Aravot.am-ը Երեւանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցում ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ են այս անգամ կրթական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) ստանալու համար քննություն հանձնած 24 մանկավարժից 15-ը «կտրվել»:
«Ես թվերը չունեմ, բայց գիտեմ, որ շատ են «կտրվողները»: Մենք խստացրել ենք քննությունները, փոխել ենք քննության ձեւը, հարցաշարերում նույնպես փոփոխություններ են կատարվել: Նախկինում դա ձեւական բնույթ է կրել, հիմա բոլոր այն հավակնորդները, որ ցանկանում են դպրոցներում տնօրեն դառնալ պետք է շատ ավելի լուրջ նախապատրաստվեն դրան»,-ասաց ԿԳ նախարարի պաշտոնակատարը:
Նաեւ հավելեց. «Ես ինքս նկատել եմ, որ կան տնօրեններ, իհարկե ոչ բոլորը, որ իրենց պարտականություններ լավ չեն կատարում, տարրական գիտելիքներ չունեն կառավարման ոլորտում: Կրկնում եմ ` սա չի վերաբերվում բոլորին, բայց կան այդպիսիները: Ովքեր հավակնում են տնօրեն դառնալու, պետք է այս փուլում ծանոթ լինեն իրենց լիազորություններին եւ պարտականություններին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ