Խորհրդարանում «Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ «Ընտրական օրենսգրքի» կառավարության նախագծին դեմ լինելով՝ քաղաքական շահ չունեն, քանի որ եթե նախկինում ռեյտինգային ընտրակարգով ձայն հավաքած պատգամավորները ՀՀԿ-ին ահագին ձայներ էին բերում, հիմա այլեւս ՀՀԿ-ի հետ չեն համագործակցում այդ պատգամավորները:
«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն իր ելույթում հակադարձեց Արմեն Աշոտյանին՝ ասելով. «Քաղաքական շահ ունեն: ՀՀԿ-ն ցանկանում է ներկայացնել, որ պրոցեսը ժողովրդավարական չէ, ներառական չէ, հապշտապ է եւ շարունակելու է դա անել: Բայց այդպես չէ: Ամառվանից սկսած խմբակցությունները, այդ թվում՝ ՀՀԿ-ից, ակտիվ մասնակցել են քննարկումներին, առաջարկներ են ներկայացրել, այդ առաջարկները ներկայացվել են փաթեթով կառավարությանը, սակայն խնդիրն այն է,որ ՀՀԿ-ի առաջարկները պարզապես իրատեսական չեն եղել: Իրենք ուզում էին, որ բացի ընտրողների գրանցումը սարքով անելուց նաեւ քվեարկությունը սարքով տեղի ունենա, այսինքն, քվեաթերթիկի վրա նշումն արվի սարքի միջոցով: Կամ ուզում էին, որ քվեարկությունը լինի միայն նույնականացման քարտով, դա էլ իրատեսական չէր, դրա համար ռեսուրս էր պետք, ժամանակ եւ ֆինանս»:
Ըստ Լենա Նազարյանի, ՀՀԿ-ն նախօրոք այդպիսի ոչ իրատեսական առաջարկներ է ներկայացրել՝ շատ լավ իմանալով արձագանքը, որ հետո ասի՝մեր առաջարկները չընդունվեցին. «Հանձնաժողովում այս հարցի քննարկմանը 2 ՀՀԿ պատգամավոր է եղել ներկա, ոչ մի առաջարկ չի ներկայացվել: Հիմա պարոն Աշոտյանը խոսում է, որ ժողովրդավարական չի պրոցեսը, ոչ մի հնարավորություն չկա առաջարկ անելու եւ որեւէ առաջարկ չի ներկայացնում: Այն փաստարկները, թե ժամանակ է պետք է առաջարկներ ներկայացնելու համար, ընդամենը պատճառաբանություններ են, դրանց նպատակն այն է, որ ցույց տան, թե պրոցեսը ժողովրդավարական չի, հապշտապ է իրականացվում: Այդ ժամանակ կարող էին ներկայացնել հենց առաջարկները ներկայացնելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ