Երեկ «Ընտրական օրենսգիրքը» տապալվեց, որովհետեւ «Ելք», ՀՅԴ, «Ծառուկյան» դաշինք խմբակցություններին չհաջողվեց ԱԺ նիստերի դահլիճ բերել 63 պատգամավորի, 7 ձայն պակասում էր:
Քվեարկությանը չէր մասնակցել ՀՅԴ-ից Սուրեն Մանուկյանը, այսօր Aravot.am-ը նրան հարցրեց, թե ո՞րն էր պատճառը: Պատգամավորը պատասխանեց, թե անձնական հարցեր ուներ: Նրա խոսքով՝ «Ես առավոտը եղել եմ ԱԺ-ում, նույնիսկ քվեարկությանն եմ մասնակցել օրակարգի, քվորում չկար: Դրանից հետո հրատապության կարգը չհաստատվեց, այսինքն, հարցը մնաց 2 շաբաթ հետո, երկրորդ ընթերցում պիտի լիներ: Իսկ դրանից հետո անձնական խնդիր եմ ունեցել, չեմ մնացել ԱԺ-ում, առաջին ընթերցման քվեարկությանը չեմ մասնակցել»:
Մեր հարցին՝ հավելյալ ժամանակ տրվեց, որ կարողանաք գալ ու քվեարկել, այդ ժամանակ ինչո՞ւ չեկաք՝ Սուրեն Մանուկյանը պատասխանեց. «Ես այնպիսի տեղ եմ եղել, որ հնարավոր չէր 20 րոպեում հասնել Ազգային ժողով»:
Նա վստահեցրեց, որ ուզեցել է կողմ քվեարկել. «Անկախ ամեն ինչից, եթե ես ներկա էլ լինեի, քվեարկությունը չէր անցնի»: Դիտարկմանը, որ դուք այդպես եք ասում, Գագիկ Ծառուկյանը մարզահագուստով է եղել՝ չի մտել նիստերի դահլիճ, Հրանտ Մադաթյանն ու Նապոլեոն Ազիզյանն իրենց պատճառներն են բերում՝ Սուրեն Մանուկյանը արձագանքեց. «Համենայնդեպս, ինձ ճանաչող մարդը, իմ պատգամավոր եղած ժամանակահատվածում իմ քայլերը որ դիտեք, կհասկանաք, որ միտումնավոր ոչ մի բան չկա իմ արարքի մեջ»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, վստահաբար դուք ՀՀԿ-ի հետ սաբոտաժի չե՞ք մասնակցել՝ նա պատասխանեց. «Ինձ ոչ մեկ չի կարա ասի՝ ես որ չեմ մասնակցել ինչի չեմ մասնակցել: Ես ունեմ կուսակցություն, խմբակցություն, որը կողմ այդ օրինագծին, միանշանակ ես չեմ կարա իմ խմբակցությանը հակառակ որոշում ընդունեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ