Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա էդ ժամանակ ինչի՞ համար են ասում՝ թող ՀՀԿ-ն գա եւ աջակցի, եթե քաղաքական դաշտից դուրս ենք». Արա Բաբլոյան

Հոկտեմբեր 23,2018 14:22

«Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները հասցրել են հավաքել բավարար թվով ստորագրություններ եւ երկուշաբթի ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվելու նոր «Ընտրական օրենսգիրքը» քննարկելու համար: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց. «Ես ուզում եմ, որ մենք ազնիվ լինենք մեր պատկերացումներում եւ մեր դիրքորոշումներում ու մեր հայտարարությունների մեջ: Ես այսօր առավոտյան պարոն Ուրիխանյանի հարցին հստակ պատասխանեցի, որ այս պահին արդեն ՀՀԿ խմբակցությունը փոքրամասնություն է, շատ լավ գիտեք, որ խմբակցությունում նույնիսկ 40 մարդ չկա, դնել պատասխանատվությունը ընդդիմության վրա, երբ հայտարարեց, որ ինքը համաձայն չի կարճ ժամկետում կատարել ԸՕ-ում լուրջ փոփոխություններ…չնայած հայտարարել է, որ չի խոչընդոտի դեկտեմբերին նույնիսկ արտահերթ ընտրությունների գնալ, բայց պետք է ազնիվ լինել, որ այդ խմբակցությունն ազնիվ է թե՛ իր քաղաքական դիրքորոշման եւ թե՛ իր պատկերացումների մեջ»:

Ըստ Արա Բաբլոյանի, ՀՀԿ-ի ձայները պետք չէին, առնվազն 67-69 անձնավորություն տվել է իր նախնական համաձայնությունը, որ կաջակցեն ու ԸՕ-ն կանցնի. «Ցավալին նա է, որ մարդիկ տալով իրենց համաձայնությունը, միայն խոսքով են ասում, իրականում չտվեցին»:

Նա ասաց, որ հիմա նրանք, ովքեր չեն կատարել իրենց պարտականությունը, չեն եկել քվեարկության, նրանց վրա է դրված, որ պետք է նորից ստորագրություն հավաքեն ու արտահերթ կազմակերպեն ու դա, ըստ Բաբլոյանի, շատ ճիշտ մոտեցում է. «Ողջունում եմ, որ կառավարությունը չի գնացել ինքը երկրորդ անգամ հրավիրելու, այլ տվել է այդ հնարավորությունը նրանց, ովքեր չիրականացրեցին իրենց հնարավորությունը»:

Aravot.am-ը հարցրեց՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀԿ-ն ռեւանշի հնարավորություն է փնտրում, դա այդպե՞ս է, փնտրո՞ւմ եք դուք ռեւանշի հնարավորություն՝ Արա Բաբլոյանը պատասխանեց. «Չկա տենց բան, որովհետեւ դուք տեսնում եք, նախեւառաջ ես, որպես ԱԺ նախագահ, հստակ հետեւում եք իմ պահվածքին, իմ մոտեցումներին, դրանք եղել են ե՛ւ իշխանափոխությունից առաջ, ե՛ւ հիմա նույնը: Երեկվա քվեարկության ժամանակ ինչքան ՀՀԿ-ն չլիներ շատ ուրախ, որ ես պետք է հետաձգեմ քվեարկությունը, բայց ես տվեցի այդ հնարավորությունը, որպեսզի եթե կա մեծամասնություն, որը ուզում է աջակցել այդ օրենքն ընդունվի, գան, հավաքվեն եւ ցույց տան իրենց դիրքորոշումը: Այդ առումով իհարկե, ՀՀԿ-ն որեւէ ճնշում չներգործեց ինձ վրա եւ չփորձեց ինձ համոզել, որպեսզի ես չտամ հնարավորություն: Սրանով ցույց տվեց, որ ինքը չի խոչընդոտում քննարկումներին եւ արդար քվեարկությանը»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե մի կողմից ասում են այս «Ընտրական օրենսգիրքը» լավն է, մյուս կողմից դեմ են քվեարկում՝ Արա Բաբլոյանն ասաց, որ այդ քաղաքական հարցերն ուղղեն խմբակցության ղեկավարին:

Մեր հարցին՝ դուք դեմ եք քվեարկել, ինչո՞ւ եք դեմ եղել, դա զուտ քաղաքակա՞ն որոշում է եղել՝ Բաբլոյանը պատասխանեց, որ խմբակցությունը որոշել է, որ դեմ է. «Դրանք քաղաքական մոտեցումներ են»: Թե անձամբ Բաբլոյանն ինչ է մտածում «Ընտրական օրենսգրքի» նոր նախագծի մասին՝ նա ասաց, որ ինքը ՀՀԿ խմբակցության անդամ է ու ոնց ՀՀԿ-ն որոշեց, այդպես էլ կանի: Մեր դիտարկմանը, որ ձեր քվեարկությունը պիտի կաշկանդված չլինի, պատգամավորն ազատ է իր քվեարկությամբ, նա արձագանքեց. «Չէ, ես կաշկանդված չեմ: Դրա համար էլ ես դրանով ցույց տվեցի, որ այն մարդիկ, ովքեր նվիրվածությամբ խոսք են տվել, որ կաջակցեն, թող գան, աջակցեն»:

Հարցին՝ եթե սա սաբոտաժ չի, բա ի՞նչ է՝ Բաբլոյանը պատասխանեց. «Քաղաքական պայքար է»: Մեր հարցին՝ ՀՀԿ-ն քաղաքական դաշտից դուրս չի՞ արդեն, ի՞նչ պայքարի մասին է խոսքը՝ Արա Բաբլոյանը պատասխանեց. «Բա էդ ժամանակ ինչի՞ համար են ասում՝ թող ՀՀԿ-ն գա եւ աջակցի, եթե քաղաքական դաշտից դուրս ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031