Հոկտեմբերի 23-ին` Տեսողության համաշխարհային օրը, Երեւանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցում ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը եւ Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանն ազդարարեցին Հայաստանում դպրոցականների ակնային զննումների եւ «Ավետիս» երեխաների առողջության խնամքի հարթակի ներդրման ծրագիրը:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Եղիազարյանը նշեց, որ մինչեւ տարեվերջ Երեւանի եւ ՀՀ մարզերի 10000 երեխաների ակնային զննում կանցկացվի, եւ հնարավոր է հաջորդ փուլերում ավելի մեծ թվով երեխաներ ներգրավվեն: Նրանից տեղեկացանք, որ Բելինսկու անվան երրորդ դասարանի աշակերտներին տրամադրվել են Հայկական ակնաբուժության նախագծի եւ ՀՀ ԿԳ նախարարության կողմից որպես ուսումնաօժանդակ գրականություն հաստատված «Տեսունիկի տեսողության խաղը» մանկական ձեռնարկ: Վերջինիս նպատակն է խաղերի, վարժությունների, հետաքրքրաշարժ տեքստերի միջոցով երեխաներին սովորեցնել, թե ինչպես պետք է պահպանել ակնային առողջությունը:
ԿԳ նախարարի պաշտոնակատարը ոչ միայն ներկա գտնվեց երեխաների ակնային զննումներին, այլեւ խնդրեց զննել իր տեսողությունը: Արայիկ Հարությունյանը կարեւորեց նախագծի իրականացումը:
«Գիտենք, որ էլեկտրոնային սարքերից շատ օգտվող մեր երեխաները տեսողության ինչ խնդիրներ ունեն, եւ վաղ տարիքում այդ խնդիրների կանխարգելումը կարեւոր է: Կարեւորում եմ, որ մոտ 10000 երեխա այս ծրագրի շրջանակում կստուգվեն, ոմանք էլ կարիք կունենան ավելի լուրջ հետազոտություն անցնելու»,-նշեց պարոն Հարությունյանը: Ասաց, որ ունենք 350000 աշակերտ, եւ պետք է հնարավորություն ստեղծել, որպեսզի բոլորը կարողանան հետագայում ակնաբուժական զննում անցնել:
«Ես հիշում եմ` երբ ես էի սովորում դպրոցում, ամեն տարի նման ստուգում էինք անցնում, ցանկալի կլինի, որ մեր երեխաների հանդեպ հետեւողական լինեն, սահմանափակեն պլանշետներից եւ հեռախոսներից օգտվելը»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ