Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը դպրոցական դասագրքերի մասին «Տեսակետ» ակումբում խոսելիս, ասաց, որ հաճախ իր բառերով` հեկտարներով տեքստերի ես հանդիպում. «Հեղինակի անուն չտամ, բայց նույն տեքստը հեղինակը տպագրում է որպես հոդված, հետո տպագրում է «Քրիստոնյա Հայաստան» թերթում, հետո որպես մենագրություն, հետո էլ նույն տեքստը նույնությամբ տեղափոխում է դասագիրք, որովհետեւ հենց ինքն է գրականության դասագրքի հեղինակը»:
Նա ասաց նաեւ, որ տարրական դասարանների համար նախատեսված դասագրքերում նույնպես կան տարբեր բնույթի խնդիրներ, օրինակ` նորարարության բացակայությունը, ուսուցչին ներքաշելու, հարցերը, պահանջները ավելի ինտերակտիվ չդարձնելը:
Մանրամասն` տեսանյութում
Գրաքննադատը փաստեց, որ մայրենիի եւ բարձր դասարանի գրականության գրքերում անհրաժեշտ են բովանդակային փոփոխություններ. «Խոսքը չի վերաբերվում միայն ժամանակակից հայ հեղինակներին, վերաբերվում է նաեւ մեր դասականների տեքստերը վերանայելուն, որովհետեւ այնպես է ստացվել, որ արդեն 15-20 սերունդ Վահան Տերյանի, Թումանյանի, Մեծարենցի ու Չարենցի մասին ունի կաղապարված պատկերացում»:
Մանրամասն` տեսանյութում
Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ վերջին տարիներին աշխատանք է տարվում, որպեսզի երեխաների համար Հայաստանում ստեղծվի գրականություն. «Կան մանկագիրներ, որոնք շատ են գրում մանուկների եւ պատանիների համար: Այլ հարց է, որ դա տարիներ շարունակ եղել է մի ոլորտ, որը եթե չասեմ մենաշնորհային դիրք է ունեցել, բայց ցավոք նույն անուններն անընդհատ կրկնվել են, ու հասել ենք այն վիճակին, որ ծերացրել ենք մանկագրությամբ զբաղվողների տարիքը ու նոր հեղինակներին շանս չի տրվել մտնել ոլորտ»:
Նա շեշտեց, որ մանկական գրականությունը Հայաստանում ամենավաճառվողն է եւ համեմատաբար եկամտաբերը: Նրա խոսքերով, արդեն ծնողների ինքնագիտակցությունն այնքան բարձր է, որ ամեն հիմար գիրք չեն գնի:
Մանրամասն` տեսանյութում
Արքմենիկ Նիկողոսյանը հիշում է, որ 2002-ից պետությունը սուբսիդավորել է մանկական գրականությունը, բայց այդ տարիներին տպագրված գրքերից քչերն են եղել գունավոր ու որակյալ թղթի վրա տպագրված: Նրա ձեւակերպմամբ գումարները, կարելի է ասել` պարզապես վատնվել են:
Նրա համոզմամբ, բնական է, որ մանկական գրքերը թանկ արժեն. «Երբ ծնողները գնում են երեխայի համար կաթ առնելու, ընտրում են էկոլոգիապես մաքուրը, որակյալը, թարմը, բայց երբ հարցը հասնում է գրքին, նախընտրում են էժանը: Իսկ մանկական գիրքը չպետք է էժան լինի: Էժանությունն իր հետ բերում է բազմաթիվ վտանգներ: Դա միայն բովանդակայինը չէ, նկարազարդումը չէ, էժան գրքերը տպագրում են էկոլոգիապես ոչ նորմալ թղթի վրա, ոչ ճիշտ տառերով ու տողերի ոչ ճիշտ հեռավորությամբ»:
Արքմենիկ Նիկողոսյանը նաեւ նշեց, որ հաճախ «դրսի» հեղինակային իրավունքը ձեռք բերելն ավելի էժան է նստում, քան Հայաստանում մանկական գրքի նկարազարդում պատվիրելը: Նաեւ մի քանի գրողի անուն տվեց, որոնք երեխաների համար էլ են սկսել գրել, ինչպես օրինակ՝ Գրիգը, Էլֆիք Զոհրաբյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ