Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը որպես ահազանգ պետք է ընդունի այս ցուցանիշներն ու շատ հարցերում վերանայի իր մոտեցումները. «168 ժամ»

Հոկտեմբեր 23,2018 13:17

ՀՀ վիճակագրական կոմիտեն երեկ հրապարակեց 2018 թվականի հունվար- սեպտեմբերի նախնական «մակրոտնտեսական ցուցանիշները։ Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, կազմել է ընդամենը 0.2%։ Հիշեցնենք, որ հուլիսին՝ հուլիսի համեմատ, ՏԱՑ հավելաճը 11.1% էր, սակայն օգոստոսին՝ օգոստոսի համեմատ, նվազեց մինչև 0.6%, իսկ սեպտեմբերին մոտեցավ զրոյին։

Բնականաբար, այս թվերը որևէ գործող կառավարության գոհացնել չեն կարող։ Այդ իսկ պատճառով, եթե իշխանություններին մոտ կանգնած որոշ տնտեսագետներ հուլիսին գրանցված 11.1%-անոց տնտեսական ակտիվության աճը ներկայացնում էին նոր կառավարության գործունեության արդյունք, այժմ պասիվացել են, որովհետև նույն տրամաբանությամբ սեպտեմբերյան դանդաղումն էլ պետք է կապեն նոր կառավարության գործունեության հետ։

Իրականում, սակայն, ինչպես հաճելի, այնպես էլ ներկայումս գրանցվող տհաճ ցուցանիշները մեծ հաշվով նոր կառավարության հետ կապ չունեն, քանի որ տնտեսությունը դեռ շարժվում է իներցիայով, և նոր կառավարությունն ըստ էության շարունակում է նախորդի տնտեսական քաղաքականությունը։ Անկումը հիմնականում ունի օբյեկտիվ պատճառներ. արդյունաբերության դանդաղումն ու արտահանման նվազումը պայմանավորված են հիմնականում հանքարդյունաբերության ոլորտով (Հայաստանից ԱՄՆ ալյումինի արտահանման կրճատում՝ «Ռուսալի» նկատմամբ պատժամիջոցների պատճառով, Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցում, և այլն)։

Սակայն այս թվերը պետք է մտահոգեն կառավարությանը, որովհետև ամեն ինչ կարող է շատ ավելի վատանալ։ Այն, ինչ այսօր տնտեսության մեջ ունենք, նախկինում ձեռնարկված ներդրումների արդյունք է։ Իսկ այսօր Հայաստանում ներդրումներ գրեթե չեն կատարվում, տնտեսությունը սպասողական վիճակում է, ինչի մասին խոստովանում են հենց կառավարության անդամները։ Ու եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ներդրումներն անգամ կտրուկ աճեն, դրանց ազդեցությունը կզգացվի, լավագույն դեպքում, ամիսներ անց։ Սա նշանակում է, որ հաջորդ տարվա առաջին կեսին մենք, մեղմ ասած, լավ ցուցանիշներ չենք ունենալու։

Եվ երկրորդ, այս ցուցանիշները հերթական անգամ ցույց են տալիս, թե Հայաստանի տնտեսության մեջ ինչ կարևոր դեր է խաղում հանքարդյունաբերությունը (հատկապես մետաղական) ու դրա հետ կապված ճյուղերը՝ որքան էլ որոշ մարդիկ դա փորձեն անտեսել։ Ոչ ՏՏ ոլորտը, ոչ ժամանակակից գյուղատնտեսությունն ի վիճակի չեն կարճաժամկետ հեռանկարում փոխարինել հանքարդյունաբերությանը։ Փոխարենը, եթե, օրինակ, Ամուլսարի ծրագրի հետ կապված խնդիրներ չստեղծվեին, ապա ընկերությունն արդեն կսկսեր ոսկի արդյունահանել ու արտահանել՝ բարելավելով թե՛ արդյունաբերության, թե՛ արտահանման, թե՛ շինարարության ու հարակից ոլորտների, թե՛ ընդհանրապես տնտեսական ակտիվության ցուցանիշը։

Սա նշանակում է, որ կառավարությունը որպես ահազանգ պետք է ընդունի այս ցուցանիշներն ու շատ հարցերում վերանայի իր մոտեցումները։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մեկ ամնթարթ պատկերացնենք,որ Բաքուն բնապահպանական խնդիրներից ելնելով նավթ չի արդյունահանում,ինչպիսին կլինեն նրա տնտեսական ցուցանիշները?….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031