Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարյալ սիեստա իրավապահ համակարգում

Հոկտեմբեր 23,2018 14:49

Ըստ Հ.Հ. վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2018 թվականի հունվար-օգոստոս ընկած ժամանակահատվածում, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրական սանդղակում կրկին կայուն աճ է նկատվում, այնպես ինչպես անցյալ մի քանի տարիների ընթացքում: Վերը նշված ժամանակահատվածում անցած տարվա համեմատ, օրինակ, 1000-ով ավելացել է նշյալ հանցագործությունները թիվը՝ 4991-ից հասնելով 5993-ի, որտեղ պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքերը մեկ տարվա կտրվածքով 74-ից հասել են 395-ի, իսկ բնակարանային գողությունները 505-ից՝ 782-ի:

Աճի այս տվյալների մասին տեղյակ են նաև, բնականաբար, Հ.Հ. իրավապահ մարմիններում համապատասխան գործառույթ իրականացնող աշխատակիցները, սակայն, ամենազարմանալին այն է, որ նրանցից շատերը, այդ վիճակագրությունը տուժողներին ներկայացնում են, որպես գործի բացահայտումից ձեռք քաշելու հիմնավոր պատճառ, այն է` թե, հանրապետությունում այսքան մեծ քանակությամբ գողություն կատարվում և մենք ի վիճակի չենք բացահայտել բոլորը: Ասել է թե, եթե նրանք նման կայուն համոզմունք ունեն, որ ի վիճակի չեն բացահայտել յուրաքանչյուր հանցագործություն, ուրեմն կարիք էլ չկա զբաղվել դրանց քննությամբ:

Ասվածը մերկապարանոց հայտարարություն չի և հիմնված է կոնկրետ դեպքի վրա: Հոկտեմբերի 19-ին, ուրբաթ երեկոյան, Երևանի Խորենացու 25 հասցեում կատարվել է բնակարանային գողություն, հափշտակվել է մոտ 5000 $ արժողությամբ ոսկյա զարդեղեն: Ժամանել է ոստիկանությունը, կազմել արձանագրություն և հեռացել:

Հաջորդիվ, դեպքի նախաքննությամբ զբաղվող Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքի քննչական ծառայության ավագ քննիչ Հարություն Մանուկյանի հետ զրույցից պարզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում շաբաթ և կիրակի օրերին լիակատար սիեստա է՝ չեն աշխատում ոստիկանությունը, քննչական մարմիները, դատարանները, փոստային ծառայությունը և այլն, այդ իսկ պատճառով դեպքի առթիվ կատարված արձանագրությունը և հարուցված քրեական գործի վարույթը մնացել են քննիչի սեղանին մինչև երկուշաբթի: Իսկ երկուշաբթի, քննիչը, սարսափելի զբաղվածության պատճառով, կրկին չի հասցրել ոչ մի նախաքննական գործողություն իրականացնել: Այսինքն՝ հանցագործությունից անցել է արդեն չորս օր, բայց որևէ վկա կամ կասկածյալ դեռ չի հարցաքննվել: Էլ չենք խոսում մնացյալ՝ օրենքով նախատեսված նախաքննական գործողությունների, զննությունների և այլնի մասին:

Դիտարկմանը, թե ՀՀ քրեական օրենսգրքում ոչ մի հիշատակում չկա այն մասին, որ հանգստյան օրերին լիարժեքորեն կասեցվում է իրավապահ մարմինների աշխատանքը, պարոն Մանուկյանը առաջարկում է՝ հանդես գալ նման օրենսդրական նախաձեռնությամբ, քանի որ բոլորը հանգստանալու իրավունք ունեն:

Համաձայն եմ, իհարկե, ունեն, և մտածում եմ գուցե, միանգամից հանդես գանք նաև հետևյալ նախաձեռնությամբ, որ օրենքով իրավապահ համակարգի աշխատակիցներին թույլատրվի նաև աշխատասենյակներում ծխել նարգիլե, ինչը Կենտրոնի քննչականի շենքի չորորդ հարկում նստած՝ մեծ հաճույքով վայելում են երիտասարդ իրավապահները և ինչին զարմանքով ականատես է եղել տվյալ գործով տուժողը, երբ՝ վերից վար բացուխուփ անելով շենքի բոլոր դռները՝ քննիչ Մանուկյանի խորհրդով փորձել է ինքնուրույն տեղեկություններ հավաքել գործի վերաբերյալ օպերատիվ քննչական գործընթացի մասին:

Դեռ 2017 թվականի հոկտեմբերի 27-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին խստորեն հանձնարարվել էր, որ բնակարանային գողությունների դեպքերով անհրաժեշտ է անմիջապես ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ, դեպքի վայրի զննություն կատարել ամբողջական ծավալով և անհապաղ՝ գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու ու այդ խնդրում վիճակագրական դրական տենդենց ապահովելու նպատակով:

Անցել է մեկ տարի, ավելին՝ ՀՀ-ում փոխվել է իրավիճակ և իշխանություն, սակայն, կրկին մենք ունենք վիճակագրական աճ, իրենց պարտականությունների հանդեպ բացարձակ իներտ քննիչներ և աշխատանքային ժամերին աշխատասենյակներում լիարժեքորեն լիցքաթափվող իրավապահ մարմինների աշխատակիցներ:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031