Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարության. ««Թեժ գիծ» ծառայությունը մեր քաղաքի զարկերակն է, որին պետք է հետևենք և իմանանք՝ ինչ խնդիրներով է ապրում մեր քաղաքը»

Հոկտեմբեր 22,2018 15:43

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությանը նախ իր գոհունակությունն է հայտնել բոլոր պատասխանատուներին՝  «Էրեբունի-Երևան» տոնակատարության 2800-ամյակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին մասնավորապես զեկուցվել է, որ  նախորդ շաբաթ մայրաքաղաքում շարունակվել է ամենօրյա հսկողությունը՝ բացօթյա ապօրինի առևտրի  և չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխման նպատակով: «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքները գնահատելով անբավարար՝ Հայկ Մարությանը նշել է, որ այս ուղղությամբ պետք է վերանայվի ընկերության աշխատանքների կազմակերպման մեխանիզմը և էլ ավելի խստացվի վերահսկողությունը:

Մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրված իրավախախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է խստացնել հսկողությունը և կիրառել խիստ վարչարարություն:

«Այս ոլորտում մենք նույնպես մեծ աշխատանք ունենք տանելու և ցանկալի արդյունքի համար ակնկալում եմ նաև ոստիկանության աջակցությունը: Հասարակությունը պետք է հստակ իմանա, որ այսուհետ մայրաքաղաքում չի լինելու ինքնակամ շինարարության որևէ դեպք, լինելու դեպքում էլ այն կանխվելու է տեղում և անմիջապես»,-նշել է քաղաքապետը:

Խորհրդակցությանը զեկուցվել է, որ քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված ընդհանուր օգտագործման գույքի, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների  վերանորոգման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Ավարտական փուլում են փողոցների և բակերի ընթացիկ տարվա ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել  աշխատանքների որակն ու կատարման ժամանակացույցը;

Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 326 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 241-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 85 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 92 հեռախոսազանգ, որոնցից 54-ին լուծում է տրվել, իսկ 38-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: Քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ այսուհետ անձամբ է հետևելու քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների արձագանքման ընթացքին:

«Այսուհետ ես անձամբ հետևելու եմ նաև այս աշխատանքներին և ստացված տեղեկատվությանը, թե ինչպես ենք մենք արձագանքում մեր բնակիչների խնդիրներին: «Թեժ գիծ» ծառայությունը մեր քաղաքի զարկերակն է, որին պետք է հետևենք և իմանանք՝ ինչ խնդիրներով է ապրում մեր քաղաքը»,-նշել է Հայկ Մարությանը:

Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին, աշխատակազմի համապատասխան վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում տարվող աշխատանքներին զուգահեռ նախապատրաստական աշխատանքներն իրականացնել նաև  քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մարզական, մշակութային և առողջապահական հաստատություններում՝ կենսաապահովման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031