«Հրաշալի է, որ Հրազդանում եւ Կապանում քաղաքապետ չեն ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները: Դրանում կարեւոր բան կա՝ կեցցե հայ ժողովուրդը, որն ում ուզեց՝ նրան ընտրեց»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով կիրակի կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, ասաց նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:
Ըստ նրա՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանի համար պետք է դրական համարվի այն փաստը, որ նշյալ քաղաքներում այլ թեկնածուներ են հաղթել. «Հայ ժողովուրդը երբեք ստրկամիտ չի եղել: ՀՀ-ում բռնապետություն չի կարող լինել, մանավանդ՝ Նիկոլ Փաշինյանի դեպքում, որովհետեւ նա մտավորական մարդ է»:
Անդրադառնալով առաջիկայում ՀՀ-ում կայանալիք արտահերթ ԱԺ ընտրություններին, Ազատ Արշակյանը համոզմունք հայտնեց՝ դրական կլինի, եթե ընտրակաշառք բաժանած ՀՀԿ-ն նոր խորհրդարանում էլ տեղ ունենա. դա կնշանակի, որ իսկապես սիրո մթնոլորտ է տիրում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ