Քաղաքական թեժ իրադարձությունների շրջանում առավել կարևոր է լինել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կողքին։ Այս ուղերձով հոկտեմբերի 21-ին՝ «Երևան» քառյակը մայրաքաղաքի օրը փորձեց նշանավորել բարեգործական համերգով։ «ARTCONCEPT» ընկերության կազմակերպած համերգը տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում։ Ամբողջ հասույթը կտրամադրվի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը: 108 երեխայի խնամքն ապահովող այս կառույցն արդեն 5 տարի աշխատում է բացառապես հաշմանդամություն ունեցող երեխաների համար։
Քառյակի հիմնադիր Նարեկ Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում կարևորեց երկրի՝ անցումային, քաղաքական թեժ գործընթացների փուլում ընտանեկան խնամքից դուրս մնացած երեխաների մասին հոգ տանելը։ «Որպես արվեստագետներ՝ ուզում ենք մեր փոքրիկ ավանդն ունենալ այս երեխաներին օգնելու գործում։ Ցանկացանք, որ նրանք ներկա գտնվեն և լսեն կենդանի դասական երաժշտություն։ Հուսով ենք՝ այս բարեգործական համերգը մարդկանց ուշադրությունը ևս մեկ անգամ կսևեռի մանկատան երեխաների խնդիրների վրա», – նշեց Նարեկ Սահակյանը։
Միջոցառմանը ներկա էին նաև մանկատան սաներն ու աշխատակիցները։ Մանկավարժներից մեկը, շնորհակալություն հայտնելով համերգի կազմակերպիչներին, ընդգծեց, որ սա երեխաների համար նախևառաջ մեծ հնարավորություն է հաղորդակցվել մարդկանց հետ։ Համերգի ընթացքում հնչեցին ժամանակակից կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանի, ինչպես նաև Արտեմի Այվազյանի ստեղծագործությունները:
«Երևան» քառակի կազմում եմ Նարեկ Սահակյանը (առաջին ջութակ), Արտաշես Մելիքյանը (երկրորդ ջութակ), Վերոնիկա Վարդպատրիկյանը (ալտ), Միքայել Նավասարդյանը (թավջութակ): Նրանք բոլորը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ են, յուրաքանչյուրն իր ուսումնառության և ստեղծագործական կյանքի ընթացքում հանդես է եկել որպես մենակատար, մասնակցել տարբեր համերգների, արժանացել բազմաթիվ պարգևների։ Այսօր նրանք միավորվելով հանդես են գալիս որպես քառյակ։
Խմբի երկրորդ ջութակահար Արտաշես Մելիքյանը նշեց, որ «Երևան» քառյակի նպատակը հայ երգարվեստը, մասնավորապես, ժամանակակից կոմպոզիտորների քառյակային ժանրի ստեղծագործությունները քարոզելն է։ «Կան շատ հաջողված քառյակային գործեր, որոնք, ցավոք, գրեթե մոռացության են մատնված։ Օրինակ, Արտեմի Այվազյանը երկու շատ գեղեցիկ քառյակ է գրել, բայց ձայնագրություններից քիչ են պահպանվել։ Մեր նպատակն է հնարավորություն տալ լսել այդ կոմպոզիտորի գեղեցիկ գործերը», – նշեց Արտաշես Մելիքյանը:
«Երևան» քառակի բարեգործական համերգային փորձն առաջինն է, սակայն ոչ վերջինը: Երիտասարդ երաժիշտները նախատեսում են ևս երկու բարեգործական համերգ՝ կարիքավոր երեխաների ու ծերանոցի համար։
Քառյակը հուսով է՝ բարեգործական համերգը, օրինակ կծառայի և կոգեշնչի նաև մյուսներին՝ աջակցել հասարակության խոցելի խավին, մասնավորապես, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին։
Անուշիկ ՅՈԼՉԻՆՅԱՆ