«Իններորդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը «Տեսակետ» ակումբում հոկտեմբերի 22-ին հայտարարեց, որ տարրական դպրոցի դասարանների մայրենիի դասագրքերը լավագույնն են եղել եւ մնում, ապա թվարկեց այդ դասագրքերի արժանիքները. «Իրենց բազմազանությամբ, բովանդակությամբ, պոլիգրաֆիական մակարդակով, գաղափարաբանությամբ, հեղինակների ընդգրկմամբ, հետաքրքրաշարժությամբ, հայրենասիրությամբ եւ հումորով են դասագրքերը աչքի ընկնում: Ու ցավոք այդ դասագրքերի մասին երբեմն կարծիք են հայտնում մարդիկ, որոնք բացարձակապես չեն պատկերացնում, թե ինչ է դասագիրքը: Մարդկանց թվում է, թե դասագիրք քննադատելը հեշտ է»:
Մանրամասները` տեսանյութում
Խոսելով իրենց դասագրքաստեղծ խմբի մասին, պարոն Սարգսյանն ասաց, որ այն կազմված է գրողից, որը ինքն է, հեղինակների ցանկում են Հայաստանի լավագույն մեթոդիստը, մանկական հոգեբանը, մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչը, գործող ուսուցիչներ: «Դասագրքում որեւէ տառ, բառ մտցնելուց առաջ, ամեն ինչ քննարկում ենք բազմիցս»,-ասաց Վաչագան Սարգսյանը: Նա նշեց, որ հաճախ կարծրացած մտածողությամբ որոշ ուսուցիչներ չեն ընկալում դասագրքերում արտահայտված ազատ գաղափարները:
«Եթե, օրինակ` ներկայացնում ենք «Ոչ մի բանից մարդուկը» պատմվածքը, մարդիկ զարմանում են` ոչ մի բանից մարդուկ ո՞նց կարող է լինել»,-իր հերթին ուսուցիչների վրա զարմանում է գրողը:
Մանրամասները` տեսանյութում
Քանի որ հոկտեմբերի 22-ը Դպրոցական գրականության միջազգային օրն է, Վաչագան Սարգսյանն անդրադարձավ նաեւ երեխաների համար ստեղծվող գրականությանը: Ասաց, որ հաճախ որոշ մանկագիրներ գրում են ոչ թե երեխաների, այլ` իրենց համար: Փաստեց նաեւ, որ ամենաերիտասարդ մանկագիրը Սուրեն Մուրադյանն է, որի տարիքը մոտենում է 100-ին: Նա նեղսրտեց, որ չկան 6-9 տարեկանների համար գրողներ, որպեսզի իրենք էլ այդ ստեղծագործությունները զետեղեն դպրոցական դասագրքերում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ