Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Սարգսյանը «Եվրասիական շաբաթ»-ում խոստացան ԵՏՄ-ում աշխատելու խոչընդոտները վերացնել

Հոկտեմբեր 22,2018 15:19

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս «Եվրասիական շաբաթ» համաժողովի անցկացմանը Հայաստանում։ Այսօր Երեւանում կազմակերպված «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի, որն ուղեկցվում է ցուցահանդեսով, բացման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով, այս փուլում Հայաստանում տեղի է ունենում «քաղաքական ու տնտեսական համակարգի խորը տրանսֆորմացիա, ձեւավորվում է արդիական քաղաքական ու տնտեսական օրակարգ»։

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ համաժողովում հնարավորություն կլինի քննարկել ԵՏՄ անդամ երկրների գործարար շրջանակներին անհանգստացնող խոչընդոտները, որոնք դեռ գոյություն ունեն եվրասիական շուկայում եւ մշակել իրական միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ։

«Ակնհայտ է, որ այն մեծ մասամբ ձեւավորվում է նաեւ հաշվի առնելով ԵՏՄ ինտեգրացիան ներուժը։ Այս համատեքստում կարծում եմ, որ համաժողովը լավ հարթակ է ինտեգրացիոն գործընթացի միջանկյալ արդյունքներն ամփոփելու համար, հատկապես Միությունում Հայաստանի նախագահության նախօրեին»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ արդեն սկսել են քննարկել այն հարցերը, որոնք ԵՏՄ–ում ՀՀ–ի նախագահության ժամանակ մտադիր են առաջարկել որպես առաջնահերթություններ։

«Ուրախալի է, որ համաժողովին այսօր մասնակցում են ավելի քան 300 հայկական ձեռնարկություններ, որոնք պատրաստ են եվրասիական գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությանը, ներդրումների ներգրավմանը եւ գործընկերային փոխգործակցության հաստատմանը»,–ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Եվրասիական շաբաթ 2018» ֆորումին մասնակցում է աշխարհի ավելի քան 25 երկրի 2500-ից ավելի ներկայացուցիչ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ասաց, որ կարեւորվելու է կոոպերացիայի զարգացումն ու տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցությունը. «Պետք է նշել, որ կոոպերացիաների համատեղ գործունեությունը հանդիսանում է բոլոր ինտեգրացիոն գործընթացների հիմնական ուղղությունը: Մրցակցությունը լավագույնս ներկայացնում են Ավստրալիան և Նոր Զելանդիան, որոնք հանդես են գալիս որպես սուր մրցակիցներ անասնաբուծության ոլորտում, իսկ այսօր արդեն ունեն համատեղ արտահանման ռազմավարություն, այն ինչը մենք չունենք»:

Տիգրան Սարգսյանի խոսքով` Եվրասիական շաբաթվա շրջանակներում քննարկվելու են ոսկերչությանը, խելացի քաղաքների տեխնոլոգիաներին , շինարարությանը, ապրանքների թվային հետեւելիությանը, եւ այլ հարցեր:

Նշենք, որ համաժողովի շրջանակներում տեղի ունեցող մի շարք քննարկումներ, որոնց մասնակցում էին նաեւ մեր կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ընթանում են փակ դռների հետեւում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031