խոսում, որովհետեւ մեր տեսակետը պահպանում ենք»: Մեր հարցին՝ իսկ կարո՞ղ է այլ հեռանկար ունեք, դրա համար այս իշխանությունների հետ չեք՝ նա պատասխանեց. «Մեր հեռանկարը ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանն է, ուրիշ հեռանկար չունի ՀՅԴ-ն»: Ճշտեցինք, օրինակ, ռեւանշի… Ռուստամյանը պատասխանեց. «Եթե ռեւանշով ենք գալու ազատ, անկախ, միացյալ Հայաստանի՝ այո»:

Ռուստամյանն ասաց, որ երեկ իրենց տեսակետն ասել են առաջին փոխվարչապետին ու զարմացած են, թե ինչո՞ւ են այսօր նորից եկել իրենց դուռը, թե՝ միացեք արտահերթի ստորագրահավաքին. «Հիմա իրենք գալիս են, որպեսզի մեր վրա ճնշում բանեցնեն, թե տեսեք՝ գնացինք, ՀՅԴ-ն մերժեց: Իրենք չպիտի գային մեզնից ստորագրություն խնդրելու»:

Հարցին՝ այս ամեն ինչից հետո ժողովուրդը կհասկանա՞ ձեզ, կընտրի՞, ձեզ չե՞ք վնասում՝ Ռուստամյանը պատասխանեց, որ իրենք ունեն համախոհների իրենց շրջանակը, որը կարող է տատանվի, բայց ՀՅԴ-ի գոյությունը դրա հետ չի պայմանավորված, եղել է ժամանակ, որ 1 պատգամավոր է ունեցել ՀՅԴ-ն:

Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն եղել է, կա ու լինելու է:

Մեր հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն քաղաքական ուժերը, որոնք ժողովրդի ձայնը հաշվի չառնեն, պատմության աղբանոցում կհայտնվեն, դուք մտավախություն չունե՞ք, որ այդ հետքերով կգնա ձեր ուժը՝ Ռուստամյանը պատասխանեց. «Այնքան մարդիկ են այդպիսի հայտարարություններ փորձել վերագրել ՀՅԴ-ին, նախ ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի ՀՅԴ-ին: Թող ամեն մեկը մտածի, որ կարող են իրենք հայտնվեն որեւէ տեղ: 128 տարի ՀՅԴ-ի նկատմամբ ինչ ասես ասել են, բայց ՀՅԴ-ն կա, դա ինչ-որ բան նշանակո՞ւմ է, թե՞ ոչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031