«Հայրենիք» կինոթատրոնում շարունակվում են կինոցուցադրությունները։ Այս անգամ «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել են «Կռիվը» /Բոլիվիա/, «Ընդհատում» /Իրան/ և «Բնությանն ավելի մոտ» /Նիդերլանդներ / կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը։
Կիոցուցադրություններին ներկա է եղել նաև «Բնությանն ավելի մոտ» ֆիլմի ռեժիսոր Քրիստինա Պետրասովան։ Նրա ֆիլմը պատմում է ջութակ պատրաստող հրաշալի վարպետի մասին, ով նաև նվագում է իր ջութակները։ Նրա գլխավոր նպատակն այն, որ իր ջութակների մեղեդիները որքան հնարավոր է մոտ լինեն բնության հնչյուններին։
Քրիստինա Պետրասովան ողջունել է կինոփառատոնի՝ չգործող կինոթատրոնների վրա ուշադրություն հրավիրելու նախաձեռնությունը։
«Ողջունելի է, որ այսօր մի կինոթատրոնում ենք, որը երկար տարիներ չի գործել, ուրախ եմ, որ իմ ֆիլմը այդ ծրագրի մի մասն է։ Ինձ համար անսովոր է փառատոնի նման ձևաչափը, այն տևում է մոտ երկու ամիս, բայց դա էլ ունի իր դրական կողմը՝ կինոցուցադրությունները ներգրավվում են հնարավորինս շատ հանդիսատեսի, որն էլ, իր հերթին, երկար ժամանակ է ունենում դիտելու ֆիլմերը։ Ուզում են հատուկ նշել, որ հետաքրքրությամբ դիտեցի նախորդ երկու ֆիլմերը, թեև ինձ համար անսովոր թեմա էր։ Հուսով եմ դեռ հնարավորություն կունենամ ներկա լինելու նաև այլ ցուցադրությունների»,- ասել է Քրիստինա Պետրասովան։
Նա Երևան է եկել ոչ միայն իր ֆիլմի դիտմանը ներկա լինելու համար, այլ ծանոթանալու փառատոնի մյուս ֆիլմերին։ Ցուցադրությանը հաջորդել է հեղինակ-հանդիսատես քննարկում։ Հանդիպման ավարտին Ք․ Պետրասովան նշել է, որ տպավորված է հայ հանդիսատեսի հետ շփումից ու հյուրընկալությունից։
Մամուլի հաղորդագրություն