Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱԺ-ում հաշիվներ մաքրեցին ՀՀԿ-ի ավանտյուրայի մասին. «Ծառուկյան» դաշինքն ու «Ելքը» ստորագրահավաք են անում՝ նոր արտահերթի համար

Հոկտեմբեր 23,2018 10:55

Այսօր ԱԺ նիստում երեկվա «Ընտրական օրենսգրքի» տապալման շուրջ հաշիվներ մաքրեցին:

Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ երեկվա «ավանտյուրայից» հետո ԱԺ-ն պիտի իր բոլոր գործիքները օգտագործի, որ ՀՀԿ-ին արագ բերի նոր ԸՕ-ն անցկացնելու, խորհրդարանում ուզում են ռեյտինգայինով ապահովել ՀՀԿ-ի լուրջ ներկայություն, սրա դեմն առնել է պետք:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատասխանեց. «Դուք ցանկանում եք, որ ես ասեմ այն, ինչ իրականությո՞ւնն է, շատ լավ: Կցանկանայի ամբողջ մեր բնակչությունը գնահատեր ավանտյուրան որտեղ է: Նախ, որպես ԱԺ նախագահ, ես տվեցի բոլոր հնարավորությունները, որ այն մարդիկ, որոնք հայտարարել էին, որ կաջակցեն արտահերթ ընտրություններին պատշաճ անցկացնելու առումով, ունենային հնարավորություն գալ այս դահլիճ ու մասնակցել ոչ միայն քվեարկությանը, այլեւ քննարկմանը: Ունենալով 69 մարդ, որոնք հայտարարել էին համաձայնությունը աջակցելու, այստեղ մասնակցեցին ընդամենը 57-ը, այն էլ՝ իմ կողմից տրված հավելյալ ժամանակի հաշվին: Մենք ընդամենը 50 մարդ ունեինք, չէինք կարողանում նույնիսկ նիստը սկսել: Երեւի թե ազնիվ եղավ միայն մի խմբակցություն, որը ի սկզբանե հայտարարեց, որ համաձայն չէ եւ մինչեւ վերջ մնաց ոչ համաձայն: Եթե ուզում եք՝ քննադատեք, բայց եկեք լինենք ազնիվ, 69 մարդ է հայտարարել, որ կաջակցեն, նրանցից ընդամենը 57-ը եկան: Բարի եղեք գալ, մասնակցել 69 պատգամավորով եւ պատշաճ ձեւով քվեարկել, անցկացնել այդ նախագիծը, որի համար տրված էր բոլոր հնարավորությունները»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հորդորեց Բաբլոյանին շատ չմտահոգվել՝ այսօրվանից իրենց դաշինքը «Ելքի» հետ ստորագրահավաք են կազմակերպում ու երկուշաբթի արտահերթ նիստ են հրավիրելու՝ ԸՕ-ն անցկացնելու համար: Նա հորդորեց ՀՀԿ-ականներին չբոյկոտել, չտանել սադրանքների:

Ուրիխանյանը քննադատեց «Քաղաքացիական պայմանագրի» ու վարչապետի այն դիրքորոշումը, որ մենք անցնելու ենք ԱԺ՝ որ օրենսգրքով էլ լինի, ԸՕ-ի հարցը թող ԱԺ-ն լուծի. «Պետք է անցողիկ հնարավորություն ստեղծել ընդհանրապես երկրում բոլորի համար հավասարապես, ոչ միայն ՔՊ-ի համար»:

Ուրիխանյանն ասաց, որ ՀՀԿ-ականները ուզում են նորից «հիմար ձեւով», ռեյտինգայինով ճողոպրել խորհրդարան. «Հերիք է ձեր խաղերն անեք»:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ «կայունությունը քաղաքականության մեջ չափազանց կարեւոր հատկանիշ է»: Նա հորդորեց, որ ՔՊ-ի ներկայացուցիչերը Ուրիխանյանի ասածների վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031