Այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ներկայացրեց երեք նորանշանակ պաշտոնյաների:
Ղուկասյանի մարզպետ նշանակվելուց հետո, փոխմարզպետի պաշտոնը թափուր էր: Սակայն, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այն այսուհետ կզբաղեցնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արշակ Հովսեփյանը: Նա մինչ փոխմարզպետի պաշտոնը զբաղեցնելն աշխատում էր, որպես «Իդեալ» խանութ-սրահի տնօրեն:
Թափուր էր նաեւ Լոռու մարզպետի խորհրդականի պաշտոնը, որն այսուհետ կզբաղեցնի՝ ձեռներեց, անկուսակցական Լեւոն Տեր-Սիմոնյանը:
Իսկ Գայանե Սարգսյանը նշանակվել է մարզպետի օգնական: Գայանեն մասնագիտությամբ լրագրող է: Իսկ Ղուկասյանի օգնականի պաշտոնը զբաղեցնում էր նաեւ նրա փոխմարզպետ եղած ժամանակ:
Շրջանառվող լուրերի համաձայն, մարզպետարանում դեռեւս կշարունակվեն կադրային փոփոխությունները:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ