Ինչ ուզում եք ասեք՝ մեր հասարակության մեջ պարանոյայի աստիճանը բավականին բարձր է: Ասենք, լրահոսում հայտնվում է անմեղ մի տեղեկատվություն՝ «նախագահը ստորագրել է ԱԺ-ի կողմից ընդունված մի շարք օրենքներ»: Միանգամից, առանց տեքստը կարդալու, մի քանի հարյուր հոգի ազատություն է տալիս իր հույզերին, լեզվին ու սեփական երեւակայությանը՝ կարծելով, թե դա հենց «ա՜յն» օրենքն է, այսինքն՝ կանոնակարգ-օրենքում փոփոխություններն են, որոնք հոկտեմբերի 2-ին հանրահավաքի պատճառ դարձան:
Վերջերս «Շանթի» եթերում իմ հարցազրույցներից մեկը տեխնիկական պատճառներով 1-2 ժամով youtube-ում անհասանելի դարձավ, հետո վերականգնվեց: «Այդ ո՞ւմ հրահանգով եք հարցազրույցը հանել»,- «խորաթափանց» մեկնաբանությունների եւ նույնքան «իրատեսական» ենթադրությունների տարափ սկսվեց: Ընդ որում, նյութի աշխատող հղումը որեւէ ձեւով չի համոզում դավադրությունների տեսությունների ջատագովներին:
Զարմանալի զուգադիպությամբ նույն օրը «Հեռանկար»հաղորդաշարի մեկ այլ հյուր ակնարկում էր, որ իրեն դուր չեկած իմ հարցերը ինչ-որ մեկի կողմից «ուղղորդված» էին, հակառակ դեպքում իմ «ագրեսիվ պահվածքն» անբացատրելի է: Ես (հավանաբար, ապարդյուն) փորձում էի բացատրել, որ խորին հարգանք ունեմ իր եւ աշխարհի բոլոր մարդկանց հանդեպ: Դա չի նշանակում, որ բոլոր մարդիկ ինձ դուր են գալիս, եւ կամ նրանց բոլոր արարքներն եմ հավանում, բայց բոլորի մեջ ես տեսնում եմ Մարդուն, որը ցանկացած պարագայում արժանի է հարգանքի եւ կարեկցանքի:
Ապրել պարանոյայով, դավադրությունների տեսություններով, ինչպես նաեւ ատելությամբ, նախանձով ու խանդով ե՛ւ հեշտ է, ե՛ւ դժվար: Հեշտ է կարճատեւ արդյունքի առումով, դժվար է երկարատեւ հեռանկարի տեսանկյունից: Դա նման է ալկոհոլիզմին կամ թմրամոլությանը: Մի քանի ժամ դա բթացնում է ցավդ, ստիպում է մոռանալ դարդերի մասին, որից հետո տրամադրությունդ ավելի շատ է ընկնում, եւ կյանքդ դառնում է ավելի մռայլ ու անիմաստ: Ամեն ինչի մեջ քո թանկագին անձի դեմ դավադրություն տեսնելը նույնպես այդպիսի կարճատեւ սփոփանք է՝ «ախ, որքան լավն եմ ես, եւ որքան շատ են իմ «չուզողները»: Սեփական «էգոյից» վերանալը երբեմն ցավալի է լինում, բայց ի վերջո հասկանում ես՝ կյանքը, որը չի ընկալվում որպես քո անձի շուրջը պտտվող տիեզերք, շատ ավելի հետաքրքիր է ու բազմազան:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ծանոթներիցս մեկը մի տաս օր առաջ գրել էր ՖԲ-ում պարանոյայի մասին:
“Պարանոյա
կամ՝ է՞, ուրիշ բան էիք սպասու՞մ
Բոլոր բնագավառներում տխմարագույն նշանակումներ, ողորմելիության աստիճանի հասնող տապալումներ՝ սկսած գլխավոր չեկիստին գաղտնալսելուց, վերջացրած ֆուտբոլիստ դարձած Չիպոլինոյի գոլով: Մոտս շատ մարդկային վախ է առաջացել՝ կարող ա՞ գլխավոր վեներոլոգն էլ տրիպերով վարակվի ու մեռնի:”
Ինֆանտիլ, կառավարելի, կանխատեսելի հասարակություն է, սոցցանցերն էլ մի կողմից են նպաստում մակերեսային մտածողությանը, պրիմիտիվացնում ընկալումները և ճնշում կրիտիկական մտածելակերպը։ Ֆեյսբուքի հայկական սեգմենտը ահավոր չափի հագեցած է հիստերիկությամբ և էմոցիաներով՝ մեծամասամբ բացասական բնույթի։
այո, բաւական ցաւալի է, ժողովուրդի մը համար որ բազմահազա՜ր տարիներու պատմութեան, քաղաքակրթութեան կը յաւակնի, այժմու մայրաքաղաքին 2800ամեակը կը տօնէ, եաւյլն…
ի՞նչ էր ուրեմն լինելու վիճակը, եթէ մի քանի հարիւր տարիներէ ի վեր միայն յատուկ ժողովուրդի հանգամանք ստացած հաւաքականութիւն ըլլար… երեւի կը տեսնենք, մի քանի հարիւր տարիէն… եթէ դեռ բան մը մնայ, տեսնելիք
երանի դասական Սփիւռքի այն հայերուն, որոնք օտարացան, ազատեցան… խելացիները իրոք անոնք են…