Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես վախենամ վաղը գնանք սուպերնախագահական համակարգի». Արմեն Ռուստամյան

Հոկտեմբեր 22,2018 17:54

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքի» քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ասաց. «ԱԺ-ում ասում են, թե կա ճգնաժամ, ֆորս-մաժոր, պետք է հասկանանք, թե այդ ֆորս-մաժորը ի՞նչ պատճառով է առաջացել: Առաջացել է նրանից, որ կա պարտադրանք ամեն գնով դեկտեմբերին անցկացնել ընտրություններ եւ սա ստեղծում է լուրջ խնդիրներ: Երկու պարագայում էլ՝ եթե կընդունենք օրենքը, կամ եթե չենք ընդունի, դրանից տուժելու է ընտրությունների որակը: Եթե չենք ընդունում, մնալու է հինը, որը մեզ համար անընդունելի է, եթե ընդունում ենք, ունենում ենք մի վիճակ, երբ օրենսգիրքն ընդունելուց մի ամիս հետո անցկացվում են ընտրություններ, գնացեք աշխարհում հարցրեք, ոչ ոք չի ասի, որ սա լավ պրակտիկա է: Մենք ամեն ինչ հարմարեցրել ենք դեկտեմբերի ժամկետին: Անգամ հանձնաժողովի ձեւավորումը ,որը մինչեւ հիմա կարեւորել ենք, որ անպայման պետք է անցնեն մասնագիտական ուսուցում, որ հասկանան, մենք հիմա դա էլ ենք հանել, որ ոչինչ, կարող է մասնագիտական ուսուցում չանցնի, բայց ընդգրկվի հանձնաժողովի կազմի մեջ, չնայած նրան, որ հներն էլ, որ ունեին մասնագիտական ուսուցում, պետք է նոր փոփոխություններին ադապտացվեն: Քաղաքական ուժերին ժամանակ է պետք, որ վերադասավորվեն, ցանկերը կազմեն: Դրել ենք, որ ամեն երրորդը պետք է կին լինի, շատ լավ եք արել, բայց մարդիկ պետք է պատրաստվեն դրան, մինչեւ այս դա չի եղել»:

Նա ասաց, որ երբ ասում են ժամանակ է պետք ԸՕ-ի քննարկման համար, դա չեն ասում, որ ժամավաճառությամբ զբաղվեն, այլ նորմալ, որակյալ ընտրություն անցկացնելու համար. «Եթե մենք չենք տեսնում, որ ինքնանպատակ դեկտեմբեր ամիսը ֆիքսելով այդ որակն ենք մենք խափանում, սա արդեն այլ հարց է»:

Նա ասաց, որ շատ լավ է, որ հիշեցնում են՝ ամռանը քննարկել են ԸՕ-ն, բայց այդ գործընթացը իմաստ ձեռք կբերեր, եթե պայմանավորվածությունները տեղ գտնեին նախագծում. «Մենք 3 առաջարկություն ենք առանձնացրել մեր տասնյակից ավելի նախաձեռնություններից, այդ 3-ի հետ կապված եղել է համաձայնություն, համաձայնել են բոլոր 4 քաղաքական ուժերը, հիմա մեզ ասում են՝ հա, շատ լավ է այդ ամեն ինչը,  բայց դեկտեմբերին չենք հասցնի անել»:

Արմեն Ռուստամյանը հայտարարեց. «Մենք այսօր խոսում ենք սուպերվարչապետական համակարգի մասին, ես վախենամ վաղը գնանք սուպերնախագահական համակարգի»՝ նկատի ունենալով այն, որ 2/3 ձայներ ստացած ուժը կարող է միանձնյա Սահմանադրություն փոխել:

Նա հորդորեց գոնե անցումային դրույթների մեջ իրենց առաջարկը ներառեն, որ իմանան՝ վաղը այդ հարցը լուծվելու է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031