Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մինչեւ 12:00-ն ոստիկանությունը չաշխատեց, բոլորը տեսան՝ ինչպես են մարդկանց ուղղորդում տեղամասեր». Դավիթ Դանիելյան

Հոկտեմբեր 22,2018 17:31

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության Կապանի քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանը չի պատրաստվում բողոքարկել երեկ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նրա շտաբի պետ Դավիթ Դանիելյանը:

«Մենք ընդունել ենք Կապանի 10.000 բնակչի հաղթանակը եւ շատ ուրախ ենք, որ կապանցիներն ուրախ են իրենց նոր քաղաքապետով, թեկնածուն չհաղթեց, քաղաքացիները հաղթեցին »,- ասաց Դավիթ Դանիելյանը:

Հիշեցնենք, որ Կապանում ՔՊ թեկնածուն ընտրություններում չհաղթեց: Հաղթող թեկնածուն անկուսակցական Գեւորգ Փարսյանն է:

Խոսակցությունները, թե ՔՊ թեկնածուի պարտության հարցում գործոն էր նաեւ կապանցիների դժգոհությունը՝ կապված Սյունիքի նորանշանակ մարզպետ, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակման հետ, մեր զրուցակիցը հերքեց. «Մի քանի օր ենք հետը շփվել, բայց շատ պրոֆեսիոնալ, ճիշտ նշանակում էր: Դա երեւում էլ է , նա կարողանում է համակարգել ամբողջ մարզի խնդիրները՝ լինի օրինական տեսակետից, վերջացրած տեխնիկական հարցերով, ու մարզպետի նշանակումը չի կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Դժգոհություններ միշտ լինում են, եթե որոշ մարդիկ դժգոհություն են հայտնել, ապա որոշ մարդիկ էլ շատ ուրախ են նշանակման համար: Երբ վարչապետը մեր վերջին ամփոփիչ հանրահավաքին ելույթ ունեցավ, ամբոխի մեջ շատ մեծ քանակությամբ մարդիկ վանկարկեցին Հու-նան ու ծափահարեցին»:

Դավիթ Դանիելյանը հերքեց նաեւ խոսակցությունները, թե իրենց թեկնածուի պարտությունը կապված է նաեւ նրանով, որ ընտրողներին դուր չի եկել Նարեկ Բաբայանի թիմի այն գործելաոճը, որ գործարարների հետ նախընտրական հանդիպումներում հասկացնել էին տալիս ԱԱԾ-ի կողմից հնարավոր ստուգումների մասին.

«Ես հավաստիացնում եմ՝ եթե նման բան լիներ, ընտրությունների արդյունքները լրիվ այլ կլինեին: Մենք ոչ մի խախտում չենք արել, աշխատել ենք շատ մաքուր, նույնիսկ մի անօրինական տեղ պաստառ չի փակցվել, եղել է մեկ կանգառում, այն էլ 15 րոպե հետո շտկել ենք, պարզապես մեր պաստառ փակցնողները չգիտեին, որ այդ կանգառում չի թույլատրվում փակցնել: Բացարձակ որեւէ օրենքի խախտում չի եղել, ճնշում չի եղել, ու Հայաստանի քաղաքացիները գիտեն՝ հեղափոխությունը եղել է հենց դրա համար, որ լինեն ազատ ընտրություններ, ու հեչ պարտադիր չէ, որ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն հաղթի, հաղթում է նա, ում քվեն ավելի շատ է, ում մարդիկ ավելի շատ են վստահում»:

Մեր հարցին, թե հաղթած թեկնածուին ինչի համար էին կապանցիներն այդքան վստահում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարծում եմ՝ որոշակի դեր խաղաց նաեւ այն, որ մինչեւ 12:00-ն ոստիկանությունը չաշխատեց, մինչեւ այդ ժամը բոլորը տեսան՝ ինչպես են մարդկանց ուղղորդում տեղամասեր, թե ինչպես են մինչեւ այդ ժամը կիսաքայլող պապիկներին ու տատիկներին նույն մեքենաներով բերում տեղամաս ու տանում. կար երկու թեկնածու, չեմ ուզում մի թեկնածուի վրա կենտրոնանալ, բայց, համենայնդեպս, մենք չէինք դա անում, թողնում եմ եզրակացությունները մնացածին, բայց լուրջ խախտումներ չեն եղել, ընտրակաշառք չի եղել»:

Մեր զրուցակցի խոսքով, հաղթած թեկնածուի ընտրության հարցում դերակատարում է ունեցել նաեւ նրա գործարար հոր գործոնը, որը մարզում բարերարություններ է արել. «Իրենք շատ լավ ընտանիք են, հայրը շատ լավ անձնավորություն է, շատերին է օգնել, խոշոր բիզնեսմեն է, մարզում ամենամեծ շինարարական տենդերները իրենք են կատարում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031