Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ին հիշեցրին, թե ինչպես էին Ղարաբաղի բարբառով ասում՝ 200 տարի պիտի մնան իշխանության ու բոլորը պիտի անցնեն Մելիք Ադամյան 2-ով

Հոկտեմբեր 22,2018 17:05

«Նախկին ընտրական համակարգը իրոք արատավոր է, այս օրենքը պետք է ընդունվի»,- այսօր ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:

Նա նշեց, որ իշխանությունները ժամանակ են կորցրել, պետք էր սրանից 2 ամիս առաջ ԸՕ-ն ընդունել, որ տեսակետ էլ չհնչեր, թե հապշտապ ընդունում են:

«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն ասաց, որ այո, խաղի կանոնները ընտրություններից առաջ փոխվում են, բայց ավելի ազատական ու ներառական մոտեցումներ են որդեգրում, հետագայում այն բողոքները, որ դա արագ ու հապճեպ է արվում, ստորադասվում է դրան:

Մարուքյանն ասաց, որ գործող ընտրական օրենսգրքին դեմ է նաեւ Երեւանի ավագանու ներկայիս ձեւավորված կազմի համար. «Ինձ դուր չի գալիս այդ կազմը՝ ուժերի դասավորվածությունը նկատի ունեմ: Կա 57 հոգանոց ֆրակցիա, կա 5 եւ 3 հոգանոց երկու այլ ընդդիմադիր ֆրակցիաներ: Հիմա ինչ, ուզում եք նույն բանը լինի խորհրդարանո՞ւմ»:

Նա ասաց, որ սա շանս է, նոր Հայաստանի շունչը կարող է հասնել բոլորին, ով կընտրվի՝ կընտրվի:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ իր ելույթում հիշեցրեց ՀՀԿ-ականներին, թե առաջ իրենք ինչեր էին ասում. «Չեմ ընդունում պարոն Աշոտյանի այն միտքը, որ մի քանի որ առաջ ասեց՝ կա քաղաքական ուժ, որ երեկ մի բան էին ասում, այսօր մի ուրիշ բան են ասում: Ես փառք եմ տալիս էս քաղաքական ուժին, որ երեկ մի բան էր ասում, այսօր՝ մի բան, բայց երբ դա ասում է այն ուժի ներկայացուցիչը, որն ասում էր՝ որեւէ քաղաքական գործիչ եթե ուզում է էս երկրում հաջողություն ունենա, Մելիք Ադամյանով պիտի անցնի, էդ մոռացե՞լ եք էս ամեն ինչը: Մոռացել եք, որ արդեն անեկդոտ էին սարքել, երբ ասում էին՝ լավ, մինչեւ ե՞րբ պետք է այս ամեն ինչը լինի, Ղարաբաղի բարբառով ասում էին՝ 200 տարի՝ էրկու հերյուր տարի»:

«Ելքի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ հիշեցրեց, որ ՀՀԿ-ն դեռ երկու ամսի առաջ փորձում էր համոզել, թե շատ էլ լավ խորհրդարան ունենք, բայց այսօր ԱԺ-ի պատկերը ցույց տվեց, թե ինչպիսի խորհրդարան ունենք ու այս ձեւով խորհրդարանը պատրաստվում էր մնալ, կարևոր օրենքներ ընդունել մինչեւ մայիս:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031