«ՏՏ ոլորտը պետք է դառնա տնտեսության կարեւոր հենասյուներից մեկը: Դա պայմանավորված է ոչ այնքան երկրի բնական պաշարների սակավությամբ, որքան ժամանակակից աշխարհի հետ համարժեք քայլելու առաջնահերթությամբ»,-ՏՏ ոլորտի լավագույն ուսանողների եւ աշակերտների պարգեւատրման արարողության ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա հարցադրում արեց՝ ինչ է նշանակում այս ոլորտում, եւ առհասարակ, ազատ գործել. «Մարդու հաջողության գործում ամենակարեւոր բաղադրիչը, որը գոյություն ունի ազատության պայմաններում, հենց ինքը մարդն է: Ազատությունն այն է, երբ յուրաքանչյուրն ինքն իր մղումով, սկզբունքայնությամբ եւ ցանկությամբ է որոշում, թե որքան պետք է հաջողի՝ այլոց նկատմամբ հարգանքով»:
Փաշինյանի բնորոշմամբ՝ ասվածը չի նշանակում, թե պետությունն անելիք չունի. «Վերջինիս անելիքը հավասար հնարավորությունների ստեղծումն է՝ բոլորի համար: Այդ նշաձողը քայլ առ քայլ պետք է բարձրացվի նոր մակարդակի: Ներկայում կարեւոր է արձանագրել, որ ՀՀ դպրոցներում եւ բուհերում կան տասնյակ հազարավոր ուսանողներ եւ աշակերտներ: Կասկած չկա, որ մրցանակի արժանացածները տաղանդավոր են: Բայց որեւէ մեկը չի կարող ասել, որ ուսանողների տաղանդի շրջանակը սահմանափակվում է այդ մրցանակակիրներով: Պարզապես նրանք առաջինն են որոշում կայացրել զբաղվել իրենք իրենցով»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մրցանակակիրներն առաջինն են որոշել, որ ունենալու են նման հաջողություն եւ գործել են սկզբունքային, աշխատասեր. «Նոր ՀՀ-ում սա է հաջողության գրավականը: ՀՀ-ում հաջողության գրավականն այլեւս այն չէ, թե ով ում բարեկամն է»:
Լրագրողների հարցերին Նիկոլ Փաշինյանը պատասխանել հրաժարվեց:
https://www.youtube.com/watch?v=RfpChyh4L8g
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅՍՆ