Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Ստեփանյան. «Մշակույթի նախարարության ձախ ձեռքը չգիտի, թե աջն ինչ է անում». «Փաստ»

Հոկտեմբեր 23,2018 12:53

Դերասան, բեմադրիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի համար այսօր սպասողական փուլ է:

«Ես, որպես մշակույթի մարդ, կարող եմ ասել հետևյալը. հիմա լուծում են ինչ–որ տնտեսական հարցեր, թալանչիներին հետ են բերում և այլն: Բայց մշակույթը մոռացված է: Թե ինչ է կատարվում մշակույթում՝ ոչ մի օր, ոչ մի ժամ չի կարելի մոռանալ: Շատ պարզ օրինակ եմ ուզում բերել: Ես չգիտեմ՝ ինչպե՞ս մեկնաբանել սա: Նախ հայտարարվում է, որ ռուսական թատրոնում հայտեր են ընդունվում գեղարվեստական ղեկավար դառնալու համար: Սա արդեն իսկ ծիծաղելի է, հայտս ո՞րն է: Իսկ գեղարվեստական ղեկավար պետք է նշանակի նախարարությունը՝ իր առջև դնելով շատ հստակ խնդիրներ: Լավ, հայտը թող հայտ մնա, բայց… Ընդունված հայտերից երկու հայտ է մնում և հանձնաժողովի կողմից որոշվում է, որ պետք է երկու ներկայացում լինի: Այսինքն՝ երկու հայտատու թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է մեկական ներկայացում անի, որի արդյունքում կընտրվի գեղարվեստական ղեկավար: Նորից անգրագիտություն, անտեղյակություն, որովհետև նախ բոլորովին պարտադիր չէ, որ գեղարվեստական ղեկավարը լինի բեմադրիչ: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը թատրոնի դեմքն է, թատրոնի գեղագիտությունը, թատրոնի ճաշակը, թատրոնի ընտրած ճանապարհը»,–ասաց նա՝ շարունակելով որպես օրինակ ներկայացնել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընտրության հարցը:

«Եվ, ի վերջո, երկու հոգի որոշվեցին, բայց հետո հանկարծ տնօրենն «իր գլխու» նշանակում է ռուսաստանաբնակ ոմն Կարեն Ներսիսյանին: Ես այդ մարդուն չեմ ճանաչում, իր դեմ ոչինչ չունեմ, բայց ինչպես կարող է տնօրենն «իր գլխու» նման բան անել (թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Կ. Ներսիսյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար–խմբ): Ինչպե՞ս կարող է նման բան լինել: Կա՛մ նախարարությունը տնօրենի ձեռքերով ուզում է հարցեր լուծել և այդ գլխացավանքից ազատվել, կա՛մ էլ ուղղակի անարդարություն է կատարվել: Մյուս թեկնածուն՝ Սուրեն Շահվերդյանը, շատ վիրավորական վիճակում է հայտնվել: Սա շատ պարզ օրինակ է, որ մարդիկ, որոնք գալու են ու նոր կաբինետ են կազմելու, նման բաներ ու երևույթներ թույլ չտան»,–ասաց նա:

Վիգեն Ստեփանյանի համոզմամբ, ընդհանրապես չափազանց ուշադիր է պետք լինել կադրերի ընտրության և նշանակման հարցում: Վերոնշյալ օրինակից նա անցում է կատարում ընդհանուր կադրային քաղաքականության հարցերին:

«Սա միայն խայտառակություն չէ, արվում են անգրագետ քայլեր: Նույն մշակույթի նախարարության ձախ ձեռքը չգիտի, թե աջն ինչ է անում: Սրա մասին է խոսքը: Մեկ ուրիշ վարչապետ չի էլ ենթադրվում… Բայց շատ կարևոր է նաև գիտակցել, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ հեղինակության հոմանիշն է: Չի կարելի խաղալ երկրի հեղինակության հետ: Երկրի ներսում Նիկոլ Փաշինյան անունը անմիջապես կապված է նրա կաբինետի մարդկանց հետ: Մարդը սխալական է, սխալը կարելի է ուղղել, բայց անտեղյակ ու անգրագետ լինելը նշանակում է, որ նշանակվել է մարդ, որն ուղղակի ոչ մի կապ չունի այդ գործի հետ: Հավատարիմ լինելը շատ քիչ է՝ անպայման պրոֆեսիոնալներ են պետք: Եթե մարդն իր տեղում չէ, պարտադիր կլինեն սխալներ, թերացումներ: Մարդը չգիտի ոլորտը, բայց նշանակվել է, որովհետև հավատարիմ է, որովհետև կուսակցական է, քեռու տղան է կամ բաջանաղը: Հավատարիմ մարդը նշանակվել է, բայց երբ հավատարիմը սկսում է սխալներ անել, ամենամեծ վնասը հասցնում է նրան, ով իրեն նշանակել է: Սա պետք է հիմա մեզ մոտ ուսումնասիրության, քննադատության խնդիր դառնա, որ, ի վերջո, ընտրվի ու հավաքվի պրոֆեսիոնալների մի խումբ, որով նոր կաբինետ կկազմվի: Հավատարիմից բացի պաշտոններում պետք է նշանակվեն նաև գիտակ ու պրոֆեսիոնալ մարդիկ»,–եզրափակեց զրուցակիցը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031