Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ․ սրանք եղել են ինադու ընդդիմություն, այսուհետեւ մեզ պետք է գաղափարական ընդդիմություն». Անուշ Սեդրակյան

Հոկտեմբեր 23,2018 17:02

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ, 2018 թվականի հոկտեմբերի 21-ին անցկացված ՏԻՄ ընտրություններն ավելի արդար էին, քաղաքական ներկապնակն ավելի գունեղ։

«Այս ամենով հանդերձ, պետք է նշեմ, որ այս վերջին ընտրությունների ժամանակ կրկին ականատես չեղանք գաղափարների և ծրագրերի մրցակցության»,- այսօր «Մեդիա» կենտրոնում կայացած ասուլիսում ընտրություններին նման գնահատական տվեց քաղաքագետը։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի տապալմանը՝ տիկին Սեդրակյանը նկատեց, որ այն տապալվել է բոլոր խմբակցությունների համատեղ գործունեության արդյունքում. «Միասնական չափանիշ է մեզ պետք․ օրինակ՝ կամ պետք է բոլոր նախկին կոալիցիաները դեմոնիզացվեն կամ համաներվեն, կամ բոլոր օլիգարխները ենթարկվում են պատժի կամ համաներվում են․ պետք է կիրառել այդ չափանիշը, որը հետագայում կդառնա ուղղորդող պետական ծրագրի իրականացման ժամանակ, քանի որ, երբ հեղափոխական իշխանությունը դառնա պետական իշխանություն, պետք է սկսի երկրի պետականաշինությունը»:

Նրա խոսքով, հեղափոխությունից հետո էլ պետք է լինի գաղափարական ընդդիմություն. «ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ․ սրանք եղել են ինադու ընդդիմություն, այսուհետեւ մեզ պետք է գաղափարական ընդդիմություն»։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանն էլ կարծիք հայտնեց, որ թե ՏԻՄ ընտրությունները, թե Երևանի ավագանու ընտրություններն անցել են ազատ և թափանցիկ, իսկ այն, որ որոշ տեղերում էլ ՔՊ-ական թեկնածուն չհաղթեց, վկայում է՝ իշխանությունները չեն կիրառել վարչական ռեսուրս կամ ճնշում։

Անդրադառնալով սպասվող Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին՝ Վարդանյանը նկատեց, որ հին Ընտրական օրենսգրքով անցկացնելու հանգամանքը խոչընդոտ չի լինի. «Ինչ-որ տեղ ռեյտինգայինը կարող է նույնիսկ ծառայել նոր իշխանությանը։ Այսօրվա դրությամբ այդ համակարգը խոչընդոտ չէ հեղափոխության համար, իսկ նախկին իշխանության գնահատականը նոր Ընտրական օրենսգրքին պայմանավորված է նրանով, որ, ընդամենը, ցանկանում են ցույց տալ, որ իրենք խնդիրներ ստեղծող ուժ են և իրենց քաղաքական դաշտից չի կարելի հեռացնել»:

Քաղաքագետ Հակոբ Բադալյանն էլ ասաց, թե ՀՀԿ-ի կողմից դրսևորվող սաբոտաժի դեպքերի արդյունքում ուժեղանում է հեղափոխությունը. «Ժամանակն է, որ անցնենք պետական զարգացման քաղաքականությանը։ Հանրապետականն իր քայլերով զրկում է մանևրելու հնարավորությունից իր հետ համագործակցող մյուս ուժերին։ Այն, որ այսօր ԲՀԿ-ն է ավելի շատ դժգոհում ՀՀԿ-ի բոյկոտից, քան Նիկոլ Փաշինյանը, ասվածի ապացույցն է, հետևաբար ՀՀԿ-ի մրցակցությունն արդեն ոչ թե իշխանության, այլ համակարգի մյուս սեգմենտների հետ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031