Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վանաձորի «էժան» ու անորակ ասֆալտի մասին

Հոկտեմբեր 22,2018 19:01

Վանաձորի ասֆալտապատման աշխատանքներից ու դրանց որակից վանաձորցիներն ամեն օր են բողոքում: Փողոցների անմխիթար վիճակը վարորդների համար դարձել է գլխացավանք: Մարզկենտրոնի մի քանի փողոցներում իրականացվում է ասֆալտապատման աշխատանքներ: Սակայն, նոր վերանորոգված փողոցը մի քանի օր հետո կրկին մնում է առանց ասֆալտի, վերածվելով փոսերի: Իրավիճակն անհանգստացնում է նաեւ պատկան մարմիններին:

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք տեղյակ են խնդրի մասին: Այժմ փորձում են միջոցներ ձեռք առնել, իրավիճակը շտկելու համար. «Մենք ամենօրյա իրենց կողքն ենք, բայց մենք լաբորատորիա չունենք, որ այդ պահին ստուգենք ասֆալտի որակը:

Ջերմաստիճանը, ծածկույթի հաստությունը նորմալ է, բայց սառում է, եւ արդեն հաջորդ օրերին դեֆեկտները երեւում են: Մեր մասնագետները, նաեւ ես հետեւում ենք այդ աշխատանքներին, ըստ էության նորմալ են իրականացրել, բայց պարզվում է, որ մնացած ասֆալտով կամ ինչ-որ հեռու տեղից բերված ասֆալտով են արել, որը սառն է եղել, ինչ-որ այլ բաների պակաս կա եւ այլն: Հետեւաբար, մենք այդ աշխատանքները չենք ընդունելու: Ասֆալտի կառուցվածքը համապատասխան որակի չէ, եւ մեր եղանակներին հարմար չէ: Մենք գումարի խնդիր չունենք, հետեւաբար, եթե մենք վճարելու խնդիր չենք առաջացնում, իրենք էլ պարտավոր են իրենց գործողությունները ճիշտ ու ժամանակին անել»:

Քաղաքապետի խոսքով ստեղծված իրավիճակի պատճառը գնումների գործընթացում առկա բացերն են. «Գնումների նոր ընթացակարգով գինն իջեցնելու սահմանափակում չկա: Նախկինում, մրցույթի գնից 20-30 տոկոս ցածր իրավունք չկար գին դնելու, հաշվի առնելով շուկայական գինը, աշխատանքի որակը, եւ այլն: Գնումների գործընթացին մենք չենք խառնվում, բաց մրցույթ է, եւ ում պարամետրերն այդ պահին համապատասխանում է, մասնակցում է, եւ մեզ դնում անհարմար վիճակի մեջ, արդեն որերորդ անգամ: Հիմա մոտ 50 տոկոս ցածր գին են դրել եւ մեզ կանգնեցրել փաստի առաջ:

Շիրակացի փողոցում ենք աշխատանքները կանգնեցրել, պետք է գան նորից անեն, Լազյան փողոցի մի հատվածը նորմալ էր, մյուսը՝ ոչ, դա նույնպես պետք է սարքեն: Խոստացել են, որ վաղվանից թերությունները կշտկեն եւ կշարունակեն մնացած աշխատանքները»:

Աշխատանքներն իրականացնելու համար բյուջեից նախապես հատկացվել է 160 միլիոն դրամ, սակայն կազմակերպությունն այն խոստացել է իրականացնել 99 միլիոն դրամով: Փողոցների ասֆալտապատումն իրականացվում է 2 փուլով, աշխատանքներն իրականացնելու մրցույթը շահել են երկու կազմակերպություններ.

«Մենք կարող ենք ընթացքում դիմել դատարան, բայց դե մենք մրցույթը դրել ենք, որ ասֆալտապատ փողոց ունենանք, ոչ թե իրենց հետ մտնենք դատական վիճաբանությունների փուլ եւ ամիսներ ձգձգվի: Մենք հիմա ավելի շատ իրենց ստիպում ենք, որ իրենց աշխատանքները կատարեն պատշաճ: Ասֆալտն արել են, տեսել ենք, որ լավը չէ, ասել ենք ոնց ուզում եք արեք, նորմալ ասֆալտ լինի: Ամեն դեպքում, մինչեւ մեր պայմանագրով ու ստանդարտներով համապատասխան ասֆալտապատում չիրականացնեն, իրենց կատարողական ակտերը չենք ստորագրելու եւ իրենց աշխատանքները չենք ընդունելու, որքան պայմանագրի ժամկետը թույլ կտա:

Պայմանագիրը կավարտվի, մեր ավելացած ժամկետները կավարտվեն, արդեն կմտածենք այդ կազմակերպությունների նկատմամբ օրենքով սահմանված շատ ավելի խիստ միջոցներ, ընդհուպ մինչեւ նրանց որակազրկմանն ուղղված սեւ ցուցակներ գցելուն, տույժ ու տուգանքների ենթարկելուն եւ իրենց գործարար հեղինակությանը վնասելուն: Որովհետեւ մենք արդեն իսկապես տուժում ենք, ոմանց ոչ պատասխանատու վերաբերմունքի պատճառով»,- ասաց Մամիկոն Ասլանյանն ու տեղեկացրեց, որ դիմել է կառավարություն, որպեսզի գնումների գործընթացի վերաբերյալ լինի որոշակի վերահսկողություն կամ դրվի սահմանափակում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031