«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ՀՀԿ-ն «մանր քինախնդրություն» ցույց տվեց`չապահովելով իր պատգամավորների ներկայությունը քվեարկությանը: «Որեւէ քաղաքական տրամաբանություն չկար. Իրենք ընդունեցին, որ նոր ԸՕ-ն շատ ավելի առաջադեմ է, շատ ավելի գրագետ եւ ճիշտ ընտրական հարաբերություններ է սահմանում, բայց իրենք ամեն ինչ արեցին տապալելու համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, խորհրդարանում նոր Ընտրական օրենսգիրքն ընդունելու համար պակասեց յոթ ձայն, որից չորսը «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն էին:
Ինչ վերաբերվում է իրենց խմբակցության բացակա պատգամավորներին`Գագիկ Ծառուկյան, Նապոլեոն Ազիզյան, Վարդան Ղուկասյան եւ Հրանտ Մադաթյան, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը, թեեւ խորհրդարանում չէր, բայց շատ արագ եկել էր ու թեեւ ոչ պատշաճ հագուստով էր`մարզահագուստով, բայց պատրաստ էր մտնել նիստերի դահլիճ եւ մասնակցել քվեարկությանը: «Բայց մենք իրեն ասացինք, որ իմաստ չունի, քանի որ մեկ ձայնի խնդիր չէր: Ինչ վերաբերվում է մյուս երեք բացականերին, մենք կանենք առավելագույնը, որ մյուս նիստին նրանց ներկայությունն ապահովվի»,- ասաց տիկին Զոհրաբյանը`վստահություն հայտնելով, որ կառավարությունն անպայմանորեն կօգտվի իր իրավունքից եւ ԸՕ-ի հարցով եվս մեկ արտահերթ նիստ կհրավիրի:
Հարցին`ինչո՞ւ այս անգամ չէին ապահովել իրենց բոլոր պատգամավորների ներկայությունը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ Հրանտ Մադաթյանը հանրապետությունում չէ, իսկ Նապոլեոն Ազիզյանը եւ Վարդան Ղուկասյանը պարզապես շենքից էին դուրս եկել, բայց պատրաստ էին ամեն վայրկյան վերադառնալ ու քվեարկել:
Իսկ թե ի՞նչ կերպ իրեն երկրորդ անգամ կպահի ՀՀԿ-ն`ասաց`ժամանակը ցույց կտա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ