«Արթուր Մեսչյանը շատ լավ ճարտարապետ է, սիրված արվեստագետ, շատերը ուրախ են, ողջունում եմ»,-պատասխանելով հարցին, թե ինչ կարծիքի է Արթուր Մեսչյանին Երեւանի գլխավոր ճարտարապետ նշանակելու վերաբերյալ, ասաց Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: Հարցին, թե նրա նշանակումը արժանացավ քննադատությունների, բացի այդ, Վանո Սիրադեղյանի ժամանակ նա կրկին Երեւանի ճարտարապետն էր եւ ըստ որոշ լուրերի, Սիրադեղյանը գոհ չի եղել նրա աշխատանքից, Արամ Սուքիասյանը պատասխանեց.
«Դժվարանում եմ ասել, որովհետեւ տեղեկացված չեմ եղել, թե այն ժամանակ հատկապես ումից էր գոհ եւ դժգոհ»:
Արամ Սուքիասյանն այսօր մասնակցում էր «Երեւան 2800» միջազգային գիտաժողովին, սակայն Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի փոխարեն էր եկել: Միջոցառմանը պետք է ներկա լիներ նոր քաղաքապետը: Հարցին՝ ինչո՞ւ պարոն Մարությանը չի եկել, Արամ Սուքիասյանը պատասխանեց, որ ծանրաբեռնված է, եւ որ նոր քաղաքապետն ամենօրյա ծանր ռեժիմով է աշխատում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ