Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ զարմացնում է, որ այս իշխանությունների ուշադրության կենտրոնում չեն հայտնվել բանակում մահվան դեպքերը». Ժաննա Ալեքսանյան

Հոկտեմբեր 23,2018 15:43

«Ինձ զարմացնում է, որ այս իշխանությունների ուշադրության կենտրոնում չեն հայտնվել բանակում մահվան դեպքերը», -«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

Նրա տեղեկացմամբ՝ այս տարի բանակում, սեպտեմբերը ներառյալ, 34 մահվան դեպք է եղել և 9-ը ինքնասպանության որակումով: Ժաննա Ալեքսանյանն այս առիթով ասաց. «Ինքնասպանության դեպքերը միշտ կասկածելի են. չեմ տեսել մի դեպք, որ երբ գործը հարուցվի ինքնասպանությունով, հետո փոխվի, դառնա սպանություն: Մինչ հեղափոխությունը դատարաններով առանց ապացուցելու հաստատված մեղադրանքները, որ թողնում են ինքնասպանություն և վերջ: Գործի քննության ընթացքում համոզվում ենք, որ դա ինքնասպանություն լինել չի կարող, քանի որ ձեռք ենք բերում ապացույցներ: Փորձում ենք խախտումների վերաբերյալ ստանալ լիարժեք ապացույցներ և չենք ստանում: Նույնը շարունակվում է հեղափոխությունից հետո: Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը խիստ հետաքրքրված է բանակով, և դրա համար սա առաջնային խնդիրներից մեկն է: Բայց տեսա, որ այդ հարցը առաջնային խնդիր չի դարձել իշխանության համար: Ինը դեպք հեղափոխության ընթացքում, և դա չգրավի վարչապետի ուշադրությունը, չլինի նրա ուշադրության կենտրոնո՞ւմ»:

Ժաննա Ալեքսանյանը հույս ունի, որ հեղափոխությունից հետո այդ համակարգը չենք տեսնի, հույս ունի, որ ինչ-որ բան կփոխվի: Նա վրդովվեց. «Անձը մեկնում է բանակ՝ իր պարտքը կատարելու, և ծնողներին վերադարձնում են դիակները՝ ինքնասպանության որակումով»:

Դառնալով Գևորգ Հարոյանի դեպքին, երբ զինվորը կապտուկներով եղել է զորամասում, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձրել, ի վերջո, նա մահացել է, Ժաննա Ալեքսանյանն ասաց. «Գևորգ Հարոյանի ծնողները փորձել են մոտենալ Նիկոլ Փաշինյանին և խոսել, բայց դեռ արձագանքներ չկան: Զորամասի հրամանատարական կազմն ո՞ւր է հիմա, կանչե՞լ է ՊՆ նախարարը ասել՝ ի՞նչ էիք անում, որ կապտուկներով քայլում է զինվորը: Ծաղրել, նվաստացրել են Գևորգին, չկա՞ր հրամանատարական կազմում մարդ, որը դա պետք է տեսներ: Ամենաարտառոցն այն է, որ դեպքից հետո չենք տեսնում Դավիթ Տոնոյանի ելույթը, որ ներողություն խնդրի, որպեսզի հասկանանք ՝ պատասխանատու է այդ դեպքերի համար»:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի փաստաբան Հայարփի Սարգսյանը հայտարարեց. «Զինվորական մահվան այն գործերով, որոնցով ձևակերպված է ինքնասպանություն, հիմնականում այն զենքը, որով ինքն է իրականացրել իր ինքնասպանությունը, չի ունենում որևէ մատնահետք: Ստացվում է՝ ինքն իրեն սպանել է, վերակենդանացել, մատնահետքերը մաքրել, հետո մահացել: Դա մեկ- երկու դեպք չէ, մի շարք դեպքեր են»:

Հայարփի Սարգսյանն էլ խոսեց մի դեպքի մասին, երբ զինծառայողի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են իրականացվել. «Զինծառայողի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են իրականացվել սպայի կողմից, այդ մասին նա հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, չնայած ռազմական ոստիկանությունում գտնվելու դեպքում ցուցմունքը փոխել է: Դատարանում հայտարարեց, որ չի հաստատում, որ բռնություն է, բայց մենք հստակ դատաբժշկական փորձաքննության արդյունքներ ունենք, որ ցույց է տալիս՝ ինքն այդ վնասվածքն ունի: Թե ինչի արդյունքում է ցուցմունքը նախաքննության ժամանակ փոխել, այդ մասով գլխավոր դատախազությունը պետք է քննություն ներկայացներ, այլ ոչ թե հասարակության մեջ թյուրըմբռնումներ տաներ: Այս պահին շարունակում է նրա կյանքին վտանգ սպառնալ: Նա հրամանատարական հսկողության է հանձնված. գրեթե պատանդի կարգավիճակում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031