Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴՄ-ների ներմուծման եւ իրացման շուկայի մենաշնորհը վերացվում է

Հոկտեմբեր 23,2018 16:22

Տարիներ շարունակ եւ մինչ օրս հսկիչ դրամարկղային մեքենաների ներկրումն ու իրացումը մենաշնորհ էր: Այն իրականացնում էր Պետական եկամուտների կոմիտեի ենթակայությամբ գործող «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը: Իսկ դրանց վաճառքի գինը սահմանում էր ՊԵԿ նախագահը:

Այս ՊՈԱԿ-ի ներկրած նոր սերնդի ՀԴՄ-ները ներդրման սկզբնական փուլում վաճառվում էին 369.600 դրամով: Հետո կառավարությունը որոշեց իջեցնել դրանց գները: Հիմա դրանք վաճառվում են 160 հազար դրամով:

Ինչ է արվում այս ոլորտում նախկին իշխանության ստեղծած արհեստական մենաշնորհը վերացնելու համար:

Պարզաբանում է պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանը: 

-Նախաձեռնում ենք հսկիչ դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացում, որը որոշ առումով կբերի նրան, որ շուկայում կհայտնվեն ՀԴՄ-ների այլ ներմուծողներ: Մենք ուզում ենք շուկան ազատականացնել, որպեսզի դաշտում այլ ներմուծողներ եւ իրացնողներ լինեն, ինչպես նաեւ ծրագրային ապահովում իրականացնեն: Շուկայում այլ մասնակիցների հայտնվելը կհանգեցնի գների իջեցմանը:

ՊԵԿ-ն արդեն մշակել է կառավարության որոշումների եւ օրենքների փոփոխությունների փաթեթը. այն ներկայացվել է տարբեր նախարարություններ: Կարծիքները ստանալուց հետո, մենք կներկայացնենք կառավարությանը: Այդ փոփոխությունների արդյունքում էապես կազատականացվի այդ շուկայի եւ ՀԴՄ-ների վաճառքի եւ սպասարկման գները:

Օրենսդրությամբ սահմանվում էր ՀԴՄ-ի համար տեխնիկական պահանջներ, որոնք բավականին ծավալուն էին, հնարավորինս կրճատում ենք այս պահանջները, սակայն պահպանվում են անվտանգության եւ մեր կարիքներից ելնելով վարչարարության նպատակով պահանջները: Այնուամենայնիվ, էականորեն քչանում են այդ պահանջները, որպեսզի ավելի շատ ՀԴՄ սարքեր համապատասխանեն այդ պահանջներին: Փոփոխությունից հետո ՊԵԿ նախագահը չի սահմանի ՀԴՄ իրացման գինը, որովհետեւ լինելու է ազատ մրցակցային շուկա, գինը շուկան է թելադրելու: Սպասարկման բնագավառում եւս կար ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ի խիստ վերահսկողություն, որը բոլոր սպասարկող կազմակերպությունների հետ ուներ պայմանագիր, որի առկայության դեպքում միայն կարող էին այդ սպասարկումն իրականացնել: Սպասարկման պայմանագիրը կնքվող նախորդող փուլում ընկերությունները անցնում էին ընտրության միջոցառումներ, որտեղ սահմանված էին ընկերություններին վերաբերող պահանջները: Այս փոփոխությամբ, այդ պահանջները եւս էականորեն նվազեցվում են:

Արդյոք ցանկացած տնտեսվարող կարող է ցանկացած երկրից օրենքով պահանջվող չափանիշներին համապատասխան սարքը ձեռք բերել եւ այն կիրառել իր բիզնեսում:

-Ոչ, դա չի նշանակում, որ ցանկացած սուբյեկտ կարող է ՀԴՄ սարք բերել եւ կիրառել: Որովհետեւ այդ սարքի համար անհրաժեշտ կլինի հատուկ ծրագրային միջոց: Այսինքն՝ կլինեն կազմակերպություններ, որոնք կկարողանան որոշակի խմբաքանակ ներմուծել, դրա համար մշակել, ներդնել ծրագիր, կամ պատվիրել, որպեսզի արտադրողն այդ ծրագիրը ներբեռնի սարքերի մեջ նոր ներմուծեն եւ վերավաճառեն: Ես չեմ կարծում, որ մեկ տնտեսվարող սուբյեկտի համար այդ ծրագիրը գրելու նախաձեռնելու ծախսը կարող է արդարացված լինել: Դրանով զբաղվում են մասնագիտացված ընկերությունները: Ուղղակի նախկինում դա միայն ՊՈԱԿ-ի գործառույթն էր, հիմա ցանկացած տնտեսվարող կարող է որոշակի խմբաքանակ ներմուծել, ներբեռնել ծրագիրն ու վաճառել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031