Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարի պաշտոնակատար. «Գնդակը մեր դաշտում է»

Հոկտեմբեր 23,2018 13:33

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում խոսելով վերջերս ունեցած իր ֆրանսիական եւ գերմանական գործուղումների մասին, ասաց. «Ֆրանսիայում հանդիպել եմ ԵՄ գիտության հետազոտության եւ ինովացիայի հանձնակատարի, այդ ոլորտի նախարարի հետ: Նրա հետ քննարկել եմ ՀՀ-ում գիտության ոլորտի բարեփոխումների եւ նրանց կողմից մեր բարեփոխումներին աջակցության հարցը»: Նա նշեց, որ քննարկվել է «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում Հայաստանի` ավելի լայն մասնակիցներ ունենալու եւ ավելի շատ դրամաշնորհներ ստանալու հարցը:

Արայիկ Հարությունյանը հավելեց. «Գերմանիայում մի շարք հանդիպումներ եմ ունեցել մասնավորապես գիտության եւ գիտահետազոտության պետքարտուղարի հետ, եղել եմ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում, որը մի շարք կրթական ծրագրեր է իրականացնում Հայաստանում, ձեռք ենք բերել պայմանավորվածություններ: Բուհերից մեկը կտրամադրի կրթաթոշակներ բժշկական ֆակուլտետում սովորելու համար, առաջիկայում համաձայնագիր կստորագրվի: Մի խումբ Մագդեբուրգից կայցելի Հայաստան` պոլիտեխնիկական եւ տեխնոլոգիական համագործակցության համար»:

Նա հավաստիացրեց, որ Անգելա Մերկելի այցից հետո մեծ հետաքրքրություն կա Հայաստանի կրթական եւ գիտական ոլորտի նկատմամբ. «Տիկին Մերկելի եւ վարչապետ Փաշինյանի բանակցությունների ժամանակ, գիտության եւ գիտահետազոտության ոլորտում համագործակցության հարցը լայն քննարկում է ստացել եւ հիմա, ըստ էության, կարող եմ արձանագրել, որ Գերմանիայում իմ հանդիպումներն էլ ցույց տվին, որ գերմանացիները պատրաստ են համագործակցելու այս ոլորտում: Գնդակը մեր դաշտում է, պետք է շատ կոնկրետ ծրագրեր ներկայացնենք նրանց, հանձնարարել եմ, որպեսզի գիտական, բուհական կենտրոններին նամակներ ուղղվեն մեր կողմից, որպեսզի ստանանք այն ծրագրերը, որ ներկայացվելու են մեր գերմանացի գործընկերներին»:

ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հանրակրթության ոլորտում էլ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել. «Գերմանիայի միավորումից հետո եղած իրավիճակը շատ նման է Հայաստանի ներկայիս իրավիճակին` հեղափոխությունից հետո: Այնտեղ էլ տնօրենների հարց է եղել, քաղաքականացված ուսուցիչների, վերապատրաստումների հարցեր են եղել…Այն դրական փորձը, որ ունեն գերմանացիները, առաջիկայում լինելով Հայաստանում` գերմանացիները կփոխանցեն գործընկերներին»:

Արայիկ Հարությունյանի կարծիքով, խնդիրներ կան, որ ընդհանուր են Գերմանիայի եւ Հայաստանի համար. «Ուրախությամբ արձանագրեցի, որ մենակ չենք մեր խնդիրների հետ: Դա վերաբերում է եւ վերապատրաստումներին, եւ կրթությանը հատկացվող ֆինանսներին, որ փոքր է նաեւ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում: Այդտեղ հանդիպել ենք տեղի կրթության, ինչպես նաեւ գիտության եւ տնտեսության նախարարների հետ: Գերմանիայում տնտեսությունը առանց գիտության եւ հակառակը, այլեւս գոյություն ունենալ չի կարող: Այնտեղ էլ հաճախ վերապատրաստումների գումարներ չունեն, ունեն ուսուցիչների թափուր տեղեր, ինչպես ՀՀ հեռավոր մարզերում: Ես կատակով իրենց ասացի, որ քննարկումն ինձ դուր եկավ, քանի որ նման պրոբլեմները միայն Հայաստանում չեն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031