«Սինոփսիս Արմենիա» գիտակրթական ընկերությունն առաջիկայում ներդրումներ կանի ՀՀ մարզերում` ինժեներական ոլորտում։ Լրագրողների հետ զրույցում ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն այսօր տեղեկացրեց, որ ծրագրի մանրամասները կհրապարակեն այս տարեվերջին, իսկ մինչ այդ մանրամասներ չեն հաղորդվի, թեեւ արդեն իսկ շատ աշխատանքներ են արվել։
Անդրադառնալով գիտակրթական ոլորտում ներդրումային դաշտի խնդիրներին, Մուսայելյանը նշեց, որ եթե օտարերկրյա ընկերություններն առաջնային պլան մղեն բիզնես-առաջնահերթությունները, ինչից հետո միայն ներդրումներ անեն, արդյունքը հարյուրապատիկ անգամ ավելի կլինի, քան այն դեպքում, երբ ինչ-որ մեկը հայրենասիրական մղումներից ելնելով է ինչ-որ բարեգործական ծրագիր իրականացնում:
Հովիկ Մուսայելյանը համոզմունք հայտնեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները չպետք է սպասեն, որ հայաստանյան բուհերն իրենց կադրեր տրամադրեն, այլ պետք է անմիջական գործակցեն բուհերի հետ եւ ներդրումներ անեն. «Համալսարաններում ամբիոնների ստեղծման առումով «Սինոփսիսը» միակն է, բայց հուսամ, որ ապագայում այլ գործընկերներ էլ կմիանան մեր փորձին»:
Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ