Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եթե Սյունիքում հիմնական շեշտադրումը նարկոթրաֆիքի, կրիմինալի ողնաշարը ջարդելն է, ապա գուցե մարզային ոստիկանապե՞տ նշանակեին տվյալ անձնավորությանը. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 23,2018 10:41

Երբ, օրինակ, Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել, ապրիլ-մայիսին փողոցները փակելով Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած տարբեր մարդիկ տարակուսում են, թե այդ ինչպե՞ս, ինչի՞ համար է նախկին իշխանության հետ ասոցացվող ոստիկանական նախկին բարձրաստիճան անձնավորությունը նոր, «հեղափոխական» իշխանություններից պաշտոն ստանում:

Մենք, իհարկե, մեր ուրույն տեսակետն ունենք որոշ «նախկինների» նմանօրինակ նշանակումների, առանձին դեպքերում՝ պաշտոնի բարձրացումների վերաբերյալ: Դա պարզապես մեր ենթադրությունն է ու ենթադրության իրավունքով այն տեսակետին ենք հանգում, որ նման նշանակումներ են ստանում նախկիններից նրանք, ովքեր, ժամանակին լինելով իշխանության մեջ, գործել են իշխանության դեմ ու ինչ-ինչ ծառայություններ են մատուցել «հեղափոխական» առաջնորդներին: Վերջիններս էլ նման կերպ նրանց հատուցում են՝ «հեղափոխությանն աջակցելու» համար:

Օրերս, իր այդ նշանակումը սյունեցիներին փորձեց բացատրել հենց Նիկոլ Փաշինյանը: Նա, ինչպես հիշում եք, մասնավորապես հայտարարեց, որ իր համար «կարեւորագույն խնդիր է ջարդել նարկոթրաֆիքի ողնաշարը», ի լրումն, թե՝ Սյունիքում շարունակում է ծանրակշիռ մնալ կրիմինալի ազդեցությունը եւ այլն:

Ու հենց այդ հանգամանքները նկատի ունենալով՝ ընտրությունը կանգ է առել հենց Հունան Պողոսյանի թեկնածության վրա:

Մի տեսակ տարօրինակ հիմնավորում է: Այն իմաստով է տարօրինակ, որ եթե Սյունիքում հիմնական շեշտադրումը նարկոթրաֆիքի, կրիմինալի ողնաշարը ջարդելն է, ապա գուցե մարզային ոստիկանապե՞տ նշանակեին տվյալ անձնավորությանը: Չէ, բայց իսկապես:

Ո՞վ է մարզպետը, ի՞նչ է մարզպետարանը: Իրավապահ կամ ուժային կառո՞ւյց է: Կարծես թե՝ ոչ: Որքան հիշում ենք, մարզպետարանը տարածքային կառավարման մարմին է, մարզպետն էլ այդ մարմնի ղեկավարն ու որոշակի իմաստով՝ կառավարության լիազորված ներկայացուցիչը տվյալ մարզում:

Իսկ կրիմինալի, այդ թվում՝ նարկոթրաֆիքի դեմ պայքարելու համար Նիկոլ Փաշինյանի տրամադրության տակ կան պարոնայք Վալերի Օսիպյանի, Արթուր Վանեցյանի գլխավորած կառույցները՝ ոստիկանություն, ԱԱԾ: Հիմա, ի՞նչ, Հունան Պողոսյանը Սյունիքի ե՛ւ մարզպետն է, ե՛ւ ոստիկանապե՞տը, ե՛ւ ԱԱԾ տեղական ստորաբաժանմա՞ն ղեկավարը: Եթե մարզպետն է միայն կրիմինալի ու նարկոթրաֆիքի դեմ պայքարելու, ապա գուցե մյուս կառույցնե՞րն են ավելորդ կամ դրանց ղեկավարները: Թող միանգամից մարզպետը ղեկավարի դրանք:

Այսօրինակ «հակահեղափոխական» հարցեր էլի կարելի է ձեւակերպել: Բայց էականը տվյալ դեպքում այն է, որ տարածքային կառավարման մարմնի՝ մարզպետարանի վրա, հանձին մարզպետի, կրիմինալի դեմ պայքարելու խնդիր է դնում՝ ունենալով այդ երեւույթի դեմ պայքարելու կոչված ու գործառույթ ունեցող պետական այլ կառույցներ:

Ի դեպ, մի՞թե Հայաստանում ամենից ծանր հանցածին իրավիճակը հենց Սյունիքում է: Իսկ մյուս մարզերո՞ւմ ինչպիսին է վիճակը: Չենք կարծում, թե այդ առումով ինչ-որ մեծ տարբերություն կա: Բայց այդ դեպքում ինչո՞ւ, օրինակ, մյուս տեղերում էլ նախկին բարձրաստիճան ոստիկանների չնշանակել:

Ի՞նչ է, նախկին փոխոստիկանապետե՞րն են քչություն անում: Միայն Սյունիքո՞ւմ է «ուժեղ ձեռք» պետք: Մյուս մարզերում կարող են եւ կուսակցական նվիրյալներ նշանակվել, որոնք կամ հեկտարից են մի կերպ գլուխ հանում, կամ էլ մի ուրիշ անհեթեթ արտահայտությամբ են զվարճացնում հանրությանը:

Եվ այսպես կոչված նարկոթրաֆիքի մասին: Դա, կարծում ենք, չափազանցված բնորոշում է: Մեր երկիր, ավելի ճիշտ՝ մեր երկրի տարածքով թմրամիջոցներ անցկացնելու փորձեր եղել են ու էլի կլինեն: Կարեւորը դրա դեմ պայքարն է, որի մասին վկայող փաստեր պարբերաբար են արձանագրվել եւ արձանագրվում ու հայտնի են հանրությանը:

Եվ հետո, մի բան է, երբ որեւէ անձնավորություն կամ առանձին հանցավոր խումբ փորձում է Հայաստանի տարածքով մի անգամ ինչ-որ բան անցկացնել (ու սովորաբար ձախողվում է), բոլորովին այլ բան է, երբ ասում ես՝ թրաֆիք, ինչը ենթադրում է փոխադրման կայուն ընթացք, դրան նպաստող հանցավոր ցանց, հղկված ու գործող ուղիներ եւ այլն: Ուստի հազիվ թե կարելի է խոսել թրաֆիքի մասին, այն էլ՝ պետության ղեկավարի մակարդակով:

Եվ դա էլ այն դեպքում, երբ Հայաստանով թմրամիջոցների հոսքի մասին թեզը ադրբեջանական քարոզչության հյուսած առասպելներից է:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031