Լրահոս
Օրվա լրահոսը

Շանս չեն թողնում ռուսական «Տիտանիկին», բայց ո՛չ Հայաստանին

Հոկտեմբեր 23,2018 22:00

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հայաստանյան այցերին սպասելուն զուգընթաց՝ շրջադարձային իրադարձություններ են տեղի ունենում ռուս-ամերիկյան հարաբերություններում։

Դոնալդ Թրամփը, որի նախագահ ընտրվելու առիթով ռուսական հեռուստաալիքների ուղիղ եթերում շամպայն էին խմում, սպառնում է դուրս բերել ԱՄՆ-ը երկու կարեւորագույն պայմանագրերից։ Խոսքը 1987 թվականի սովետա-ամերիկյան՝ միջին եւ փոքր հեռավորության հրթիռների ոչնչացման եւ 2010-ի ռուս-ամերիկյան ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման վերաբերյալ պայմանագրերի մասին է։

Դրանք փաստաթղթեր են, որոնք կասեցրին միջուկային սպառազինությունների գլոբալ մրցավազքը՝ թույլ տալով առաջին հերթին ԽՍՀՄ-Ռուսաստանին ձերբազատվել ռազմական ծախսերի գերծանր բեռից, պահպանել ռազմավարական հավասարակշռությունը եւ մնալ աշխարհում միակ երկիրը, որը տեսականորեն ընդունակ է մի քանի անգամ ոչնչացնել ԱՄՆ-ը։
Սակայն վերջին օրերին Պուտինի՝ «Վալդայի» համաժողովում արտասանած ճառը, որի ժամանակ նա ընկավ դրախտում հայտնվել-չհայտնվելու վերաբերյալ դատողությունների գիրկը, կարծես դարձավ վերջին կաթիլը, որը լցրեց Վաշինգտոնի համբերության բաժակը։

Սկսած 2007 թվականի Պուտինի «պատմական» ճառից՝ Մոսկվան բաց տեքստով հայտարարում է, որ ներկայիս աշխարհակարգը «ձեռնտու չէ», քանզի պատշաճ կերպով ռուսներին «չի հարգում», հետեւաբար այն պետք է փոխվի եւ դառնա «բազմաբեւեռ», եւ այդ բեւեռներից մեկը լինի Մոսկվան։ Ընդ որում, բեւեռ ասելով Մոսկվան հասկանում է աշխարհի նոր բաժանում «Յալթա-2» տարբերակով, ըստ որի՝ նա պետք է «բացառիկ ազդեցություն ունենա» հետխորհրդային տարածքում, «ռուսական աշխարհում», եւ դա պետք է լեգիտիմացվի Արեւմուտքի համաձայնությամբ։ Իր այս դիրքորոշումը Մոսկվան առաջ է տանում դրանից ուղղակիորեն բխող քայլերով՝ սկսած 2008-ից, երբ ներխուժեց Վրաստան։

Եվ վերջապես տեղի ունեցավ այն, ինչ չէր կարող տեղի չունենալ. ըստ Չերչիլի՝ ամերիկացիները միշտ էլ գալիս են ճիշտ որոշման, սակայն միայն նրանից հետո, երբ փորձում են բոլոր ոչ ճիշտ որոշումները։ Ի վերջո, բոլոր չափանիշներով հետամնաց Ռուսաստանի ներկայիս դերը պայմանավորված է միայն նրա պահպանված միջուկային ներուժով։ Ուրիշ բան, եթե Կրեմլի տերերը չտրվեին գայթակղությանը միջուկային շանտաժի ենթարկելու Վաշինգտոնին կամ օգտագործելու նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաները՝ ամերիկյան ընտրություններին միջամտելու համար, ԱՄՆ-ում, ինչպես տեսնում ենք, առանձնապես հակված չեն էլ եղել «գլուխ դնելու», թե Պուտինի կրիմինալ բռնապետությունն ինչ է անում իր քաղաքացիների նկատմամբ՝ համարելով, որ դա առաջին հերթին ռուս ժողովրդի գործն է։ Սակայն Վաշինգտոնում համբերությունը հատեց, եւ ասացին՝ «վե՛րջ, բա՛վ է»։

Վաշինգտոնն ազդարարում է, որ դուրս բերելով ԱՄՆ-ին այդ պայմանագրերից՝ Սպիտակ տունն իրեն լիովին ազատ կզգա սպառազինությունների այնպիսի մրցավազք սանձազերծելու, որ Պուտինին կմնա երկու ելք. կա՛մ նա Գորբաչովի նման կգա «գործուն զղջալու» եւ հրաժարվելու իր բոլոր կայսերապաշտական նկրտումներից առաջիկայում, կա՛մ էլ մտնելով այդ մրցավազքի մեջ՝ սնանկության կհասցնի իր երկիրը, եւ այդ «գործուն զղջումը» տեղի կունենա ավելի ուշ, երբ այդ ահռելի երկիրը կհայտնվի կոտրած տաշտակի առաջ, եւ ամեն 100 միլիոն վարկի դիմաց՝ այդ ժամանակ, հավանաբար, արդեն նրա հետնորդը դուրս կբերի ռուսական զորքերն ինչ-որ մի երկրից կամ կհրաժարվի «ազդեցությունից» մի այլ երկրում, մի երրորդ՝ բռնապետական երկրում էլ հետ կքաշի յուրային բռնապետի «տանիքը» եւ այլն, եւ այդպես շարունակ։ Զրոյական գումարով խա՞ղ էիք ուզում՝ ստացե՛ք, թշնամություն է՞լ էիք ուզում՝ համեցե՛ք։

Բայց դա հետո, իսկ այժմ, ըստ ամենայնի, ԱՄՆ-ում որոշել են պարզապես չեզոքացնել ռուսական հրթիռա-միջուկային կարողությունները եւ սանձել Կրեմլի տերերի «ռազմավարական» ախորժակը։
Ինչպես տեսնում ենք, Վաշինգտոնն առայժմ հստակեցնում է մոտեցումները՝ ինտենսիվորեն շոշափելով տրամադրությունները տարբեր մայրաքաղաքներում։ Եվ այդ իմաստով Թրամփի խորհրդական Ռուդի Ջուլիանիի մասնավոր այցը միայն Երեւան եւ Սպիտակ տան առանցքային պաշտոնյաներից մեկի՝ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի աշխատանքային այցը Մոսկվա, Բաքու, Երեւան եւ Թբիլիսի, կարելի է դիտարկել հենց այս համատեքտում։ Մոսկվայում Բոլթոնն արդեն «ծանոթացրեց» ռուսներին Սպիտակ տան դիրքորոշմանը վերոնշյալ պայմանագրերից դուրս գալու վերաբերյալ՝ ըստ ամենայնի, հիշեցնելով նաեւ, որ նոյեմբերին Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների միանգամից հինգ փաթեթ է մտնելու ուժի մեջ՝ գումարվելով արդեն եղածին։ Իհարկե, Վաշինգտոնը Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելու համար բաց պատուհան կպահի, եւ դա ներկայումս ռուսների համար միակ մխիթարանքն է։

Այլ է Կրեմլի «դաշնակիցների», «բարեկամների» եւ «եղբայրների» պարագան։ Հասկանալի է, որ «եվրասիական» բռնապետական, կրիմինալ եւ կոռուպցիոն ինտերնացիոնալի «միտքը, պատիվը եւ խիղճը», ինչպես նաեւ «օբշչակը» Մոսկվան է, եւ Արեւելյան, իսկ ներկայումս՝ Կենտրոնական Եվրոպայի երկրների օրինակով, Վարշավյան պայմանագրի օրինակով՝ Մոսկվայի կրիտիկական թուլացմամբ այդ «դաշնակիցները», «բարեկամները» եւ «եղբայրները» շատ արագ վերակողմնորոշելու են իրենց քաղաքականությունը։ Եվ հետեւաբար անհրաժեշտ է նոր ռազմավարություն Մոսկվայի հարեւանների նկատմամբ, այն, ինչի մասին Եվրոպայում ԱՄՆ զորքերի գլխավոր հրամանատար Ռիչարդ Բրիդլավը դեռ 2014-ին էր ասում, որ չկա։

Այս պահին Ջուլիանիի եւ Բոլթոնի հայաստանյան օրակարգերի մասին միայն կարելի է ենթադրել՝ ելնելով վերոշարադրյալից եւ մի շարք այլ հանգամանքներից, սակայն փաստ է, որ Երեւանը չի կարող իրեն թույլ տալ մնալու միայն լսողի դերում, իսկ հետո՝ լսածի մասին մտածողի։ ԱՄՆ ներկայիս վարչակազմը նախորդի պես այդքան զգայուն չէ արժեքային ընդհանրությունների նկատմամբ, որոնք, միեւնույն է՝ չափազանց կարեւոր են, բայց կարող են, ասենք, կշտամբել եվրոպացիներին եւ միեւնույն ժամանակ գովասանքի խոսքեր շռայլել Կիմ Չեն Ընին՝ առաջնորդվելով ռեալ-պոլիտիկի կատեգորիաներով։ Իսկ սա նաեւ յուրովի քննություն է դառնալու պաշտոնական Երեւանի համար, որն ունենալով մեծ շանս՝ պետք է դրսեւորի նաեւ այդ շանսից օգտվելու կարողություններ։ Շատ կարեւոր է, որ Երեւանը բաց տեքստով հայտարարում է ԱՄՆ-ի հետ «կոնտակտների ինտենսիվացման» մասին, բայց սա դեռ շատ հեռու է բավարար լինելուց։

Ի վերջո, իրավիճակ փոխվեց եւ շարունակում է փոխվել ոչ միայն երկրի ներսում, այլեւ երկրից դուրս, եւ վերլուծաբանները դեռ երկար ժամանակ «գլուխ կջարդեն» այդ փոխկապակցվածությունը բացահայտելու ուղղությամբ, սակայն պարզ է, որ տարածաշրջանում ուժերի հարաբերակցության եւ անվտանգության միջավայրի կտրուկ փոփոխության նախաշեմին Հայաստանը կանգնած է գոյաբանական մարտահրավերի առջեւ։ Եվ ընտրական գործընթացը ոչ թե մեզ պետք է շեղի այս փոփոխություններին արտաքին քաղաքական համարժեք դիրքորոշում ձեւավորելու, ձեւակերպելու աշխատանքից, այլ նպաստի առավել ինքնուրույն, ոչ ստանդարտ, բացառապես երկրի շահերից բխող քայլերի հնարավորության ընդլայնմանը։

Այո, ամերիկացիները ռուսական «Տիտանիկին» շանս չեն թողնում, շանս ունի Հայաստանը, որից չօգտվել պարզապես չի՛ կարելի։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Նկարը՝ The Guardian-ից

 

«Առավոտ»

23.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Рудик says:

    Думаю, неправильно, когда про человека, который предоставляет свое мнение пишут – “журналист”. Он же не дает информацию (в конретном случае, он просто продемонстрирует свою ненависть – его мнение и его право, это никто не оспаривает), а пишет свои “размешления”. Напишите “гражданин” или “мыслитель” или “палитик” , но не “журналист”. Спасибо.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031