Լրահոս
Օրվա լրահոսը

Եղ. Խաչատրյանի սպանության գործով վկան խոստովանեց, որ իրեն ստիպել են սուտ ցուցմունք գրել

Հոկտեմբեր 22,2018 15:48

2016թ.-ին Նուբարաշենի խճուղում լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու` Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական դատական նիստում այսօր գործով վկաներից մեկը՝ միջադեպի մոտ գտնվող ավտոտեխսպասարկման կետի աշխատակից Դավիթ Գրիգորյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ իր տնօրենի՝ Հայկ Պետրոսյանի հորդորով սուտ ցուցմունք է տվել այն մասին, որ գործով մեղադրյալներից մեկը՝ Արտաշես Չիչոյանը, հարվածել է Եղիշե Խաչատրյանին: «Էրեբունու միլպետը, Ոստիկանության Էրեբունու բաժնի քննիչը, Հատուկ Քննչական ծառայության քննիչը տեղյակ են եղել այդ մասին: Գիշերով եկել-տարել են բաժին, ցուցմունք եմ տվել: Հայկին ասացի՝ «ես այդ տղաներին չեմ ճանաչում, բա որ հետո մի բան լինի», բայց նա պնդեց խնդրանքը»,-պատմեց Դավիթ Գրիգորյանը:

Ընդ որում, ինչպես նա նշեց, Հայկ Պետրոսյանի ցուցումով ինքը հանդես է եկել որպես «փակ վկա», այսինքն՝ նրա ինքնությունը չի բացահայտվել:

Գործով մեղադրող-դատախազը նրան հարցրեց՝ իրավապահներին հաղորդում տվե՞լ է այն մասին, որ իրեն ստիպել են ցուցմունք գրել: «Այո, բայց ոչ-ոք բանի տեղ չդրեց»,-պատասխանեց Դավիթը: Նրա խոսքով՝ նույն ցուցմունքը տվել է նաեւ ԱԱԾ-ում:

Հարցաքննությանը միջամտեց Դավիթ Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Արտավազդ Փարսադանյանը՝ դատարանին հայտնելով, որ սուտ ցուցմունք տալու փաստով քրեական գործ է հարուցված, ընթանում է նախաքննություն:

Դատավարության կողմերը հետաքրքրվեցին՝ ի՞նչն է պատճառը, որ Դավիթ Գրիգորյանը համաձայնել է սուտ ցուցմունքը կրկնել նաեւ ԱԱԾ-ում, փոխանակ հենց այդտեղ հայտներ իրականությունը: Գրիգորյանը, սակայն, այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ ասելով, որ «Հայկն է կրկին խնդրել-աղաչել»:

Ապա նա մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց, որ իր փաստաբան Փարսադանյանին ոչ թե ինքն է վարձել, այլ Հայկ Պետրոսյանը: Այս դեպքում էլ նա տրամաբանական պատասխան չտվեց, թե ինչու է «իրեն կրակը գցած» մարդուն թույլ տվել իր համար փաստաբան վարձել:

Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ հարվածներ հասցնելով կյանքից զրկելու համար մեղադրվում են երիտասարդներ Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Արթուր Զաքարյանը: Երիտասարդներն իրենց մեղավոր չեն ճանաչում, իսկ մահացած Եղիշե Խաչատրյանի մայր Էմմա Աբրահամյանը պնդում է՝ որդին արգելակել է եւ այդ կերպ խուսափել տղաներից մեկի մեքենային բախվելուց, սակայն վիճաբանության ժամանակ երիտասարդները ծեծելով սպանել են Եղիշե Խաչատրյանին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031